ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլան. Եթե ​​«այո»-ն հաղթի, դա հայերի հերթական լռությունը կնշանակի (ԲԱՑԱՌԻԿ)

armenpress.am

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունենալիք Սահմանադրական հանրաքվեի նախօրեին «Արմեդիա» ՏՎԳ –ն զրուցել է «այո» և «ոչ» ճամբարների ներկայացուցիչ քաղաքական ուժերի հետ:

Ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչ Կարո Փայլանի հետ:

 - Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

 - Իհարկե մենք ասում ենք «ՈՉ» այս սահմանադրական փոփոխություններին: Ներկայիս սահմանադրությունը չի պարունակում բազմակարծություն, կրոնների հանդեպ հարգանք: Սահմանադրությունն ասում է՝ «մեկ ազգ, մեկ ինքնություն, մեկ կրոն» և ոչ մի հարգանք այլոց հանդեպ: Սահմանադրության նախագիծն ավելի վատն է, քան ներկայիս գործող սահմանադրությունը: Դա նշանակում է, որ ամեն ինչ կլինի մի հոգու ձեռքերում, իսկ այդ մի հոգու գաղափարախոսությունը համահունչ է բացարձակ ազգայնականության հետ: Այն նման է 100 տարի առաջվա Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի սահմանադրությանը, իսկ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: Այժմ «Արդարություն և զարգացում» կուսակցության սահմանադրությունը նույնն է: Նրանք համարում են դա «ճշմարիտ տղամարդկանց» Սահմանադրություն: Էրդողանի ու Բահչելիի սահմանադրությունը նույնն է, ինչ Էնվեր փաշայի և Թալեաթ փաշայի սահմանադրությունը, որի արդյունքները սարսափելի էին: Նորից կլինի նույնը:

Մենք հաստատեցինք մեր կուսակցությունը հավասարության համար, հայկական հարցի, քրդական հարցի, ԼԳԲՏ իրավունքների համար և այլն: Մենք ունենք հազարավոր պատճառներ «ոչ» ասելու Սահմանադրության այս նախագծին: Լինելով ժողովրդավար, հարգանք ունենալով ուրիշների հանդեպ՝ մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, և մենք պետք է վճռականորեն «ոչ» ասենք դրանց:

 - Ի՞նչ զարգացումներ պետք է սպասել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, այն դեպքում, եթե անցում կատարվի նախագահական համակարգին:

 - Դա նշանակում է, որ ամեն ինչ սխալ կգնա, քանի որ մենք ունենք ԱԶԿ-ի և ՄՀԿ-ի կոալիցիան, որոնք ամեն ինչ անում են Թուրքիայում և Սիրիայում քրդերին ինքավարություն չտալու համար: Եթե ​​ «այո»-ն հաղթի, դա կնշանակի այդ քաղաքականության հաստատումը: Այնպես որ, մենք փորձում ենք դադարեցնել այդ գործընթացը: «Ոչ» քվեարկելն ինչ-որ կերպ նշանակում է վերջ տալ այդ կոալիցիային, իսկ «այո»-ն կնշանակի հավանություն տալ դրան:

 - Ի՞նչ փոփոխություններ կբերի նախագահական համակարգը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությանը:

 - Արդեն երեք սերունդ է, ինչ մենք լռել ենք, մինչ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, քանի որ քեմալական գաղափարախոսությունը մեկ ինքնություն էր ճանաչում, և մենք ստիպված պետք է լռեինք՝ որպես փոքրամասնություններ: 20 կամ 30 տարի առաջ, երբ  քրդերը սկսեցին պայքարել այս գաղափարախոսության դեմ, մենք օգտվեցինք առիթից և սկսեցինք խոսել մեր իրավունքների մասին, բարձրաձայնել մեր ապագայի հարցը, և իհարկե, մեր անցյալի Ցեղասպանության հարցը: Եթե ​​«այո»-ն հաղթի, դա կնշանակի հայերի լռությունը. պարզապես վերցնել այն, ինչ «սուլթանն» է տալիս, և ոչ մի դեպքում չուզել ավելին: Նրանք այդպես էլ անում են մեր պատրիարքարանի ընտրությունների ժամանակ: Նրանք թույլ չեն տալիս ինքներս նշանակենք ում ուզում ենք : Սա ավտորիտարիզմի դրսևորում է, բայց մենք ժողովրդավարություն ենք ուզում մեր երկրում: Մեզ պետք է ժողովրդավարական Թուրքիա, որտեղ մեր իրավունքները կհարգվեն. հակառակ դեպքում հայկական համայնքը միշտ ճնշված կլինի, ցավոք սրտի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: