ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 534,16 դրամ ԱՐԾԱԹ - 265,68 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 787,8 դրամ

Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ)

Time

Մայիսի 2-ին լրացավ  ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 102 օրը:  Թրամփի պաշտոնավարման մասին մեկնաբանությունները շատ են՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Ինքը՝ Դոնալդ Թրամփն, իր պաշտոնավարման 100 օրերն անվանել է ամենահաջողվածն ԱՄՆ պատմության ընթացքում: Ստորև անդրադառնանք ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնավարման 102 օրերին, խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած հիմնական զարգացումների մասին:

Պետք է փաստենք, որ իր պաշտոնավարման 102 օրերի ընթացքում, Թրամփը դեռևս չի իրականացրել իր առաջին արտերկյա այցը, փոխարենը ԱՄՆ նախագահն ընդունել է իր արտասահմանյան գործընկերներին (Չինաստանի նախագահին, Կանադայի վարչապետին, Իսրայելի վարչապետին, Գերմանիայի կանցլերին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և այլն): ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ իր պաշտոնավարման 8-րդ օրը՝ հունվարի 27-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Այս համատեքստում հետաքրքիր է նկատել, որ Թրամփի առաջին պաշտոնական հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս նախագահ Յակոբ Զումայի հետ: Թեպետ հեռախոսազանգի մասին մանրամասներ չեն նշվում, վերլուծաբանների կարծիքով խոսակցության թեման եղել է տնտեսական, քանի որ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում գործում է 600 ԱՄՆ ձեռնարկություն:

Վերլուծելով պաշտոնավարման 102 օրերի ընթացքում ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունն, իրականացրած պաշտոնական հանդիպումները, պետք է փաստենք, որ այս ընթացքում Թրամփն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել հետևյալ հիմնական ուղղություններով՝ հարևաններ (Կանադա, Մեքսիկա), Ասիա, ԵՄ և Մերձավոր Արևելք: 

Հարևաններ

Հարևանների հետ Թրամփի վարած քաղաքականությունն այս ընթացքում այնքան էլ հարթ չի ընթացել: Հենց պաշտոնավարման 7-րդ օրը ԱՄՆ նախագահն առաջարկում է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա ավելացնել  20% հարկ` այս կերպ փորձելով Մեքսիկային ստիպել վճարել դեռևս նախընտրական ժամանակաշրջանում իր կողմից ծրագրած ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման համար: Սա պատճառ է  հանդիսանում, որ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին չեղարկի ԱՄՆ նախագահի հետ ծրագրված հանդիպումը: Մեկ հարևանի հետ համեմատաբար վատ հարաբերությունները Թրամփը փորձում է բալանսավորել մյուս հարևանի՝ Կանադայի հետ հարաբերությունների զարգացումով:  Իր պաշտոնավարման երկրորդ ամսվա վերջին նա ընդունում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և խոստանում «առևտրի կամուրջներ կառուցել միմյանց միջև»:

Եթե փորձենք ընդհանրական գնահատական տալ Թրամփի՝ հարևանների հետ վարած քաղաքականությանը, ապա պետք է փաստենք, որ հնարավորինս կոշտ քաղաքականություն դրսևորելով՝ Թրամփը փորձում է հարևանների հետ քաղաքականությունն առավելագույնս ծառայացնել ԱՄՆ շահերին: Սակայն միևնույն ժամանակ, լինելով գործարար, Թրամփը հասկանում է, որ ԱՄՆ չի կարող շահել վերջիններիս հետ հարաբերությունների վատթարացումից: Թերևս սա է պատճառը, որ ԱՄՆ նախագահն ի վերջո հայտարարեց, որ չի պատրաստվում դեռևս խզել Ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը (ԱՄՆ, Մեքսիկայի և Կանադայի միջև)՝ միևնույն ժամանակ, դիրքերը չզիջելու համար շեշտելով, որ Կանադայի և Մեքսիկայի առաջնորդներն իրենք են խնդրել վերաբանակցել համաձայնագրի շուրջ առկա պայմանները:

Ասիա

Թրամփի պաշտոնավարման հենց առաջին օրերից ասիական տարածաշրջանը գտնվում է Թրամփի վարչակարգի ուշադրության կենտրոնում:  Պատահական չէ, որ Թրամփի պաշտոնավարումից ի վեր, ԱՄՆ 3 բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱՄՆ փոխնախագահն, ԱՄՆ պետաքարտուղարը և ԱՄՆ պաշտպանության նախարարը, իրականացրեցին  այցեր տարածաշրջան: Նման բարձրաստիճան այցերը նպատակ էին հետապնդում ամրապնդելու տարածաշրջանում ԱՄՆ հիմնական դաշնակիցների հետ ունեցած տնտեսական հարաբերություններն, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա տարածաշրջանում առկա հակամարտությունների ֆոնին Թրամփի վարչակարգը փորձում է Չինաստանի հետ համագործակցության եզրեր գտնել՝ լուծելու Կորեական հակամարտությունը: Պատահական չէ, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը վերջինիս «մեծ մարդ» համարեց և նշեց որ Չինաստանը կարող է օգնել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի հակամարտության լուծման հարցում:  

Եվրոպա

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները նույնպես այս օրերի ընթացքում եղել են ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կոնտրոնում: Սակայն, ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, եվրոպական գործընկերների հետ վարած քաղաքականությանը, որտեղ համագործակցությունը կառուցվում էր ԵՄ-ի՝ որպես ընդհանրական կառույցի հետ, Թրամփը կարևորում է եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Պատահական չէ, որ Մեծ Բրիտանայի վարչապետ Թերեզա Մեյի՝ ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ, Թրամփն անկեղծորեն խոստովանեց, որ Brexit-ն «օրհնություն» է աշխարհի համար և որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հետագայում ունենալու են   «առանձնահատուկ հարաբերություններ»:  Եվրոպացի գործընկերների հետ Թրամփի քաղաքականությունն Օբամայի մինչ այդ վարած քաղաքականությունից տարբերվեց նաև նրանով, որ Թրամփն իր եվրոպացի գործընկերների առաջ դրեց հստակ պահանջ՝ ունենալու սեփական ներդրումը սեփական անվտանգության երաշխավորման հարցում:  Նման քաղաքականության վառ դրսևորումն էր այն, որ Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, համաձայն տարածված լուրերի,  Թրամփը Մերկելին ՆԱՏՕ շրջանակներում 300 միլիարդ դոլարի վճարման ապրանքագիր ներկայացրեց: 

Մերձավոր Արևելք

Թրամփը Մերձավոր Արևելքում վարած իր քաղաքականության միջոցով փորձեց, ինչպես ինքն էր քարոզարշավի ժամանակ հաճախ շեշտում, «վերականգնել ԱՄՆ միջազգային վարկանիշը և ԱՄՆ հանդեպ հարգանքը»: Թերևս սրանով կարելի է բացատրել ԱՄՆ վերջին ավիահարվածները Սիրիայում և Աղֆանստանում: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ հնարավոր գործողությունների մասին խոսելիս անդրադարձավ Սիրիայում և Աֆղանստանում ԱՄՆ ավիահարվածներին, որոնք, ըստ վերջինիս, խոսում են ԱՄՆ  «ուժի և վճռականության մասին»:  Չնայած սրան, պետք է փաստել, որ իր պաշտոնավարման ընթացքում Դոնալդ Թրամփը, հավատարիմ լինելով իր նախապես հայտարարած քաղաքականությանը, փորձել է Մերձավոր Արևելքի հակամարտություններում ԱՄՆ ներգրավածությունը մեծացնելու փոխարեն գտնել այնտեղ դաշնակիցներ, ում միջոցով հնարավոր կլինի պայքարել ահաբեկչության դեմ: Սրանով է թերևս պայմանավորված, որ անկախ առկա անհամաձայնություններից, Թրամփի վարչակարգը շարունակում է համագործակցության եզրեր փնտրել Ռուսաստանի և իր ՆԱՏՕ գործընկեր Թուրքիայի հետ: 

Հայաստան

Վերջում, եթե անդրադառնանք մեզ համար կարևոր հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա պետք է փաստենք, որ  հայ-ամերիկյան հարաբերություններում զարգացումներն այս ընթացքում սահմանափակվել են տեղի ունեցած երկկող պաշտոնական հեռախոսազրույցներով: Դեկտեմբերի 2-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսարույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտներ, որ հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ոչ միայն կպահպանվի, այլ նոր լիցք կստանա: Մարտի երեքին հեռախոսազանգ է տեղի ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և  ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև: Երկկողմ համագործակցության օրակարգային հարցերից բացի, ԱՄՆ պետաքրտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար և բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Իսկ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին, ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը, հավատարիմ մնալով ԱՄՆ այս հարցում տարվող ներկայիս քաղաքական գծին, օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը: Իսկ արդեն Թրամփի նախագահության 102-րդ օրը՝ մայիսի 2-ին, Նալբանդյանի և Թիլերսոնի միջև տեղի է ունեցել նամակների փոխանակում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նամակում Ռեքս Թիլերսոնը կարևոր է Միացյալ Նահանգների  շարունակական համագործակցությունը Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ, իսկ «վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում» համարել խոստումնալի: Այս համատեքստում պետք է նաև փաստել, ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի  նշանակման հարցում ևս դեռևս չկա հստակեցում:

Եթե փորձենք ամփոփել Թրամփի իշխանության 102 օրերը, ապա պետք է փաստենք, որ Թրամփի իշխանության առաջին 102 օրերին վերը թվարկված հիմնական ուղղություններով (հարևաններ, Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության առկա ձևաչափերում, որպեսզի դրանք հետագայում առավելագույնս կարողանան ծառայել ԱՄՆ շահերին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 52%
Քամի՝ 6.44 կմ/ժ
16 C°
 
12°  23° 
26.05.2017
13°  23° 
27.05.2017
Հարցում

Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտակա 10 տարում: