ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 612,58 դրամ ԱՐԾԱԹ - 265,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 395,74 դրամ

Հայաստանը համանախագահներից ակնկալում է ոչ միայն հայտարարություններ. Նարեկ Մինասյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը, Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանային այցով հունիսի 10-ին ժամանեցին Հայաստան, իսկ հունիսի 12-ին մեկնեցին Արցախ: Հունիսի 19-ին տեղի կունենա համանախագահների այցը Բաքու: Նախատեսվում է, որ տարածաշրջանային այցի արդյունքների հիման վրա համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Համանախագահների տարածաշրջանային այցը դեռևս չի ավարտվել, սակայն դրա ընթացքի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

 

- Համանախագահների տարածաշրջանային այցը դեռևս չի ավարտվել, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է գնահատել համանախագահների այցը Հայաստան և Արցախ: Ո՞ր խնդիրներն են եղել առաջնային:

- Համանախագահների տարածաշրջանային այցի ամբողջական գնահատականի մասին թերևս կարելի է խոսել նրա ավարտից հետո: Այնուամենայնիվ, եթե խոսենք Հայաստան և Արցախ այցելության մասին, կարելի է նշել, որ այցից ակնկալիքները մեծ չէին: Բացի հակամարտության գոտում իրավիճակին ծանոթանալուց, այցի շրջանակներում կարևորվել է 2016թ-ին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ուղղված են փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, մասնավորապես հրադադարի ռեժիմի պահպանման և հետաքննության մեխանիզմների ներդրմանն առնչվող հարցերի: Ըստ էության, հայկական կողմերն իսկզբանե պատրաստակամ են եղել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գործընթացը կասեցնողը հենց ադրբեջանական կողմն է: Պաշտոնական Բաքուն պնդում է, որ  հրադադարի ռեժիմի պահպանմանը և փոխվստահության միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերը երկրորդական են, և պետք է նախևառաջ կենտրոնանալ հակամարտության կարգավորման քաղաքական բանակցությունների վրա: Այնուամենայնիվ, Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ առանց հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխվստահության միջավայրի ձևավորմանն ուղղված մեխանիզմների ներդրման, քաղաքական բանակցությունների, առավել ևս փոխզիջումների մասին խոսելն իրատեսական չէ: Այլ կերպ ասած՝ ինչպես կարելի է  բանակցել և ակնկալել հակամարտության լուծում, եթե քեզ վրա կրակում են: 

Շուրջ մեկ տարի է անցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, սակայն որևէ էական առաջընթաց դրանց իրականացման հարցում չունենք: Պարբերաբար բարձրաձայնվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, սակայն դրա հետ կապված ևս չկա վերջնական որոշում: Կցանկանայի ընդգծել, որ խոսքը գնում է միայն թվաքանակի և ոչ թե լիազորությունների մասին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դեսպան Կասպրշիկի աշխատակազմի ընդլայնումը որևէ լուրջ դրական ազդեցություն չի կարող ունենալ հրադադարի ռեժիմի պահմանման հարցում:

- Եթե հաշվի առնենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությունը և հունիսի 10-ին նրանց հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ կոնկրետ գործողությունների դիմելու կոչը, կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթացում նկատվում է որոշակի փոփոխություն:

- Նախ նշեմ, որ համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր: Հայտարարությունն ուրախության առիթ չէ, այն բավական տրամաբանական քայլ է, ինչի անհրաժեշտության մասին հայկական կողմերը մշտապես բարձրաձայնել են և, հուսով եմ, կդառնա համանախագահների մշտական ձեռագիր: Եթե հակամարտության կողմերից մեկը պարբերաբար խախտում է հրադադարի համաձայնագրերը (ի դեպ համանախագահ երկրներն ինչ-որ առումով նաև հրադադարի համաձայնագրերի երաշխավորներն են) և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա առավել քան բնական և անհրաժեշտ է, որպեսզի միջնորդներն իրենց հայտարարություններում հրաժարվեն համահարթեցման սկզբունքից և մատնանշեն խախտողին: Դա կարևոր է հնավոր ռազմական արկածախնդրությունների կանխման համար:

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությանը, ապա կարող ենք այն որակել որպես հայկական կողմի դիրքորոշման որոշակի կոշտացում, ինչը բավական ողջունելի է: Հայաստանը համանախագահներից ակնկալում է ոչ միայն հայտարարություններ: Հասցեական հայտարարությունները, որքան էլ կարևոր են, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դրանք չեն կարող լիովին սթափեցնել Բաքվին: Դրա համար անհրաժեշտ է, որ համանախագահները դիմեն նաև այլ գործողությունների: Այս պահանջը, վստահ եմ, նախկինում բազմիցս բարձրաձայնվել է դիվանագիտական խողովակներով կամ փակ դռների հետևում ընթացող բանակցությունների ժամանակ: Այն, որ արտգործնախարարի կողմից այդ պահանջը բարձրաձայնվում է հրապարակայնորեն, ցույց է տալիս մեր դիրքորոշման մեջ նկատվող որոշակի փոփոխությունը: Դա բնական է. հայկական կողմի կառուցողականությունը չի կարող լինել անսահմանափակ և պետք է հիմնվի չոր պրագմատիզմի վրա:

Ինչ վերաբերում է արտգործնախարարի նշած կոնկրետ գործողություններին, ապա դրանք կարելի է առանձնացնել երկու տիպի: Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրենց մանդատի շրջանակներում այնպիսի քայլերի ձեռնարկումն է, որոնց արդյունքում Ադրբեջանը ստիպված կլինի մեղմել իր ապակառուցողական դիրքորոշումը: Երկրորդը այն գործողություններն են, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են ձեռնարկել Ադրբեջանի հետ իրենց երկկողմ հարաբերություններում՝ ուղղակի և անուղղակի եղանակով նրան ստիպելով առավել կառուցողական լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 28.97 կմ/ժ
3 C°
 
   
20.01.2018
-1°   
21.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: