ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստան. ի՞նչ կտա ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը (լրացված)

Մարտի 28-ին ուժի մեջ մտավ ԵՄ հետ Վրաստանի առանց վիզային ռեժիմը, որը վերաբերյալ որոշումը Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել էր 2017թ փետրվարի 2-ին: 

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-Վրաստան բանակցությունները սկսվել էին դեռևս 2012 թվականին (սպասվում է, որ ԵՄ-ն մոտ ապագայում նման բանակցություններ կսկսի նաև Հայաստանի հետ): ԵՄ միգրացիոն ճգնաժամի պատճառով շուրջ կես տարի ձգձգված այս որոշման շնորհիվ Վրաստանի քաղաքացիներն իրավունք կստանան վեց ամսվա ընթացքում 90 օր գտնվել Շենգենյան գոտու երկրներում՝ զբոսաշրջության, բուժման կամ կրթության նպատակով: Եվրախորհրդարանի որոշումն անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերից հետո վերջնականապես ուժի մեջ կմտնի մարտի վերջին կամ ամենաուշը՝ ապրիլի սկզբին: Ազատականացված վիզային ռեժիմն ուժի մեջ կմտնի, երբ զուգահեռ գործարկվի Եվրամիության մշակած մեխանիզմը, որը հնարավորություն կտա չարաշահումների դեպքում ժամանակավորապես սառեցնել մուտքի արտոնագրի ազատականացումը:

Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված ցանկալի է ուշադրություն դարձնել մի քանի նրբությունների վրա: Նախ՝ առանց վիզային ռեժիմը վերաբերում է միայն կարճաժամկետ վիազներին և հստակ սահմանված նպատակով (զբոսաշրջություն, բուժում, կրթություն, բիզնես): Հատկանշական է, որ 3 ամսից ավել տևող կրթության համար Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն, ինչպես նախկինում, դիմել անհրաժեշտ վիզա ստանալու համար:

Առանց վիզային ռեժիմից կարող են օգտվել Վրաստանի միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր: Շենգեն գոտու որևէ երկիր այցելելիս նրանք նաև պետք է ունենան այցը հիմնավորող այնպիսի փաստաթղթեր, որոնք սովորաբար պահանջվում են վիզա տրամադրելիս (օրինակ՝ այցելության նպատակին, պայմաններին և ժամկետներին առնչվող փաստաթղթեր, ֆինանսական բավարար միջոցների ապացույց և այլն):

Հատկանշական է, որ վիզային ռեժիմի ազատականացումը բնավ չի ենթադրում Վրաստանի քաղաքացիներին Շենգեն գոտում աշխատանքի իրավունքի տրամադրում (անգամ կարճաժամկետ): ԵՄ ցանկացած երկրում աշխատելու համար Վրաստանի քաղաքացիները նախկինի պես ստիպված կլինեն դիմել համապատասխան մարմնին, ինչպես վիզայի, այնպես էլ աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

Բացի Վրաստանի քաղաքացիների համար ստեղծվող հնարավորություններից Եվրախորհրդարանի՝ վիզային ռեժիմի ազատականացման որոշումը  կարևոր է նաև Վրաստանի իշխանությունների համար մի քանի առումով՝

  1. Նախ Վիզային ռեժիմի ազատականացումը հանրությանը կարելի է ներկայացնել որպես եվրաինտեգրման գործընթացի շոշափելի արդյունք, ինչը բավական բարդ է տնտեսական ոլորտում:
  2. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացավ բավական կարևոր հակափաստարկ ընդդիմադիր ուժերի կողմից հնչող այն քննադատությանը, թե գործող իշխանությունները շեղվել են եվրաինտգրման ուղղուց:
  3. Այն դրական ազդեցություն կթողնի գործող կառավարության քաղաքական իմիջի վրա՝ որպես իշխանություն, ում օրոք Վրաստանը ևս մեկ քայլով մոտեցավ Եվրամիությանը:

Չնայած Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը բավական  մեծ ոգևորություն է առաջ բերել հանրության շրջանում, որոշ փորձագետներ, այնուամենայնիվ, ուշադրություն են հրավիրում նաև դրա հնարավոր մարտահրավերների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանից դեպի ԵՄ միգրացիոն անօրինական հոսքերի հնարավորությանը (անկախ ռեադմիսիայի համաձայնագրից): Նման ռիսկն ունի որոշակի իրատեսականություն, եթե հաշվի առնենք, որ, ըստ վերջին հետազոտությունների, Վրաստանի 20-50 տարեկան բնակիչների շուրջ 25%-ը (մոտ 1.6 մլն մարդ) հանդիսանում է «պոտենցիալ միգրանտ», այսինքն՝ համապատասխան հնարավորությունների դեպքում ցանկանում է հեռանալ երկրից:

Ի դեպ, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Շենգեն գոտում կխախտեն սահմանված վիզային ռեժիմի կարգը, հայրենիք կարտաքսվեն Վրաստանի պետական բյուջեի հաշվին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: