ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆիյոն, Լը Պեն, Ամոն. ֆրանսիայի գալիք ընտրությունների երեք թեկնածուները

The Irish Times

Ինչպես հայտնի է, հունվարի 29-ին Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից Բենուա Ամոնը երկրորդ փուլով հաղթանակ տարավ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի նկատմամբ, և հիմա արդեն հստակ հայտնի են  Ֆրանսիայի երեք հիմնական կուսակցությունների թեկնածուները, ովքեր մասնակցում են այս տարվա նախագահական ընտրություններին:

«Արմեդիա» ՏՎԳ-ն ուսումնասիրել է երեք թեկնածուների տեսակետներն ու գաղափարները՝ ինչպես Ֆրանսիայի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանն առնչվող, և ահա ստորև ներկայացնում ենք  Հանրապետական ​​կուսակցությունից Ֆրանսուա Ֆիյոնի, Ազգային ճակատ կուսակցությունից Մարին Լը Պենի և Սոցիալիստական ​​կուսակցությունից Բենուա Ամոնի գաղափարների համեմատական ​​վերլուծությունը:

ՖՐԱՆՍՈՒԱ ՖԻՅՈՆ 

 Ներքին քաղաքականություն 

Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆիյոնն արդեն բազմիցս ներկայացվել է որպես «լիբերալ բարեփոխիչ»: Պաշտպանելով երկրում բյուջեի դեֆիցիտի վերահսկման քաղաքականությունը՝ նա առաջին հերթին վերացնելու է շքեղության հարկը, որն, ըստ նրա, երկրի այդքան մեծ պարտքի պատճառներից մեկն է, քանի որ խոշոր օտարերկրյա ներդրողներ դրանից խուսափում են: Բացի այդ, շքեղության հսկայական հարկը  Ֆրանսիայից բազմաթիվ հայտնի գործարարների և աստղերի արտագաղթի պատճառ է դարձել:

Որպես նախագահի թեկնածու՝ Ֆիյոնի նպատակն է նվազեցնել հասարակական սեկտորի դերն ու կրճատել շուրջ 500.000 քաղաքացիական ծառայողի:

Չնայած որպես պատգամավոր Ֆիյոնը դեմ է քվեարկել միասեռ ամուսնության 2013 թ.-ի օրինականացման նախագծին, այնուամենայնիվ, նախագահ ընտրվելու դեպքում, նա խոստացել է օրինականացնել միասեռականների ամուսնությունը:

Բացի այդ, Ֆիյոնը հայտարարել է, որ ինքն անձամբ դեմ է հղիության արհեստական ​​ընդհատմանը, սակայն չի արգելի այն՝ որպես Ֆրանսիայի նախագահ:

Ներգաղթ 

Ըստ Ֆիյոնի մանիֆեստի՝ ներգաղթը պետք է կախված լինի Ֆրանսիայի՝ ավելի շատ մարդկանց ընդունելու և նրանց հաջողությամբ ինտեգրելու կարողությունից: Ֆիյոնը ցանկանում է ամենամյա ներգաղթային քվոտաներ սահմանել՝ երկրի զբաղվածության մակարդակի, բնակարանային իրավիճակի և այլ սոցիալական գործոնների հիման վրա:

Ֆիյոնը նաև ցանկանում է դադարեցնել սոցիալական նպաստի տրամադրումը բոլոր այն ներգաղթյալներին, ովքեր երկու տարուց պակաս են ապրել Ֆրանսիայում: Նրա միգրացիոն քաղաքականությունը քննադատության է արժանացել ձախակողմյան մրցակիցների կողմից, ովքեր պնդում են, որ դա կխորացնի ֆրանսիական հասարակության մասնատումը:

«Ֆրանսիան առատաձեռն երկիր է, բայց մեր տարածքներն անսահմանափակ չեն: Ամեն ազգ իրավունք ունի ընտրելու, թե ով կարող է միանալ իրեն և առավել ևս իրավունք ունի պնդելու, որ միացողն ընդունի իր կանոններն ու սովորույթները», - հայտարարել է Ֆիյոնը:

«Մենք ունենք վեց միլիոն գործազուրկ և շուրջ ինը միլիոն աղքատ մարդ: Ներգաղթը պետք է խստագույնս վերահսկվի և հասցվի նվազագույնի», - ավելացրել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:

Եվրամիություն

Մի կողմից, ինչպես «վայել է» Ֆրանսիայի ցանկացած առաջնորդի, Ֆիյոնն ընդունում է խիստ ինքնիշխան կեցվածք՝ ցանկանալով կրճատել Եվրոպական հանձնաժողովի լիազորություններն ու միջամտությունները «որոշակի ոլորտներում»:

Միևնույն ժամանակ նա առաջարկում է շատ չշեղվել Եվրոպական ընդհանուր ուղեգծից և ցանկանում է պատկանել այն ընդհանուր ճակատագրին, որը կիսում է այսօր Եվրոպական միությունը:

«Մենք (խմբ. ԵՄ-ն) երբեք չենք դառնա դաշնային պետություն: Մենք պարզապես շատ տարբեր ենք դրա համար: Եվ, ի դեպ, դա կլինի պատմական սխալ, քանի որ չափազանց սերտ կապերը պետությունների միջև կարող են հանգեցնել էլ ավելի ագրեսիվ ազգայնականության», - նշել է Ֆիյոնը:

Ռուսաստան 

Թերևս ամենամեծ տարբերությունը Ֆիյոնի և մյուս թեկնածուների միջև, նրա դիրքորոշումն է Ռուսաստանի, և մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Իր մանիֆեստում Ֆիյոնն առաջարկել է «ԵՄ-Ռուսաստան նոր առևտրային գործընկերություն» և  խիստ դեմ է ԵՄ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանած տնտեսական սանկցիաներին, որոնո «հակասում են Ֆրանսիայի տնտեսական շահերին»:

Ֆիյոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է հնարավորինս «մղել դեպի Եվրոպա, այլապես Մոսկվան կհամագործակցի Չինաստանի հետ՝ ի վնաս եվրոպական մայրցամաքի»:

Հանրապետականն արդեն բազմիցս ներկայացվել է որպես Պուտինի մոտ բարեկամ, ջերմ ընկեր,  թեև ինքն անձամբ մերժում է նմանատիպ նկարագրությունները՝ ասելով, որ դրանք խիստ չափազանցված են և իրականությունից շատ հեռու:

ԱՄՆ 

Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց անմիջապես հետո Ֆրանսուա Ֆիյոնը հստակ հայտարարեց, որ Եվրոպան պետք է արագ կերպով մեծացնի իր ռազմական ծախսերն ու ուժեղացնի զգոնությունը, ինչին միանշանակ համաձայնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆ

Ներքին քաղաքականություն 

Ի տարբերություն ազատ առևտրի ջատագովների՝ Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հովանավորչության (պրոտեկցիոնիզմի) մոլի կողմնակից է: Նա համարում է, որ իր դիրքորոշումը ծայրահեղ չէ, ինչպես պնդում են աջ ընդդիմախոսները, այլ այն ոսկե միջինն է, որ պետք է լինի տնտեսության մեջ:

Մարին Լը Պենը դատապարտում է ներկայումս գործող կորպորատիվ հարկը՝ որպես «ճչացող անարդարության»: Նա պնդում է, որ խոշոր ձեռնարկությունները վճարում են կորպորատիվ հարկի միայն 8%-ն, մինչդեռ փոքր և միջին ձեռնարկությունները, արհեստավորներն ու խանութպաններն ամբողջությամբ վճարում են 33.33%-ը: Նա կողմնակից է ճկուն կորպորատիվ հարկի ներմուծմանը` կախված տարբեր գործոններից:

Ներգաղթ

Լը Պենը կողմ է արմատական ​​փոփոխությանը միգրացիոն քաղաքականության մեջ՝ ուղղված ապօրինի ներգաղթյալների ներհոսքի կտրուկ նվազեցմանը:

Նա դատապարտում է «ԵՄ-ի ողբերգական անկարողությունն՝ արձագանքելու նոր միգրացիոն մարտահրավերներին» և այն, որ «ԵՄ-ն ի վիճակի չէ դիմակայել արտակարգ իրավիճակներին և արդյունավետորեն վերահսկել միգրացիոն հոսքերը»:

«Եվրոպան չի կարող ողջունել բոլորին: Իհարկե, լավ կլիներ, եթե կարողանայինք բոլոր միգրանտներին վերցնել մեր նավակը, բայց դա այդքան էլ մեծ ու տարողունակ չէ: Մենք բոլորս կխորտակվենք այդպիսով: Նման կերպ մի թշվառությանը մյուսը կավելացնենք»:

ԵՄ 

Մարին Լը Պենը դեմ է «ուղղակի եվրոպական հարկի» հաստատմանը, որն առաջարկվում է Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների կողմից: Նա պնդում է, որ անուղղակի եվրոպական հարկն արդեն գոյություն ունի, քանի որ Ֆրանսիան իր բյուջեից մինչև 7 միլիարդ եվրոյի տարեկան ներդրում է անում ԵՄ-ում:

Ըստ նրա՝ Լիսաբոնի պայմանագիրը «Եվրոպական երկրների ինքնության և անկախության գլխավոր գերեզմանափորն է»:

Բացի այդ, ազգայնական առաջնորդը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, և նախընտրում է «արտոնյալ գործընկերության» տարբերակը: Մարին Լը Պենը դեմ է նաև Ուկրաինայի անդամակցությանը Եվրոպական միությանը՝ աջակցելով միայն երկրի ասոցիացման կարգավիճակին:

Լը Պենը հանդիսանում է եվրոյի հակառակորդ և առաջարկում է հրաժարվել ԵՄ միասնական արժույթից՝ վերադարձնելով նախկին ֆրանկը:

Մեջբերելով Եվրոստատի տարեկան միջին տնտեսական տվյալները՝ նա նշում է, որ «եվրոպական երկրները, որոնք չեն մտնում Եվրոյի գոտում, ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան եվրագոտու ցանկացած անդամ-պետություն:»

Ուշագրավ է, որ Լը Պենը, չսահմանափակվելով Ֆրանսիայով, Եվրոյի գոտուց դուրս գալու և ազգային արժույթի վերականգնման կոչեր է արել նաև այլ եվրոպական երկրների (Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բելգիա և այլն):

Ռուսաստան 

Լը Պենը մշտապես կոչ է անում Ռուսաստանի հետ հաստատել  արտոնյալ գործընկերություն: Նա պնդում է, որ ֆրանս-ռուսական գործընկերությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով «ակնհայտ քաղաքակրթական և ռազմավարական մի շարք գործոններ», ինչպես նաև Ֆրանսիայի «էներգետիկ անվտանգության շահերը»:

Նա պնդում է, որ «Ռուսաստանի վարկաբեկման գործընթացը տեղի է ունենում ԵՄ-ի ղեկավարության մակարդակով և ԱՄՆ-ի ցանկությամբ, որը փորձում է ստեղծել միաբևեռ աշխարհ»:

«Մենք Ֆրանսիայում իդեալական ժողովրդավարություն չունենք, հետևաբար, իրավունք չունենք ժողովրդավարության դասեր տալու Ռուսաստանին:  Պետք է բացահայտ խոստովանեմ, որ ես ինչ-որ չափով հիանում եմ Վլադիմիր Պուտինով: Նա սխալներ է անում, բայց ո՞վ է զերծ դրանցից: Իրավիճակը Ռուսաստանում բարդ է, և ոչ ոք չէր էլ կարող ակնկալել, որ բոլոր խնդիրներն անմիջապես կլուծվեին Խորհրդային միության փլուզումից հետո: Դրանք ժամանակ են պահանջում: Ես կարծում եմ, որ Պուտինն ունի հստակ սկզբունքներ և ապագայի կոնկրետ տեսլական, որոնք կապահովեն Ռուսաստանի բարգավաճումը»,- նշել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդը:

Մարին Լը Պենի խոսքերով՝ «Եվրոպական երկրները պետք է դիմեն դիվանագիտական միջոցների տարբեր սպառնալիքների փոխարեն, որոնք կարող են հանգեցնել միայն հարաբերությունների սրման և վատթարացման»:

ԱՄՆ 

«Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ում ուղի է հարթել 2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քաղաքական հեղափոխության համար, որը կվերաձևավորի համաշխարհային կարգը», - հայտարարել է Լը Պենը, և ավելացրել, որ Թրամփի հաղթանակն ընտրություններում հնարավոր է դարձրել այն, ինչը նախկինում ներկայացվել է որպես անհնար:

Ըստ Լը Պենի՝ ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը լրացուցիչ հիմնաքար է նորակառույց այն շենքում, որին վիճակված է փոխարինել հին աշխարհը նորով:

Թրամփի ընտրությունը «ժողովրդի հաղթանակն էր էլիտայի դեմ», - հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը:

ԲԵՆՈւԱ ԱՄՈՆ

Ներքին  քաղաքականություն 

Սոցիալիստական ​​կուսակցությունից առաջադրված Բենուա Ամոնը ցանկանում է հիմնական եկամուտ ապահովել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների համար, ինչպես նաև աջակցում է 35-ժամյա աշխատանքային շաբաթվան, և նույնիսկ ավելի քչին, եթե աշխատողը դրա դիմաց պատրաստ է պետական ​​փոխհատուցման: Սոցիալիստը նաև աջակցում է մարիխուանայի օրինականացմանն ու էֆթանազիային:

Ամոնը քննադատում է նեոլիբերալների «անսահման տնտեսական աճի առասպելը», որն, ըստ նրա, «ոչնչացնում է մոլորակը»: «Մեր արտադրման և սպառման ձևերը փոխելու խիստ հրատապություն կա: Մենք կարող ենք բանակցել բանկիրների հետ, բայց մենք չենք կարող բանակցել Երկիր մոլորակի հետ», - հայտարարել է Ամոնը:

Ինչևէ, Ֆրանսիայի կրթության նախկին նախարարի նախագծերը մի շարք մեկնաբանների կողմից դիտվել են որպես ծայրահեղ ուտոպիստական, որն իրականությունից դուրս է և անհնար ի կատար ածել:

Ներգաղթ 

Բենուա Ամոնն ունի շատ ավելի դրական վերաբերմունք փախստականների հանդեպ, քան Ֆրանսիայի  2017թ.-ի նախագահական ընտրությունների մյուս բոլոր թեկնածուները: Ամոնը բազմիցս կողմ է արտահայտվել ներգաղթյալների ընդունմանը, կեցության և սննդի ապահովմանը, սոցիալական նպաստի տրամադրմանը և այլն: Նա չի դադարում նշել, որ ներգաղթն ու ծայրահեղականությունը, միգրանտներն ու իսլամիստները բացարձակ միմյանց հետ կապ չունեն:

Ռուսաստան 

Ի տարբերություն մյուս թեկնածուների՝ Բենուա Ամոնը քննադատում է ռուսական ղեկավարության արտաքին քաղաքականությունը՝ այն անվանելով «ագրեսիվ իմպերիալիզմ» : Մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակին Ռուսաստանի մասնակցությունը Ամոնն անվանել է «վերջին տասնամյակների ամենամեծ մարդասիրական դրաման»):

Սոցիալիստների թեկնածուն կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը, որոշ դեպքերում՝ դրանց առավել խստացմանը:

ԵՄ

Ամոնը մյուս երկու թեկնածուների համեմատ ամենաբարիդրացիական վերաբերմունքն ունի Եվրոպական միության հանդեպ: Ի տարբերություն Լը Պենի եվրահոռետեսության և Ֆիյոնի երկակի վերաբերմունքի, Բենուա Ամոնն ընդգծված եվրաֆիլ է, ով աջակցում է ԵՄ բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին՝ կոչ անելով անդամ-պետություններին լինել միասնական և չդավաճանել Եվրոպական ընտանիքի սկզբունքներն ու արժեքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: