ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական Զարգացման Բանկի գլխավոր տնտեսագետը դրական է գնահատում Հայաստանի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը (ԲԱՑԱՌԻԿ)

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Եվրասիական Զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկի հետ։

 

- Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ անդամ-երկրների արժութային հեռանկարը: Կարո՞ղ է արդյոք առանձին երկրների կամ ընդհանուր միության ներկայիս քաղաքականությունը հանգեցնել համատեղ դրամական համակարգի ստեղծմանը:

- Ես կարծում եմ, որ դա, իհարկե, ոչ կարճաժամկետ, և ոչ էլ նույնիսկ միջնաժամկետ հեռանկար է: Ներկա պահին շատ ուրախալի է, որ ԵԱՏՄ երկրները գործում են  իրատեսորեն և չեն սավառնում ամպերում: Նախագծերի առումով, ինչպես օրինակ դրամավարկային ինտեգրումը, եթե հիմա նայենք միության երկրների միջև այդ ոլորտի քննարկումներին, ապա կարելի է տեսնել, որ որոշվել է թեմաների շատ իրատեսական ուղենիշ։ Եվ այս պահի դրությամբ այդ նախագծերը սահմանափակ են՝ առաջին հերթին, դրամավարկային քաղաքականության համակարգումը, և երկրորդ, գնաճի կոնկրետ ուղենիշների ձեռքբերումը:

Հասկանալի է, որ հիմա տարբեր հանգամանքներից ելնելով, գնաճի մակարդակը մեր երկրներում լրջորեն տատանվում է, բայց միջնաժամկետ հեռանկարում կարելի է և պետք է ձգտել հասնել իրատեսական ուղենիշի մոտ չորս տոկոսով, ինչը մեր երկրները կարող են պահել տևական ժամանակ, և նույնիսկ ավելի նվազեցնել ժամանակի ընթացքում: Ես կարծում եմ, որ դա որոշ չափով ցույց է տալիս նաև այլ խմբերի ինտեգրման օրինակները, որտեղ միասնական դրամական միության նախագիծն առաջնային է եղել: Մեզ առայժմ պետք չէ շատ հեռուն գնալ տեսանելի ապագայում. գնաճի ուղենիշը, հավանաբար, այն է, ինչին պետք է այժմ ձգտենք:

 - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն: 

- Կարծում եմ, որ քաղաքականությունը բավական հավասարակշռված է, օրինակ, Կենտրոնական բանկի կողմից արված գործողությունների առումով: Իմ կարծիքով՝ ամբողջովին խելամիտ է ազգային արժույթի մեծ տատանումներին դիմակայելու փորձը՝ դրամավարկային քաղաքականությունը մեղմացնելու հաշվին: Իսկ հարկաբյուջետային քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ կա բյուջեի դեֆիցիտի մի փոքր բարձր մակարդակ, որը պահանջվում է միջնաժամկետ կտրվածքով նվազեցնել, բայց, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Հայաստանի թե՛ բյուջետային, թե՛ դրամավարկային քաղաքականությունը նպաստում են մի կողմից մակրոտնտեսական կայունության պահպանմանը, ինչը շատ կարևոր է, մյուս կողմից՝ տալիս են  տնտեսական դինամիկային աջակցող որոշակի դրական իմպուլս:

Սա շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ մեր միության բազմաթիվ երկրներ անկում ապրեցին: Կա ինչ-որ չափով Հայաստանի օրինակը, որը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության օգնությամբ աջակցեց տնտեսական դինամիկային, և դրա հետ մեկտեղ կա Ղազախստանի օրինակը, որը բյուջետային քաղաքականության հաշվին անցյալ տարի խուսափեց ռեցեսիայից: Հետևաբար, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, պետք է գնահատել Հայաստանի թե՛ դրամավարկային և թե՛ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ որպես բավականին հավասարակշռված:

- Հայտնի է համատեղ բանկային համակարգ ստեղծելու ծրագրերի մասին, երբ Հայաստանի քաղաքացին, օրինակ, կարող է վարկ վերցնել Ռուսաստանում: Քննարկումների ի՞նչ փուլում է այժմ այդ գաղափարը: Կարո՞ղ է նման համակարգը գործել լիարժեք և արդյունավետ:

- Ես կարծում եմ, որ դա կարող է լինել մեր ուղենիշերից մեկը: Իհարկե, որպեսզի համատեղ բանկային համակարգն արդյունավետ գործի, առանձին երկրների պատասխանատու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները բանկային համակարգը կայունացնելու և ամրապնդելու համար: Ռուսաստանում, օրինակ, այդ գործընթացն ընթանում է շատ ակտիվ. վերջին մի քանի տարիների ընթացքում բանկերի թիվը կտրուկ նվազել է, բայց ավելի քիչ թույլ օղակներն ընդհանուր համակարգում ժամանակի ընթացքում ավելի մեծ կայունություն են ապահովում, ինչն, իր հերթին, կարող է որպես հիմք ծառայել բանկային համակարգում ինտեգրացիոն գործընթացների համար:

Կան օրինակներ նաև այլ ինտեգրացիոն խմբերի, որտեղ մենք տեսնում ենք բանկային միություն ստեղծելու ցանկություն՝ թե՛ կապիտալի շարժունակության, թե՛ աշխատուժի շարժունակության տեսանկյունից, ինչը նաև բարելավում է տնտեսական աճի ներուժը: Ես ինքս այդ ուղղությամբ շարժվելու կողմնակից եմ: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ. շատ կարևոր է, որ նախնական քայլեր իրականացվեն առանձին երկրներում բյուջետային համակարգի կայունացման և ամրապնդման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: