ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացվել են խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման առաջարկներ

Հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևին՝ խորհրդարանական դիվանագիտությունն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Հենց այս թեմային է նվիրված եղել այսօր «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Միհրան Հակոբյանի և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանի մամուլի ասուլիսը:

«Խորհրդարանական կառավարման մոդելում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների մոդելավորման հարցում գործում է լիովին այլ փիլիսոփայություն: Այն պայմաններում, երբ մեծանում է խորհրդարանի դերակատարությունը, մեծանում է նաև խորհրդարանականների դերը դիվանագիտության ոլորտում»,- նշել է Միհրան Հակոբյանը: Նա ընդգծել է, որ այդ համատեքստում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության պոտենցիալն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների ձևաչափերում:

Խորհրդարանական դիվանագիտության նշանակության աճի համատեքստում Արամ Սաֆարյանն ընդգծել է, որ մեծանում է նաև որակյալ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: «Որակյալ որոշումներ ունենալու համար ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերը՝ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր, ունենան մշակված, գիտականորեն հղկված, քաղաքացիական տեսակետից հիմնավորված դիրքորոշումներ, որոնք կկարողանան առաջ մղել միջազգային ասպարեզում»,- ասել է Արամ Սաֆարյանը: 

Վերոնշյալը հաշվի առնելով` Եվրասիական փորձագիտական ակումբը մշակել է մի քանի առաջարկներ, որոնք կոչված են քաղաքացիական հասարակության աջակցությամբ բարձրացնել քաղաքական որոշումների որակը և նպաստել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանը: Ինչպես նշել է Արամ Սաֆարայնը, այս առաջարկները ներկայացվում են լայն քննարկման, որպեսզի նպատակահարմարության դեպքում աշնանը սկսեն կիրառվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից:

Մասնավորապես առաջարկվում է.

-  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին կից ձևավորել գիտափորձագիտական խորհուրդ, որը կարող է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին և նպաստել բարձր որակ ունեցող որոշումների ընդունմանը: Նույնանման հանձնաժողով առաջարկվում է ձևավորել նաև ՌԴ-ում՝ ռուս փորձագետների ներգրավմամբ, և տարին երկու անգամ երկու կողմերի փորձագետների և պատգամավորների համատեղ նիստ գումարել Մոսկվայում և Երևանում:

-    օգտագործել նախորդ գումարման ԱԺ-ի կողմից կիրառված փորձը և անցկացնել ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ նույնանուն գործընկեր հանձնաժողովի համատեղ նիստեր՝ խթանելու համար երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և նպաստ բերելու ներդրումների ներգրավմանը: Այս հարցում առաջարկը հիմնվում է Սերբիայի կողմից կիրառվող փորձի վրա: Սա դիտարկվում է, որպես Ռուսաստանից ներդրումների ներգրավման հնարավոր խթան:

-  ՌԴ-ում Գիտությունների ազգային ակադեմիայում գործող Եվրասիական ինտեգրման հարցերով Բյուրոյի օրինակով ՀՀ ԳԱԱ-ում ձևավորել Եվրասիական ինտեգրման հարցերի խորհուրդ, որը կոչված կլինի հավաքագրել և համակարգել եվրասիական ինտեգրացիոն գործընթանցերին առնչվող գիտական հետազոտությունները, ակադեմիական շրջանակներում մշակվող առաջարկները և դրանք ծառայեցնել պետական քաղաքականության մշակմանը: Կարևորվում է այդ խորհրդի համագործակցությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում գործող նման կառույցների հետ: Խորհրդի քարտուղարի պաշտոնում Եվրասիական փորձագիտական ակումբը տեսնում է տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանին:

Արամ Սաֆարյանը նշել է, որ այժմ Հայաստանի համար փնտրտուքի կարևոր փուլ է արտաքին քաղաքական բոլոր ուղղություններն ամրապնդելու համար: «Ուրախ կլինեմ, եթե արևմտյան ուղղությամբ աշխատող մեր գործընկերներն էլ փնտրեն նոր հարթակներ՝ Եվրոպայում Հայաստանի իմիջը բարձրացնելու և ներդրումներ գրավելու համար»,- ասել է Սաֆարյանը՝ նոյեմբերին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրի կողմից բացվող հնարավորությունները նկատի ունենալով:

Խորհրդարանական դիվանագիտության որակի բարձրացման տեսանկյունից բանախոսները կարևորել են ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ստեղծվող «Անալիտիկ խորհրդի» դերը: Արամ Սաֆարյանը նշել է, որ այդ խորհրդում միավորվել են հեղինակավոր ու իրենց ոլորտների գիտական փորձագետներ, որոնք իրենց քննարկումների միջոցով մեծ նպաստ կարող են բերել քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: «Մեր արտաքին քաղաքական որոշումների որակը կարող է բարձրանալ քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների հետ շահագրգիր քննարկման արդյունքում»,- ասել է նա: Միհրան Հոկբյանն, իր հերթին նշել է, որ այս խորհրդի ստեղծումը ցույց է տալիս, որ պատգամավորները կարևորում են քաղաքական որոշումների կայացման, իրենց դիրքորոշումների մշակման և առաջմղման գործընթացում մասնագետների հետ խորհրդակցությունը և «պատրաստ են սովորել»: Եվրասիական փորձագիտական ակումբն իր աջակցությունն է հայտնել «Անալիտիկ խորհրդի» ստեղծման գաղափարին և պատրաստակամություն հայտնել իր ներդրումն ունենալ դրա գործունեության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: