ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձևերի չկատարման արդյունքում առաջարկվեց զինադադարի համաձայնագիր

1994թ-ի մայիսի 12-ին Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ստորագրեցին հրադադարի համաձայնագիր՝ վերջ տալու ռազմական ակտիվ գործողություններին և խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը: 23 տարի է անցել այս եռակողմ համաձայնագրից և 22 տարի՝ 1995թ. փետրվարին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ նոր, եռակողմ համաձայնագրի ստորագրումից, իսկ Ադրբեջանն այդպես էլ չի դադարում սահմաններին հրահրել լրավածություն: Հատկապես վերջին տարիներին կրակոցներն ու դիվերսիաներն էլ ավելի ինտենսիվ բնույթ են կրում, իսկ արդյունքում բոլոր կողմերում գրանցվում են զոհեր:  

2016 թվականի ապրիլին էլ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ՝ կիրառելով ռազմական օդուժ, հրթիռահրետանային տարբեր համակարգեր, ինչպես նաև զրահամեքենաներ:

Հատկանշական է, որ 1994-1995թթ-ի հրադադարի համաձայնագրերի առկայության պարագայում ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում ստանձնած պարտավորությունները, այլև կարծես մոռանալով դրանց գոյության մասին՝ շարունակում է հղվել ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին՝ այն էլ շեշտը դնելով այդ բանաձևերի պահանջներից ընդամենը մեկ կետի վրա՝ հայկական զորքերի դուրսբերում: Այս համատեքստում կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա.

Նախ, ՄԱԿ ԱԽ բանաձևերում բացի Ադրբեջանի կողմից բարձրաձայնված կետից, առաջնային պահանջ էր կրակի, բոլոր ռազմական գործողությունների ու թշնամական ակտերի անհապաղ դադարեցումը: Ադրբեջանի կողմից այս պահանջի չկատարման ու ռազմական գործողությունների շարունակման, գործնականում այդ բանաձևերի վրա հիմնվելու անհնարինության արդյունքում էր, որ ավելի ուշ առաջարկվեց զինադադարի համաձայնագիր՝ հաշվի առնող այդ պահին ստեղծված նոր իրավիճակը: Չնայած այս համաձայնագիրը ստորագրելուն՝ Ադրբեջանն առ այսօր շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: 

Երկրորդ, արդյո՞ք անընդհատ ՄԱԿ ԱԽ բանաձևերին հղվելով, միևնույն ժամանակ շարունակելով սահմաններին լարվածության ստեղծումը՝ Ադրբեջանը փաստացի չի հրաժարվում 1994-95թթ-ի հրադադարի համաձայնագրերից: Գուցե Ադրբեջանի այս քաղաքականությունից բխող տրամաբանական քայլը պետք է լիներ այդ համաձայնագրերից հրաժարումը, եթե չլինեին մի քանի սեփական շահերին հակասող հանգամանքներ: Ադրբեջանի իշխանությունների համար ակնհայտ է, որ նման քայլը թե´ սեփական, թե´ միջազգային հանրության կողմից կընկալվի որպես ապակառուցողական գործողություն, միևնույն ժամանակ այն կմեծացնի պատերազմի վերսկսման վտանգը, ինչը ալիևյան կլանի համար կարող է սեփական իշխանությունը կորցնելու լուրջ սպառնալիք դառնալ:

Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը փորձում էր հղում կատարել միայն ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր ձեռք բերված պայմանավորվածությանը՝ փորձելով ցույց տալ իբրև թե այն եկել է փոխարինելու 1994-95թթ-ի անժամկետ համաձայնագրերին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, երկրի իշխանությունները խուսափեցին այս մասին բացահատ բարձրաձայնել, իսկ անուղղակի փորձերն էլ ձախողվեցին: 

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա իրավիճակը որևէ կերպ չի համապատասխանում 1994, այնուհետև 1995թ-ին Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Սրանով է պայմանավորված այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, չնայած հասցեականության բացակայությանը, պարբերաբար կոչ են անում պահպանել 1994-95թթ-ի հրադադարի անժամկետ համաձայնագրերը: Ակներև է նաև այն, որ առնվազն այս համաձայնագրերի կնքման միջնորդները չեն կարող անտարբեր լինել զինադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ և պետք է առավել կոշտացած դիրքորոշում որդեգրեն Բաքվի նկատմամբ: Սա վերաբերում է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնց նպատակն էր «վստահության կառուցումից հակամարտության կարգավորում» մոտեցման կյանքի կոչումը: Մոտեցում, որն իր մեջ ներառում է մի շարք հարցեր, այդ թվում՝ զինադադարի ռեժիմի պահպանում, ագրեսիվ հռետորաբանության բացառում և մի շարք վստահության միջոցներ: Ադրբեջանը, սակայն, հերթական անգամ հրաժարվում է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները (միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում), որոնք ուղղված են նվազեցնելու պարբերաբար կրկնվող միջադեպերը և դիվերսիոն փորձերը, ինչպես նաև հստակ մատնանշելու հրադադարի ռեժիմը խախտող կողմին:

Ստեղծված իրավիճակում, գուցե, բացի վերը նշված պայմանավորվածությունների կատարումից, տրամաբանական կարող է լինել Ադրբեջանի, ԼՂՀ և ՀՀ միջև միջնորդների հստակ երաշխիքներ պարունակող ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի ստորագրումը, որն էական քայլ կլիներ կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման համար՝ նպաստելով արդյունավետ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: