ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեկոր Աշոտի կինը պատերազմի և խաղաղության մասին

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց  Արցախյան պատերազմի հերոս Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյանի) կնոջ Նելլի Ղուլյանի հետ: Հարցազրույցն իրականացվել է «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից՝ Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

- Շատ է խոսվում պատերազմի մասին, շատ գրքեր են գրվել և դեռ կգրվեն, բայց անձամբ ձեր՝ կնոջ աչքերով, ի՞նչ է պատերազմը:

- Արհավիրք, դաժանություն, ինչ ասեմ, անհանգստություն, շատ վատ բան: Սկսեմ նրանից, որ այդ հակամարտությունն իմ ընտանիքի համար մի քիչ ավելի շուտ է սկսվել: Երևի 1988-ից էլ շուտ, երբ արդեն գաղտնի ջոկատներ էին այստեղ ստեղծված, որոնցում իմ ամուսինն ակտիվ մասնակություն է ունեցել: Մենք չէինք հավատում 80-ականների շարժմանը, քանի որ մեր շարժումը 60-ականներին ճնշեցին, պատմությունը շարունակ ցույց է տվել, որ մեր շարժումը ճնշվել է թուրքերի, ռուսների կողմից: Երբ երկար տանից բացակայում էր, ես Աշոտին հարցնում էի՝ ի՞նչ եք մտածում, ի՞նչ պետք է լինի: Մի անգամ Աշոտը պատասխանեց. «Պատերազմ պիտի լինի»: Երևի այդ պահից ինձ մոտ ամեն ինչ փոխվեց: Առաջին հերթին ընտանիքիս համար անհանգստություն առաջացավ, արդեն մեր առաջնեկը ծնված էր, երկրորդը պետք է ծնվեր: Անընդհատ մտածում, պատկերացնում էի: Պատերազմի մասին մենք որտեղի՞ց գիտեինք: Հայրենական պատերազմից, գրքերից, ֆիլմերից, թերթերից, և այդ ամենը երբ աչքիս առաջ էր գալիս, շատ վատ էի տանում: Բայց ի՞նչ կարող էինք անել: Ինչպես ցույց է տվել հայոց պատմությունը, նման դժվար պահերին, միշտ էլ կինը զենքը հավաքել է ու եղել իր տղամարդու կողքին, իր ամուսնու համար թև ու թիկունք է եղել: Այդպես էլ ոչ միայն ես, այլև արցախցի բոլոր կանայք կցվեցինք այդ գործին (արտասվում է…):

Պատմությունից հայտնի հայ նշանավոր կանանց օրինակով, այստեղ էլ ստեղծվեցին կանանց ջոկատներ, ով հնարավորություն ուներ, մի մասն էլ նույնիսկ իր ընտանիքը թողեց, զենք վերցրեց և տղամարդկանց կողքին կռվեց: Մի մասը զոհվեց, մի մասը դեռ ապրում է:

Իմ ամուսնու հետ, երբ երկխոսում էինք այդ մասին, ասում էր կինը պետք է տանը նստի, երեխաներ պահի, երեխաներ դաստիարակի և սպասի իր ամուսնուն: Ինչ արած, այդպես էլ վարվեցի: Երբ սկսեցին Շուշիից ռմբակոծել, տեղափոխվեցինք Ստեփանակերտից ոչ շատ հեռու Խնձորիստան գյուղ՝ իմ և Աշոտի հայրական գյուղը: Աշոտն ավելի շուտ էր տեղափոխվել այնտեղ՝ ՕՄՕՆ-ից և ռուսական բանակի աչքից հեռու լինելու համար։ Ինքը սկսեց այնտեղ գաղտնի զինագործությամբ զբաղվել և ստիպված մեզ էլ տարավ գյուղ: Արդեն մեր երկրորդ երեխան էլ էր ծնվել, երբ գնացինք գյուղ: Այնտեղ ուրիշ կյանք սկսվեց: Պարբերաբար հավաքներ, Աշոտը տղաներին զենք պատրաստել էր սովորեցնում, գաղտի զենքեր, պայթուցիկներ էին պատրաստում:

Այս ժամանակ իմ դերն էր ընդունել այդ տղաներին, հոգ տանել նրանց մասին, մի կտոր հաց տալ, անհրաժեշտության դեպքում, լվանալ նաև նրանց հագուստը ու միշտ սպասել, որ ամուսինս գա, գոնե մի քանի ժամով տանը լինի, երեխաներին տեսնի:  Այդպես էլ շարունակվեց մինչև իր զոհվելը:

-  Ի՞նչ է Ձեզ համար խաղաղությունը:

- (Մտածում է…) Խաղաղությունն ինձ համար ամեն ինչ է: Այս հարաբերական խաղաղության պայմաններում մեզ՝ արցախցիներիս, համար ամենամեծ երջանկությունն է: Չնայած միշտ էլ ինչ-որ տեղ վստահ ենք եղել, որ 90-ականների նման լայնածավալ գործողություններ չեն լինի, ժամանակը՝ ապրիլյան պատերազը, ցույց տվեց, որ իսկապես սխալվել ենք: Միշտ էլ թուրքից պետք է վախենաս, միշտ էլ զգաստ, զգոն պետք է սպասես, որովհետև թուրքը չի մոռանում ոչ մի բան …

-  Ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞րն է կնոջ դերը պատերազմում:

- Կինը պետք է իր գործով զբաղվի, օջախը վառ պահի, իր ամուսնուն թև ու թիկունք լինի: 92-ի սկզբներից, երբ ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին, և Մարտակերտից, ինչպես նաև այլ սահմանամերձ շրջաններից, բնակչությունը տեղահանում էին, ես չէի կարողանում Աշոտին ասել` մեզ էլ տար կամ նմանատիպ ինչ-որ բան: Մի անգամ մի դեպք եղավ. Աշոտը եկավ և տեսավ ձմեռային շորերը հավաքում եմ, տարօրինակ նայեց, հարցրեց, ի՞նչ եմ անում և առանց թողնելու, որ պատասխանեմ, ասաց, որ իր ընտանիքը պետք է անպայման այստեղ մնա, այստեղ ապրի: Մեր՝ Աշոտի հայրական տունը, գյուղի վերևի մասում էր և ամբողջ գյուղի տները երևում էին: Նա ձեռքով ցույց տվեց և ասաց, որ այս բոլոր տներում մարդիկ մեր լույսին են նայում, եթե մեր լույսը հանգած տեսնեն, արդեն բոլորը կհուսահատվեն: Ու այդպես էլ մեզ դուս չբերեց գյուղից:

Տանը մենք նստած, ինքնաթիռը գալիս էր, ռումբ գցում, գնում, հարվածում էին Աղդամից, հրանոթները հասնում էին մեր դաշտ: Այդ ժամանակ մեծ տղաս՝ Արթուրը, 5 տարեկան էր, գոռում էր. «Սամայլոտը, սամայլոտը», որ վազեինք նկուղ: Երեխային այնքան էին տարել բերել, որ մի անգամ էլ չհամբերեց, ասեց «Սամալյոտի մաման… գյամ չում, ինչ ուզումա թող լինի»:

Հետո արդեն՝ Աշոտի զոհվելուց հետո, մեզ տեղափոխեցին Երևան, որովհետև երրորդ բալիկը պետք է ծնվեր (ժպտում է):

Պատերազմի ժամանակ, երբ դուք տանն էիք երեխաների հետ, ի՞նչ էիք զգում:

- Ճիշտ ասած ամբողջ գյուղն էր իրեն լավ զգում, որ Աշոտ կա:  Ես էլ ինձ շատ հանգիստ էի զգում: Հատուկ վախ չկար իմ մեջ: Ամբողջ պատերազմի ընթացքում միայն վախեցել եմ այն ժամանակ, երբ Շուշին պետք է վերցնեին, որովհետև գյուղի բնակիչների շրջանում խառնաշփոթ էր տիրում: Այդ ժամանակ գյուղում մոտ 5000 բնակիչ կար: Մեր գյուղն ավելի ապահով վայրում էր և տարբեր շրջաններից՝ Աղդամից և այլ, բնակիչներ էին եկել մեզ մոտ: Մայիսի 7-8-ն էր տարօրինակ վախ զգացի, երբ մեզ բոլորիս ստիպեցին իջնել նկուղ՝ ապահով տեղ:

Երբևէ փորձել եք Ձեր ամուսնուն հետ պահել, երբ նա գալիս էր տուն, որ նորից  չգնա:

Դե այո, ցանկացած կին, կասեր, կցանկանար, որ իր ամուսինն իր մոտ մնա (ժպտում է): Իհարկե, նրա պատասխանը բացասական էր, ասում էր, ի՞նչ մնամ, ձեզ համար ենք այս ամենը անում: Մեծ տղաս 86 թիվ է: 87-ին, երբ երեխային տանում էի դուրս զբոսնելու, շուրջս թուրքերեն խոսակցություններ էի լսում: Համալսարանի մոտ թուրք ուսանողները շատ-շատ էին: Նրանք տարբեր շրջաններից գալիս էին, սիրահարվում էին Ստեփանակերտին և չէին ցանկանում հետ գնալ: Դա նաև հայր Ալիևի քաղաքականությունն էր, բերել, երիտասարդներով լցնել Ստեփանակերտը: Մի օր զարմացրած հարցրեցի, այս ի՞նչ է, ո՞ւր գնում ենք միայն թուրքերեն խոսակցություն ենք լսում: Ամուսինս այդ ժամանակ պատասխանեց, որ սկսել ենք, պետք է մինչև վերջ հասցնենք: Հիշում եմ, երբ տարբեր միջոցառումների էին հավաքվում, մեր ծնողներն, ավելի տարիքավորները անվստահությամբ հարցնում էին՝ ի՞նչ կարող եք անել դուք: Ասում էին ամեն անգամ փորձել ենք, բայց մեզ ճնշել են: Հետո հասկացան, որ այս անգամ մեր տղաները պինդ են կանգնած:

- Իսկ ո՞րն է կնոջ դերը խաղաղության հաստատման ճանապարհին:

- Կարծում եմ, որ կինը պետք է ակտիվ մասնակցություն ունենա և´ քաղաքական, և´ հասարակական, և´ ամեն մի հարցում: Ով ինչ հնարավորություն ունի պետք է ներդնի մեր դժվարությամբ ձեռք բերած ազատությունը պահպանելու, զարգացնելու համար: Այդպես էլ եղավ իմ դեպքում: Փոքր տղաս 5 տարեկան էր, երբ ինձ առաջարկեցին մանկապարտեզում աշխատել: Ճիշտ ասած, փոքր ժամանակ ընդհանրապես չէի սիրում մանկապարտեզը, ընդամենը մի քանի ամիս եմ գնացել, բայց միչև օրս վատ տպավորություներ են մնացել:  Երբ Աշոտը մեզ տարավ գյուղ, անընդհատ ասում էի 5 տարի համալսարանում եմ սովորել, գյուղում ի՞նչ պետք է անեմ: Ինքն էլ պատասխանեց, երեխաներ շատ ես սիրում, դու էլ մանկապարտեզի ղեկավար կլինես: Կարծես, ինքը նախազգար: Ճիշտ է, արդեն ինքը չկար, 1998 թվականին ինձ առաջարկեցին դառնալ մանկապարտեզի ղեկավար: Այնուհետև անդամագրվեցի «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպությանը, երդում տվեցի, հիմա էլ շարունակում եմ աշխատել: 3-4 տարի եղել եմ Արցախ ՀՕՄԻ ղեկավար, ատենապետուհի: 2  անգամ ընտրվել եմ ավագանու անդամ: Ինչ կարողանում եմ, անում եմ՝ օգտագործելով իմ գիտելիքները, հմտությունները՝ ներդնում եմ մեր բնակչության բարօրության համար:

Ինչո՞ւ համաձայնեցիք դառնալ մանկապարտեզի ղեկավար:

- Ունեմ մանկավարժի կրթություն: Իսկապես որ երեխաներ շատ եմ սիրում և դա եղավ  հիմնական պատճառը, չնայած նրա, որ մանկապարտեզից որևէ գաղափար չունեի: Հետո կամաց-կամաց սովորեցի, արդեն 18 տարի է, որ աշխատում եմ:

-  Այս 18 տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

- Դժվարություններ միշտ էլ եղել են, ամենալավ ապրողն էլ է ունենում դժվարություններ, ամենավատն էլ:  Պետք է մարդ ամեն ինչին հանգիստ նայի: Այն մարդն եմ եղել, որ բավարարվել եմ ամեն ինչով, ինչ եղել է: Ես տարիներ հետո եմ լսել, Ժաննա Գալստյան էր պատմում, որ Աշոտն իր հետ կիսվել է և պատմել, որ հարևաններն իրեն հարցրել են, այդ ինչպես է պատահել, որ Ձեր կինը քաղաքից եկել ապրում է գյուղում, բայց այսքան ժամանակ հարևաններից ոչ մի բան չի ուզել, միթե՞ որևէ բան չի եղել պակաս: Ես ուղղակի բավարարվում էի նրանով, ինչ կար, և Փա´ռք Աստծո: Երեխաները մեկ-մեկ պատմում են, որ 92-ի հունվարն էր, տղայիս ծնունդն էր, երեխաները տորթ էին ուզում: Գյուղում այդ ժամանակ շաքարավազ չկար, բայց կաթնամթերք կար:  Մտածեցի, որ շաքարավազի փոխարեն դոշաբ օգտագործեմ ու տորթ թխեմ:  Տորթը գեղեցիկ ձևավորեցի, ճիշտ է խմորի գույնը փոխել էր, բայց դա դարձավ պատմական տորթ: Այնուհետև գյուղում ամեն-ինչ սովորեցի: Սկսեցի պանիր, չորաթան պատրաստել, կարագ հարել: Այդպես ժամանակը ստիպում է, որ ամեն ինչ անես:  Իմ կյանքն էլ այսպես դասավորվեց: 

Հաշվի առնելով այն փորձությունները, որ անցել եք, ո՞րն է ձեր հիմնական խորհուրդը կամ ուղերձը Ձեր երեխաներին:

- Իմ երեխաներիս տված հիմնական խորհուրդը եղել է կյանքում ազնիվ լինելը: Իրենց հայրը շատ ազնիվ, հայրենասեր մարդ է եղել: Ասել եմ նրանց, որ իրենց հոր հիշատակը բարձր պահեն: Երեք տղա ունեմ ու ինձ թվում է լավ մարդիկ եմ դաստիարակել:

- Դժվար է լինել երեք որդիների մայր:

- Շաաատ: Շատ դժվար (ծիծաղում է): Նամանավանդ դպրոցական տարիները: Հիշում եմ պատերազմից հետո գնացել էին Երևան, տղաներս փողոցում վիճում էին այլ տղաների հետ: Ձայները լսում էի, արցուքնքներս մեջս զսպում, բայց դուրս չէի գալիս, ասում էի տղաներ են, թող սովորեն իրեք իրենց պաշտպանել:

Այդպիսի բան չկա, որ իմ տղաներն ասեն չենք սիրում, չենք ուտում: Օր է եղել, որ միայն փիփերթ ենք կերել:  Եվ պակաս ենք եղել և ավել ենք եղել: Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է:  Ամեն ինչի դիմանում ենք, միայն պատերազմ չլինի: 

Ասեմ, որ այս Ապրիլյան պատերազը շատ ավելի վատ ազդեց իմ վրա: 25 տարի հետո, երբ տղաներս արդեն մեծացել են,  երկուսը բանակի սպա՝ մեկը մայոր, մյուսը ռազմական բժիշկ, կրկին անմիջական առնչություն ունեցան պատերազմի հետ: Ապրիլի 2-ին, 3-ին պետք է թոռս ծնվեր՝ ամենափոքրը, բայց բալիկս այնքան խելոք գտնվեց, որ մարտի 26-ին ծնվեց:  Մեծ տղաս պետք է արձակուրդ վերցներ, որ կնոջն օգներ, երբ պատերազմը սկսվեց: Պատերազմը շատ վատ անդրադարձավ, նոր երեխա ծնած հարսիս վրա, ով չգիտեր իր ամուսինը որտեղ է, ես էլ չգիտեի ինչ անել, չնայած, որ կողքին էի և ամեն ինչով օգնում էի:

Հիշում եմ, երբ պատերազմը սկսվեց շաբաթ օր էր, գործի եմ գնացել, որովհետև պետք է Զատիկ տոնեինք մանկապարտեզում:  Հանգիստ վեր եմ կացել, գնացել աշխատանքի: Պատկերացրեք, որ տրանսպորտի մեջ եմ իմացել կատարվածի մասին, քանի որ երեխաներից ում զանգահարում էի, ասում էին, որ ամեն ինչ լավ է, ոչ ոք ոչինչ չէր ասում: Ընկերուհիս է զանգահարել Ռուսաստանից, տագնապած հարցրել, թե ինչ է կատարվում Մարտակերտում: Ու սկսվեցին իրական դժոխային օրերը մինչև ապրիլի 5-ը: Չնայած հրադադար հաստատվեց, բայց միևնույն է վախ ունեինք, որ մայիսի սկզբին նորից կհարձակվեն: Ես այդ օրերին, չնայած բոլորին հույս էի տալիս, բայց իմ մեջ ինչ-որ բան այրվում էր:

- 90-ական թվականներին, որո՞նք էին հիմնական դժվարությունները:

- Այդ տարիներին հիմնական դժվարությունները սոցիալական էին: Խանութները դատարկ էին, ամեն ինչ ձեռք էինք բերում՝ հերթ կանգնելով: Տղաս 4-5 տարեկան էր, սակայն անդրավարտիք չուներ, որ հագներ, քանի որ խանութներում չկային: Երեխաների մանկական կերը ստիպված էինք Մոսկվայից բերել: Բայց ոչնչի մասին չէինք մտածում, ուղղակի ուզում էինք, որ պատերազմն արագ ավարտվի:

Իսկ այդ ժամանքկ՝ պատերազմից հետո զգացե՞լ եք հասարակության աջակցությունը:

- Այո, այդ ժամանակ և պատերազմի տարիներին համախմբվեցինք: Շատ հետաքրքիր է: Այս անգամ էլ ավելի ուժեղ էինք համախմբված: Պատերազմից հետո շատ-շատ էին զոհվածների ընտանիքները: Հազարից մեկը կլիներ, որ պատերազմն ուղղակի կողքով անցած լիներ: Բոլորն էլ զոհ ունեցել են: Մեկս մյուսին նայելով, իրար դուխ տալով ապրել ենք: Իհարկե, անհրաժեշտության դեպքում իրար հետ կիսվելով, ով ինչ ուներ: Կային շատ երիտասարդ կանայք, 22-23 տարեկան, ովքեր անգամ չէին հասցրել զագսով ամուսնանալ, կորցրել էին իրենց ամուսիններին պատերազմում: Նրանց մի մասն ամուսնացավ, ինչը ես ողջունում եմ: Այդ կանայք իրենց երկրորդ ամուսնու հետ երեխաներ են ունեցել, բայց նրանց ամուսինները հիմնականում հոգ են տարել նաև զոհված ամուսինների երեխաների համար: Ով ինչ հնարավորություն ունեցել է, արել է, բայց ոչ ոք մուրացկանություն չի արել: Արցախում այդ տարիներին մանկատուն չի եղել:

Կպատմեք Ձեր ընտանիքի պատմությունը:

- Իմ և Աշոտի հայրերը նույն գյուղից են եղել: Աշոտի մայրը շուտ է մահացել: Նրանց ընտանիքը Բաքվում էր ապրում: Որպեսզի իր չորս երեխաներին (Աշոտը և իր երեք քույրերը) կարողանա պահել, Աշոտի հայրը Բաքվից տեղափոխվում է Ստեփանակերտ՝ փոխանակելով իրենց տները Ստեփանակերտում բնակվող ադրբեջանցիների հետ: Այնուհետև Աշոտի հայրը ամուսնանում է այլ կնոջ հետ և տեղափոխվում այդ կնոջ գյուղ: Աշոտն, իր մոր մահից հետո, չկարողանալով նոր կնոջ հետ ապրել, քույրերի հետ մնում է Ստեփանակերտում: Աշոտը, ով ընդամենը 17 տարեկան էր և իր քույրերից մեծ էր,  միայնակ հոգ էր տանում իր քույրերի մասին: Իմ հայրական ընտանիքը, սկեսրայրիս խնդրանքով, նույնպես հոգ էր տանում Աշոտի և իր քույրերի մասին: Այդպես իրար գիտեինք:

Ես Երևանում էի սովորում, կարող էի այնտեղ ընտրություն կատարել (ընտրություն կար (ժպտում է)), սակայն ճակագիր էր: Մի ծննդյան օրվա միասին մասնակցեցինք, այդ էր պատճառը (ժպտում է): 1985 թվականին ամուսնացանք, 1986 ծնվեց մեր առաջնեկը, արդեն 1987 թվականին էլ սկսվեց շարժումը: Այդ ժամանակ տանը չէի տեսնում Աշոտին, միայն մեկ-մեկ էր գալիս, գնում: 3-4 անգամ վիրավորվել է զենքերը փորձարկելիս: Ուր էլ լիներ, երեխաների ծննդյան օրերին գալիս էր անպայման: Հիշում եմ, իր ընկերներից մեկը պատմում էր, ինչպես էին նրանք մի անգամ ուղղաթիռով Գանձասարի վանք զենք բերում, երբ ՕՄՕՆ-ը կամրջին կանգնած ստուգում էր: Ընկերն ասում է Աշոտ, արի այսօր չգնանք, նա պատասխանում է, որ ոչ, որովհետև Նելլիի ծնունդն է, պետք է գնանք։ Ես նոր եմ իմանում այդ մասին (ծիծաղում է): Աշոտն արդեն չկար, երբ 1992 թվականին ծնվեց փոքր տղաս, անունը Բեկոր է: Այդպես մեծացրեցիք մեր տղաներին, այսօր բոլորն ունեն իրենց ընտանիքիները:

Տղաների մասնագիտության ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:

- Ճիշտն ասած, որ գլխի ընկան, թե, որքան դժվար է արդեն իսկ ուշ էր (ծիծաղում է): Մեծ տղաս Արցախում է ավարտել ռազմական ուսումնարանը, այնուհետև ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ուսումնարանը: Արդեն 10-ից ավել տարի է, ինչ բանակում է: Հոր նման շատ մեղմ  է բնավորությամբ, շատ սիրում է իր զինվորներին: Մյուս տղաս՝ միջնեկը, Հունաստանում է ավարտել ռազմաբժշկական մասնագիտությամբ: Նա ասում էր կամ դա է, կամ չեմ սովորելու: Նա ամենաչարն է որդիներիցս (ծիծաղում է ): Նրանք բոլորն էլ շատ համեստ են, երբեք չեն ասում ում տղներն են: Ինձ շատ դեպքերում խանգարել է Աշոտի կին լինելը (ծիծաղում է): Օրինակ, կրկնուսույց ընտրելիս, նրանք չէին ցանկանում մեզ հետ գումարով պարապել:

Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերում:

- Իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է, իմ երեխաները, որ կարողացել եմ նրանց ինչ- որ բանի հասցնել: Այս դեպքում մնացած բաները, հասարակական գործունեությունը և այլն, երկրորդ պլան է մղվում….

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: