Չեռնոգորիան՝ ՆԱՏՕ-ի նոր անդամ. ՌԴ հետ լարվածությունն ավելի է սրվում
Այսօր՝ հունիսի 7-ին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա Չեռնոգորիայի դրոշի բարձրացման արարողությունը՝ որպես դաշինքի 29-րդ անդամ: Չեռնոգորիայի անդամակցության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 5-ին Վաշինգտոնում:
Այս իրադարձությունը միանշանակ չընդունվեց ո՛չ Չեռնոգորիայում, ո՛չ նրա սահմաններից դուրս: Ընթացիկ տարվա ապրիլին՝ անդամակցության փաստաթղթի վավերացման ժամանակ, կողմ քվեարկել է 46 պատգամավոր՝ չնայած ընդդիմության բոյկոտին (երկրի խորհրդարանում կա 81 պատգամավոր): Ինչևէ, երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը դաշինքին անդամակցությունն անվանել է «պատմական իրադարձություն երկրի և ազգի» համար: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրենց մշտական կայունություն է երաշխավորում, հայտնում է РИА Новости-ն: Անվտանգության ամրապնդման տեսանկյունից երկրի անդամակցության մասին իր կարծիքն է հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, ըստ նրա, Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սոսկ աշխարհաքաղաքական բնույթ է կրում, և այն չի ամրապնդի ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ այդ երկրի անվտանգությունը, քանի որ Չեռնոգորիային ոչ ոք չէր սպառնում և չի սպառնա: Ըստ Լավրովի՝ դա միայն կհանգեցնի նոր ծախսերի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների համար, հայտնում է RT-ն:
Այս իրադարձությունների ֆոնի վրա ՌԴ-Չեռնոգորիա արդեն իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են սրվել: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը որոշում էր ընդունել միանալ հակառուսական պատժամիջոցներին: Նրա խոսքերով, երկիրը միացել էր հակառուսական պատժամիջոցներին արագացնելու համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացը, հիշեցնում է Rambler.ru-ն: Բացի այդ, ավելի վաղ Չեռնոգորիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանն «ակտիվ միջամտել է երկրի ներքին գործերին»: Պաշտոնական Մոսկվան հերքեց մեղադրանքները՝ անվանելով դա ՆԱՏՕ-ին անդամակցությունն արդարացնելու փորձ: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխան քայլեր է ձեռնարկելու: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն զգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին, որ Չեռնոգորիայում նկատվում է հակառուսական տրամադրությունների բռնկում՝ խորհուրդ տալով զերծ մնալ ուղևորություններից դեպի այդ երկիր:
Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանգեցրեց Ռուսաստանի հարաբերութությունների սրման ոչ միայն այդ երկրի, այլև առավել լարեց հարաբերությունները դաշինքի հետ: ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են դեռևս 2014 թվականի մարտին՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու գործընթացի ֆոնին: 2014 թվականի մարտի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել ՌԴ հետ հարաբերությունները: 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատեցին ՌԴ-ի հետ ցանկացած գործնական և ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը, սակայն պայմանավորվեցին պահպանել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի կապերը դեսպանների և ավելի բարձր մակարդակով: 2016 թվականի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատեցին ռոտացիայի սկզբունքով դաշինքի մեկական գումարտակի տեղակայումը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում: Ռուսաստանն այս ամենը դիտարկում է որպես 1990 թվականի փետրվարին Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության խախտում, համաձայն որի ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի արևելք: Բացի այդ, 1997 թվականին կնքված ՌԴ-ՆԱՏՕ հիմնադիր ակտի համաձայն՝ դաշինքը պարտավորվում է մշտական ռազմական ուժեր չտեղակայել իր նոր անդամների տարածքում: Ակտում նաև նշվում էր, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն չեն դիտարկում միմյանց որպես հակառակորդներ: Սակայն դաշինքի ընդարձակումը դեպի արևելք դարձել է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում հիմնական խնդիրներից մեկը:
Ինչևէ, Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դաշինքի համար կարևոր է Ռուսաստանի սահմանների մոտ ինչպես իր, այնպես էլ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդման տեսանկյունից: Չեռնոգորիայի անդամակցությամբ ավարտվում է դաշինքի վերահսկողության հաստատումն Ադրիատիկ ծովի շրջանում, քանի որ մյուս առափնյա երկրները (Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա և Ալբանիա) արդեն իսկ ՆԱՏՕ-ի կազմում են:
Տեղեկանք
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն, Հյուսիսատլանտյան դաշինք (North Atlantic Treaty Organisation, NATO) – եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի ռազմաքաղաքական դաշինք, որն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրմամբ (ԱՄՆ, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա և Ֆրանսիա): Այժմ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնում է 29 երկրի:
Համաձայն 1949 թվականի պայմանագրի, ՆԱՏՕ-ի հիմնական նպատակ հանդիսանում է իր անդամ-պետությունների ազատության և անվտանգության ապահովումը քաղաքական և ռազմական միջոցներով:
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածի, անհրաժեշտ է բավարարել ներքոնշյալ կետերին.
- Երկիրը պետք է գտնվի Եվրոպայի տարածքում
- ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է համաձայնություն տան տվյալ երկրի անդամակցությանը
Ընդ որում, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ կարող է հավելյալ պահանջներ ներկայացնել անդամակցության թեկնածու երկրին:
1999 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ընդունվել է պարտավորությունների ցանկ, որոնք պետք է կատարի ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկիրը: Փաստաթղթում հստակեցվում է, որ թեև դրանց կատարումն ազդում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որոշման վրա, սակայն վճռորոշ չէ: Մասնավորապես, անդամակցության թեկնածու երկրները պետք է.
- Խաղաղ ճանապարհով կարգավորեն իրենց առնչվող միջազգային վեճերը
- Կարգավորեն էթնիկ, տարածքային և քաղաքական հակամարտությունները՝ ելնելով ԵԱՀԿ-ի սկզբունքներից
- Հավատարմություն դրսևորեն մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը
- Կազմակերպեն անհրաժեշտ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ
- Տեղեկություն տրամադրեն երկրի տնտեսության և բյուջեի մասին
- Կատարեն անհրաժեշտ կազմակերպչական, տնտեսական և ռազմական ներդրում ՆԱՏՕ-ի աշխատանքներում, այդ թվում՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի առաքելություններին
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը երկխոսություն է ցանկանում ՌԴ-ի հետ միջուկային թեմատիկայի շուրջ. Պետդեպարտամենտ Ցավոք, մենք ստիպված եղանք կասեցնել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման...
- Բայդենն անհանգստացած է, թե Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալ Պուտնը կարծել է, թե կակարողանա բաժանել ՆԱՏՕ-ն:
- ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել պատրիարք Կիրիլի նկատմամբ Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաև ԵՄ սև ցուցակում ևս 58 մարդու ընդգրկում է ենթադրում:
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ