ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան սկսել են «ամուսնալուծության» գործընթացը

© СС0 Public Domain

Բրյուսելում հուլիսի 19-ին ԵՄ կազմից դուրս գալու հարցերով բրիտանական նախարար Դեյվիդ Դևիսը և ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիյեն սկսել են ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները. կողմերին արդեն հաջողվել է մշակել հետագա բանակցությունների ժամանակացույցը և հիմնական թեմաները:

Նախատեսվում է, որ բանակցությունները կանցկացվեն երկու փուլով. առաջին փուլում կողմերը կհամաձայնեցնեն ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանները:

Նշվում է, որ առաջին հերթին բանակցություններում կքննարկվեն Մեծ Բրիտանիայում ԵՄ երկրների քաղաքացիների և ԵՄ երկրներում բրիտանացիների իրավունքներին և Բրիտանիայի կողմից՝ որպես ԵՄ անդամ պետության ստանձնած բոլոր ֆինանսական պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը: Կողմերն այս փուլում փորձելու են նաև համաձայնեցնել Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի կարգավիճակային հարցերը:

Այս երեք հարցերում բավարար առաջընթացի դեպքում ենթադրաբար սեպտեմբերին կսկսվի բանակցությունների երկրորդ փուլը՝ կքննարկվեն Լոնդոնի և Բրյուսելի միջև առաջիկա հարաբերություններին և ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ բանակցային հարցերի նման հերթականության հետ Լոնդոնում այդքան էլ համամիտ չեն: Վարչապետ Թերեզա Մեյը պնդում է, որ ԵՄ կազմից դուրս գալու և առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվեն իրար զուգահեռ:

Սակայն բանակցություններում այժմ ամենախնդրահարույց հարցը ԵՄ կազմից դուրս գալու համար նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց Բրյուսելին Լոնդոնի վճարելիք գումարի չափն է: Որոշ հաշվարկների համաձայն՝ խոսքը 100 մլրդ եվրոյի մասին է: Լոնդոնում չեն համաձայնում այս պահանջի հետ. բրիտանական իշխանությունները համարում են, որ նման վճարները արդարացված չեն, իսկ մի շարք նախարարներ անգամ վստահ են, որ դեռ ԵՄ-ն է պարտք Բրիտանիային։

ԵՄ ներկայացուցիչների խոսքով, վճարների հարցով տարաձայնությունների շրջանակի նեղացումը կդառնա այդ բանակցությունների գլխավոր փորձությունը։ 

Բանակցությունները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի մարտի 31-ը: Հակառակ դեպքում՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը տեղի կունենա առանց երկկողմ պայմանագրի ստորագրման, ինչի արդյունքում անցումային շրջանում երկկողմ հարաբերություններում իրավական կարգավորում չի լինի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: