ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով

Resources | OSCE - ODIHR

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, որը ՀՀ կառավարության հրավերով դիտորդական առաքելություն էր իրականացրել Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, հրապարակել է դիտարկման արդյունքներով կազմված ամփոփիչ զեկույց։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գնահատել է ընտրությունները՝ հիմնվելով ԵԱՀԿ և այլ միջազգային պարտավորվածությունների, ժողովրդավարական ընտրությունների չափանիշների և ազգային օրենսդրության վրա:

Զեկույցում նշվում է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, հիմնարար ազատությունները հարգվել են: Ողջունելով իրավական բարեփոխումները և ընտրական օրենսդրության խախտման դեպքերը նվազեցնելու նպատակով նոր տեխնոլոգիաների ներդնումը՝ զեկույցի հեղինակները կոչ են արել ջանք գործադրել՝ կանխելու ձայների վաճառքը և պետական ծառայողների ու մասնավոր ընկերություների աշխատակիցների վրա ճնշում գործադրելը: Այդ ամենը հանգեցնում է ընտրողների շրջանում անվստահության առաջացման: Ընտրությունների օրն ընդհանուր առմամբ գնահատվել է խաղաղ և հանգիստ՝ չնայած որոշ կազմակերպչական խնդիրների:     

Նշելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրական գործընթացի բարելավման հետագա աշխատանքներում՝ զեկույցի հեղինակները որոշ առաջարկներ են ներկայացրել այդ ուղղությամբ: 

Համաձայն զեկույցի, ընտրական իրավունքի հավասարությունը պահպանելու համար իշխանությունները պետք է  միջոցներ դիտարկեն` հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունն առավել դյուրացնելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ընտրատեղամասերում քաղաքացիների կուտակում չնկատվի:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ընտրական գործընթացում տեղ գտած փոփոխությունները, որոնք հիմնված են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախորդ առաջարկների վրա, գնահատվում են որպես քայլ առաջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության ամրապնդման հարցում: Հեղինակների կողմից դրական արձագանքի է արժանացել նաև ընտրատեղամասերում ստորագրված ընտրաթերթիկների սկանավորման և հրապարակման գործընթացը՝ որպես ընտրակեղծարարության դեմ պայքարի կարևոր գործոն: Նշելով, որ միջգերատեսչական համագործակցության արդյունքում բարելավվել է նաև ընտրացուցակների ճշգրտությունը, զեկույցի հեղինակներն իշխանություններին կոչ են անում շարունակել առանց ամբողջական հասցեի ընտրողների քանակի նվազեցմանն ուղղված միջոցները:

Ըստ զեկույցի հեղինակների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պահպանել է իրավական բոլոր ժամկետները և իր աշխատանքներն իրականացրել է թափանցիկ՝ գործելով միասնական և արդյունավետ: ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի մի շարք մեկնաբանություններ է հրապարակել (հիմնականում ՀԿ-ների խնդրանքով) և ակտիվ արձագանքել է ընտրարշավի ընթացքում տեղ գտած խախտումներին:

Որպես բացթողում զեկույցում նշվում է քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև թեկնածուների և ընտրողների միջև իսկական դեբատների բացակայությունը, ինչը սահմանափակում է տեղեկատվության հասանելիությունն ընտրողների համար: Ինչևէ, որպես դրական հանգամանք զեկույցում նշվում է այն, որ չի գրանցվել որևէ միջամտություն համացանցում արտահայտվելու ազատությանը, ինչը նպաստում է ԶԼՄ-ներում քաղաքական բազմակարծությանը:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են նաև ընտրարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված իրավական որոշ դրույթների ամրապնդումը:  

Նշենք, որ սա առաջին ընտրություններն էին, որ անց են կացվել նոր կառավարման համակարգի շրջանակներում: Ինչպես հայտնի է, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հիման վրա կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Այդ փոփոխությունները սահամանփակում են նախագահի լիազորությունները՝ ի օգուտ վարչապետի և խորհրդարանի: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև ընտրական համակարգում:

 

Տեղեկանք

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ԵԱՀԿ հիմնական հաստատությունն է, որը կոչված է աջակցել անդամ երկրներին «ապահովել մարդու իրավունքների և ազատությունների ամբողջական հարգումը, հաստատել օրենքի գերակայություն, զարգացնել ժողովրդավարական սկզբունքները և (…) կառուցել, ամրապնդել և պահպանել ժողովրդավարական հաստատությունները, ինչպես նաև բարձրացնել հասարակությունում հանդուրժողականությունը» (1992թ. Հելսինկյան համաժողովի փաստաթուղթ):

Վարշավայում (Լեհաստան) հիմնադրված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստեղծվել է 1990 թ. Փարիզյան համաժողովում, որպես Ազատ ընտրությունների գրասենյակ, և սկսել է գործել 1991թ. մայիսից: Նրա եզակի մեթոդոլոգիան հնարավորություն է ընձեռում խորությամբ ուսումնասիրել ընտրական գործընթացներն իրենց ամբողջականությամբ: Աջակցության ծրագրերի միջոցով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը օգնում է անդամ երկրներին բարեփոխել իրենց ընտրական համակարգը: Գրասենյակի ժողովրդավարացման միջոցառումներն ընդգրկում են՝ օրենքի գերակայություն, իրավական աջակցություն, ժողովրդավարական կառավարում, միգրացիա ու տեղաշարժման ազատություն և գենդերային հավասարություն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: