ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Թրամփը դուրս է եկել ընդդեմ դատական իշխանությա՞ն

Անհամաձայնություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի դատական համակարգի առանձին մարմինների միջև շարունակվում են: Այս անգամ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ցրել ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը: Պատճառն այն է, որ Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանը արգելափակել է Թրամփի վարչակարգի կարգադրությունը, համաձայն որի՝ այն համայնքները, որոնք կսահմանափակեն իրենց համագործակցությունն ԱՄՆ միգրացիոն իշխանությունների հետ կզրկվեն  ֆինանսավորումից:

Նկատենք, որ Թրամփը խոսել է ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը ցրելու մասին, չնայած այն հանգամանքին, որ իր վարչակարգի որոշումը դեռևս արգելափակվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանի կողմից միայն: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում գործում է դաշնային դատարանների աստիճանակարգ (շրջանային դատարան, շրջանային վերաքննիչ դատարան և գերագույն դատարան. յուրաքանչյուր  դատարանի որոշում պարտադիր է իրենից ցածր աստիճանակարգում գտնվող դատարանի համար):

Ի՞նչով է պայմանավորված Թրամփի նման հայտարարությունը և հնարավո՞ր է արդյոք   ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի լուծարումը:

Պետք է նկատել, ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը հայտնվեց Թրամփի թիրախում այն բանից հետո, երբ այն արգելափակեց միգրանտների մասին Թրամփի նախկին կարգադրությունը, որը սահամանափակում էր գերազանցապես մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Դեռևս այդ ժամանակ հանրապետական օրենսդիրներն ԱՄՆ կոնգրեսում ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ նրանք ցանկանում են դուրս բերել ԱՄՆ հինգ նահանգներն ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի իրավասության տակից և ստեղծել իրենց առանձին  շրջանային վերաքննիչ դատարանը:

Նրանք հիմնավորում են դա ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի չափից մեծ լինելով (վերջինիս իրավասության տակ գտնվող շրջաններում բնակվում է բնակչության 20 տոկոսը և ԱՄՆ տարածքի 40 տոկոսը): Բացի այդ վերաքննիչ շրջանային դատարանի 25 դատավորներից 18 նշանակված են դեմոկրատների կողմից և այն հայտնի է՝ որպես ԱՄՆ ամենալիբերալ դատարանը: Այն պահպանողակաների կողմից անգամ ստացել է ծաղրական «խելառ 9-րդ» անվանումը, քանի որ վերջիններիս պնդմամբ՝ այդ վերաքննիչ դատարանի որոշումների մեծ մասը մերժվել է ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից:

Նկատենք, որ ԱՄՆ գերագույն դատարանը միակ դատարանը է, որը ստեղծված է ԱՄՆ սահմանադրությամբ: Մյուս բոլոր դատարանները ստեղծվել են Կոնգրեսի ակտերով, և Կոնգրեսը կարող է լուծարել դրանք: Նման համակարգը պատահական չէ և ստեղծվել է ԱՄՆ նախահայրերի կողմից, որպեսզի օրենսդիր մարմինն ունենա վերահսկամ լծակներ դատական համակարգի նկատմամբ:

Ուստի, անդրադառնալով վերը շարադրված հարցին, պետք է փաստենք, որ ԱՄՆ նախագահը կարող է լուծարել ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը, այն դեպքում միայն, եթե նա ունենա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 17.70 կմ/ժ
20 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: