ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունն այսօր ունի առավել ընդլայնված օրակարգ

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համագործակցությունն իր մեծ ու կարևոր դերն ունի հայ ժողովրդի անվտանգ գոյատևման, ինչպես նաև ազգային շահերի առաջմղման և նպատակների արդյունավետ իրագործման առումով: Այս մասին խոսվել և խոսվում է տարբեր մակարդակներով, այդ թվում` ամենաբարձր: Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպման ժամանակ արծարծված հարցերը հենց այս մասին են վկայում:

Պատահական չէ, որ հանդիպման ժամանակ ընդգծվեց Սփյուռքի հետ համագործակցությանը նոր որակ և բովանդակություն հաղորդելու կարևորությունը՝ հրավիրելով Սփյուռքի մեր ներկայացուցիչներին անմիջական մասնակիցը դառնալ Հայաստանում տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին:Սփյուռքի հետ նորացված օրակարգ ունենալու գաղափարը նախագահն ամփոփեց «փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով:

Ուշագրավ է, որ Փարիզում ոչ միայն Ֆրանսիայի, այլ Եվրոպայի հայկական համայնքների հետ հանդիպում անցկացնելը նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009 թվականի առաջին համահայկական այցից հետո ձևավորված ավանդույթ է, որը նպատակ է հետապնդում զարգացնել Սփյուռքի հետ առկա փոխգործակցության մակարդակը, իսկ միասնական ջանքերն էլ դարձնել էլ ավելի թիրախավորված:

Եթե տարիներ առաջ Սփյուռքի գլխավոր, օրակարգային հարցերից էր հիմնականում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման խնդիրը, ապա այսօր այդ օրակարգն ընդլայնվել է: Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ և ԼՂՀ համար ավելացող արտաքին մարտահրավերները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության կարևորագույն խնդիրներից են այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա արդարացի, խաղաղ հանգուցալուծումը, ինչպես նաև Արցախի անկախության միջազգային ճանաչումը:  

Այսօր համազգային ուշադրությունը սևեռված է նաև սիրիահայությանը: Սիրիայի մեր հայրենակիցները ճգնաժամի շուրջ 6 տարիների ընթացքում համոզվել են, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքի համայնքները նրանց թիկունքին են և արել ու շարունակելու են անել հնարավորինս նրանց աջակցելու համար: Պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Հայաստանն ընդունել է ավելի քան 20 հազար սիրիացի փախստական: Հատկանշական է, որ ընդհանուր բնակչության և ընդունված փախստականների թվի հարաբերակցությամբ Հայաստանը եվրոպական երկրների շարքում երրորդն է:

Սփյուռքի հետ երկխոսության մաս են կազմում նաև Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումները՝ այդ թվում սահմանադրական փոփոխություններ, նոր Ընտրական օրենսգիրք, խորհրդարանական ընտրություններ: Հարցեր, որոնց անդրադարձավ նաև ՀՀ նախագահը Ֆրանսիայում Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Այս առումով հատկանշական է, որ խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ ներգրավվելու ցանկություն են հայտնել Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ: 

Ամփոփելով՝ պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը բարձրացվել է նոր մակարդակի՝ նպատակ հետապնդելով էլ ավելի արդյունավետ օգտագործել միասնական ներուժը հանուն ազգային շահերի առաջմղման: Իսկ այդ հսկայական ներուժի իրացումն էլ ավելի թիրախավորված դարձնելու համար գուցե և անհրաժեշտ է մշակել առավել արդյունավետ համագործակցության մի նոր ձևաչափ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: