ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական զենքի վաճառքը Բաքվին. գործոններ, որ պետք է հաշվի առնել

Ապրիլյան պատերազմից հետո հանրային շրջանակներում առավել ակտիվացան քննարկումները Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքների վերաբերյալ: Ռուսական կողմից հնչող «արդարացումները» թերևս ամփոփվում են հետևյալ առանցքային թեզերի ներքո՝ «միայն բիզնես և ոչինչ ավելին», «եթե Ռուսաստանը չվաճառի, այլ երկրներ կվաճառեն» և այլն:

Ըստ էության, այս թեզերը բավական ընկալելի կլինեին, եթե դա վերաբերեր որևէ երրորդ երկրի, սակայն Ադրբեջանի պարագայում, որը բացահայտ Հայաստանին համարում է իր թիվ մեկ թշնամին, այդ հիմնավորումներն այդքան էլ համոզիչ չեն:

Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկայի վաճառքի մասին խոսելիս չպետք է մոռանալ մի քանի կարևոր գործոնների մասին.

  1. Ռուսաստանից տարբեր տիպի զինատեսակների ձեռքբերումն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ընկալում է նաև որպես այդ զինատեսակների կիրառման թույլտվություն Մոսկվայի դաշնակից Հայաստանի նկատմամբ: Ըստ էության, որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ում դեմ է զինվում Բաքուն և ով է լինելու ձեռք բերվող զենքերի հնարավոր թիրախը:
  2. Ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների արդյունքում Բաքուն երբեմն ձեռք է բերում այնպիսի զինատեսակներ, որոնց համարժեք զինատեսակներ՝ թե´ տեխնիկական պարամետրերի, թե՛ խոցման ուժի առումով, ոչ բոլոր երկրներն են արտադրում, առավել ևս՝ վաճառում երրորդ երկրների: Ըստ էության, նրանք, ովքեր առաջ են տանում այն թեզը, որ  եթե Ադրբեջանը զենքը Ռուսաստանից չգնի, կգնի մեկ այլ երկրից, այդքան էլ օբյեկտիվ չեն:
  3. Մոսկվայի և Բաքվի գործարքներն ունեն նաև հոգեբանական բաղկացուցիչ: Երբ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքով, դա, իհարկե, չի կարող հետք չթողնել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ նրա ընկալումներում: Թերևս, ինչ-որ առումով, նաև սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրային որոշ շրջանակներ որոշակի անվստահությամբ են նայում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:

Գործոնների այս ցանկը կարելի է շարունակել, սակայն առավել կարևոր է, որ այս ամենն ընկալեն բոլոր կողմերում, առաջին հերթին՝ Ռուսաստանում: Անշուշտ, զենք վաճառելը ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, սակայն տնտեսական շահին առաջնություն տալը երբեմն ստեղծում է ավելի լուրջ խնդիրներ, որոնց հաղթահարման համար առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ: Ի վերջո, չպետք է մոռանալ ռուս մեծ դասականի՝ Չեխովի խոսքերը՝ «եթե առաջին ակտում պատից զենք է կախված, ապա վերջինում այն անպայման կկրակի»…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: