ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ «ցավոտ կողմերը» Թուրքիայի ձեռքում դարձան հերթական հաղթաթուղթ

Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների վերականգնման համար մեկ տարվա գործողությունների ծրագիր են համաձայնեցրել: Հետաքրքիր է, որ նման համաձայնեցումը տեղի է ունենում Թուրքիա-ԵՄ փոխադարձ մեղադրանքների, Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, խոսքի ազատության սահմանափակումների, բռնաճնշուների ու ձերբակալությունների ֆոնին: Այնուամենայնիվ, նման պայմանավորվածության ձեռքբերումն ապացուցում է բավականին շատ շրջանառվող հետևյալ տեսակետի ճշմարտացիությունը. ԵՄ-Թուրքիա փոխադարձ շահերով պայմանավորված՝ կողմերից և ոչ մեկն այսօր միմյանց դեմ ուղղված մեղադրանքներից անցում չի կատարի հստակ և կոշտ գործողությունների:

Ձեռք բերված պայմանավորվածությունները մասնավորապես վերաբերում են վիզային ռեժիմի ազատականացմանն ու փախստականների ընդունման հարցում ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնությանը: Հարցեր, որոնք Թուրքիան բազմիցս օգտագործել է ԵՄ դեմ որպես սպառնալիք: Իսկ որո՞նք կարող էին լինել այս համաձայնության ձեռքբերման հիմնական պատճառները:

Նախ պետք է նշել, որ այսօր Թուրքիայում ստեղծվել է նոր իրականություն: Երկրում հաստատվել է կառավարման նախագահական համակարգ, իսկ Էրդողանն էլ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դարձել է առաջին նախագահը, ով նաև հանդիսանում է կուսակցական (օրերս Էրդողանը դարձավ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը): Լուծելով սեփական իշխանության հարցը և երկրում գրեթե ամեն ինչ իր իսկ վերահսկողության տակ վերցնելով՝ Էրդողանն խնդիր ունի բալանսավորել երկրի արտաքին քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել՝ չկորցնելու իր կարևոր գործընկերոջը՝ ԵՄ-ին: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում բավականին փոքրաթիվ են դարձել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների կողմից ԵՄ-ին ուղղված քննադատությունները, իսկ վերջերս էլ Էրդողանը հայտարարեց, որ չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին՝ Թուրքիան ձգտելու է ԵՄ անդամակցության:

Այս համատեքստում պատահական չէ նաև այն, որ գործողությունների ծրագրի համաձայնեցման ժամանակ ԵՄ կառույցների ղեկավարներն իրենց մտահոգությունը հայտնեցին Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնման հետ կապված, որին Թուրքիայի նախագահի արձագանքը եղավ «հանգստացնող» բնույթի. «Թուրքիայի կառավարությունը կքննարկի մահապատժի վերականգնման հարցը, եթե այդ մասին նախագիծ ներկայացվի խորհրդարան»: Նման հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հատկապես վերջին շրջանում մահապատժի հնարավոր վերականգնման մասին խոսակցությունները նպատակ էին հետապնդում հանրաքվեի շուրջ եղած աղմուկից շեղել միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ ուշադրությունն, ինչը, կարծես, ստացվեց: Իսկ այժմ էլ աստիճանաբար Թուրքիան կսկսի հրաժարվել այդ գաղափարից իբրև «բարի կամքի դրսևորում»՝ արժանանալով Եվրոպայի բարձր գնահատանքին:

Ինչ վերաբերում է Եվրոպայի դրդապատճառներին՝ Թուրքիայի հետ գալ նման համաձայնության, ապա ինչպես նախկինում, այսօր նույնպես ԵՄ համար միգրանտները հանդիսանում են գլխավոր անվտանգային խնդիր: Նման իրավիճակում ԵՄ-ն Թուրքիային դիտում է որպես հիմնական աջակից, որը կարող է թեթևացնել միգրաների հետ կապված բեռը: Բացի այդ, Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանում ԵՄ գլխավոր գործընկերը, ուստի տարածաշրջանում իր ազդեցությունը չկորցնելու համար ԵՄ-ն պատրաստ է սահմանափակվել միայն հնչեցվող քննադատություններով և քայլ ընդառաջ անել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

Այսպիսով, ԵՄ-Թուրքիա հարաբերությունները մտնում են նոր շրջափուլ: Ակնկալել, որ այդ հարաբերություններում սառույցն արագ կհալվի և կսկսվի սերտ համագործակցության փուլ, տրամաբանական չէ, սակայն, հաշվի առնելով վերը նշված փոխադարձ շահերը, կարձանագրվի դրական դինամիկա: Իսկ սա նշանակում է, որ Էրդողանին հերթական անգամ հաջողվեց «փոշի փչել» միջազգային հանրության աչքերին և ճիշտ «խաղալ» այն հարցերի հետ, որոնք հանդիսանում են ԵՄ «ցավոտ կողմերը»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: