ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմերը մշտապես կարևորել են հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության հաստատումն ու ամրապնդումը

The NGO Academy

Հանրությունների միջև երկխոսությունը, վստահության մթնոլորտի ստեղծումը մշտապես դիտվել են հակամարտությունների կարգավորման կարևորագույն բաղադրիչներից: Այս առումով Ղարաբաղյան հակամարտությունը բացառություն չէ, սակայն կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ժողովրդական դիվանագիտությունը կամ Track 2-ը (քաղաքացիական հասարակությունների միջև շփումը) մշտապես դիտել է որպես մարտահրավեր, որը «հարված է» հասցնում պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող ատելության քարոզչությանը: Չէ՞ որ հանրությունների միջև շփումները կոտրում էին և կկոտրեին Ադրբեջանի հասարակության մեջ ձևավորված միֆը՝ ցույց տալով, թե որտեղ են հակամարտության կարգավորմանը խոչընդոտող խնդիրները, և որ կողմն է իրականում ապակառուցողական դիրքերից հանդես գալիս:

 Հանրությունների միջև շփումներին խոչընդոտելու առաջին մեծ ալիքը Ադրբեջանի իշխանությունները սկսեցին դեռևս մի քանի տարի առաջ, երբ խաղաղաշինական նախաձեռնություններ իրականացնելու և հայերի հետ կապ ունենալու պատճառով ձերբակալվեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ:

Ադրբեջանում ՀԿ-ների, դրամաշնորհների ստացման մասին օրենքներում մի շարք փոփոխություններ մտցնելը, որը նպատակ է հետապնդում մեծացնել պետության վերահսկողությունը ՀԿ-ների և նրանց գործունեության նկատմամբ, դարձավ հանրությունների միջև շփումների երկրորդ մեծ խոչընդոտը: Բավական է միայն նշել, որ Ադրբեջանում որևէ ՀԿ-ի դրամաշնորհ տալու համար արտասահմանյան դոնորը պետք է կառավարության հետ կնքի համաձայնագիր, ինչպես նաև բացի իր ներկայացուցչությունն Ադրբեջանում, իսկ դրամաշնորհ տալու համար ամեն անգամ պետք է ֆինանսների նախարարությունից տվյալ ծրագիրն իրագործելու իրատեսության մասին եզրակացություն ստանա:

ՀԿ-ների գործունեության վերահսկման, արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակման և հայերի հետ բոլոր տիպի առնչությունների շրջանակի նեղացման տրամաբանական շարունակությունը դարձավ Բաքվում «Հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հասնելու» հարթակի ստեղծումը, ինչն, իբրև թե, նպատակ է հետապնդում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բերել դրական նպաստ: Այնուամենայնիվ, պլատֆորմի ստեղծմանը ներգրավված անձանցից և հռչակված նպատակներից արդեն իսկ պարզ էր, որ այն լոկ ժողովրդական դիվանագիտության իմիտացիա է և խեղաթյուրում ու արատավորում է իրական  Track 2-ի էությունը: Ավելին, պլատֆորմը ոչ միայն նպատակ չի հետապնդում խթանել հանրությունների միջև երկխոսությունը, այլև հավակնում է խոչընդոտել նման ֆորմատով հետագա համագործակցությանը և ստեղծում է վտանգ, որ այլ հարթակներով հայերի հետ համագործակցողները կսկսեն ընկալվել որպես դավաճաններ և կենթարկվեն հալածանքների:

Ահա ադրբեջանական կողմը հանդես է գալիս նման ապակառուցողական կեցվածքով՝ խոչընդոտելով հանրությունների միջև երկխոսությանն այն դեպքում, երբ թե´ միջազգային հանրությունը, թե´ հայկական կողմերը բարձրաձայնում են, որ առանց հասարակությունների միջև վստահության, անհնար է խոսել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մասին: ՀՀ կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, հանրությունների միջև շփումների կարևորությունը մշտապես ընդգծվել է ՀՀ նախագահի խոսքում: Ասվածի վառ ապացույցն են, օրինակ, Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»:

Բաքվի պլատֆորմի ստեղծմանն էլ ի պատասխան հայկական կողմերը չեն դիմում համարժեք քայլի՝ գիտակցելով ժողովրդական դիվանագիտությանը ևս մեկ հարված չհասցնելու  և այն վերջնականապես չարժեզրկելու կարևորությունը: Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցերին բավականին խորությամբ ծանոթ միջազգային փորձագետ Թոմաս դե Վաալը իր հարցազրույցերից մեկում նշեց, որ Բաքվի պլատֆորմը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: «Ես ողջունում եմ ժողովրդական դիվանագիտությունն ընդհանրապես և կարծում եմ, որ նման շփումների սղությունը թուլացնում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը», - ասել է դե Վաալը՝ հավելելով. «Բաքվի պլատֆորմի տեքստին և Բաքվում այն ստորագրած հայերի մասին տեղեկատվությանը ծանոթանալուց հետո կարող եմ միայն ափսոսանքով ասել, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»: Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերությունը» (EPNK) ռեալ երկխոսության միակ հարթակն է այսօր հանդիսանում:

Ինչ վերաբերում է Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ապա վերջերս «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում կատարվեցին փոփոխություններ՝ ՀԿ-ների պետական գրանցման վարչարարության պարզեցում, կամավորության ներգրավման, հաշվետվողականության ինստիտուտի հստակեցում, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն և այլն: Նման փոփոխությունները, տարբեր ընթացակարգերի պարզեցումը և ՀԿ-երի գործունեության դաշտի ընդլայնումը ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում  կարևորվում է քաղհասարակության դերն ու նշանակությունը, և որևէ խոչընդոտ պետության կողմից այլ երկրների հասարակությունների, քաղհասարակության կազմակերպությունների,  այդ թվում՝ ադրբեջանցիների հետ շփումներում, չի կարող ստեղծվել:

Ամփոփելով՝ պետք է փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր կլինի գրանցել էական առաջընթաց, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումներն Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ կողմերի միջև, քանզի անցանկալի հետևանքներից խուսափելու միակ տարբերակը փոխվստահության կառուցումն ու ամրապնդումն է: Ցավոք, սակայն, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են երիտասարդությանը դաստիարակել հայատյացության ոգով, իսկ Track 2-ի ուղղությամբ իրականացվող թվացյալ «կառուցողական» քայլերը պարզապես իմիտացիա են, ինչը փորձ է վերջնականապես վերացնել անկաշկանդ և անկեղծ շփումների հնարավորությունները, և անգամ այդ երկխոսությունը ծառայեցնել քարոզչամեքենաներին:

 

 


 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: