ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց մոտեցումները վերանայելու խնդիր ունեն

Հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Բրյուսելում։ Դատելով թե՛ կողմերի, թե՛ միջնորդների տարածած մամլո հաղորդագրությունից՝ հանդիման հիմնական ձեռքբերումը սեպտեմբերին կրկին հանդիպելու շուրջ պայմանավորվածությունն է ու նախագահների հանդիպում կազմակերպելու ցանկության մասին երկու կողմերի ղեկավարներին տեղեկացնելը։

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է դիտարկումը, որ քննարկվել են բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ հարցերը։ Դա վերաբերում է քաղաքական երկխոսության համար նվազագույն պայմանների ապահովմանը, հետևաբար՝ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը։

Ստեղծված իրավիճակում, և հատկապես հուլիսի 4-ին արձանագրված միջադեպից հետո բնական է, որ համանախագահների գլխավոր նպատակը կողմերի հանդիպում կազմակերպելն էր, քաղաքական գործընթաց վերադարձնելը։ Գործում է ավանդական «բանակցություններն ավելի գերադասելի են պատերազմից» բանաձևը։

Սակայն յուրաքանչյուր հանդիպմանն ու միջնորդների տարածաշրջանային այցին ուղեկցող կամ նախորդող սրացումներն ու ադրբեջանական սադրանքներն Արցախի ու Հայաստանի սահմաններին ցույց են տալիս, որ այս մոտեցումը ևս իրեն սպառում է։ Ադրբեջանը սանձազերծում կամ հրահրում է սրացում՝ բանակցային սեղանի շուրջ դրա հաշվին փորձելով դիվիդենտներ քաղել։ Ուստի, բանակցային գործընթացի արդյունավետությունը մեծ հարցեր է առաջացնում։

Բացի այդ, սրացումները կոշտացնում են կողմերի դիրքորոշումները և առաջանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների վերանայման անհրաժեշտություն։ Այսօրվա դրությամբ հասցեական հայտարարություները բավարար չեն, և դրանք իհարկե ինքնանպատակ չեն։ Այդ հայտարարություններին պետք է հաջորդեն հստակ քաղաքական քայլեր, որոնք կմեծացնեն Ադրբեջանի կանխատեսելիությունը։ Բնական է, որ միջնորդներն արբիտր չեն և չեն կարող պատժել այս կամ այն կողմին, բայց միևնույն ժամանակ կարող են ի պատասխան Ադրբեջանի շանտաժային քաղաքականության կոշտացնել իրենց քայլերը։ Զիջողականությունն ու զգուշավորությունը հայկական կողմերի ու միջնորդների կողմից մեծացնում են Բաքվի ախորժակը՝ ստեղծելով ամենաթողության միջավայր։ Ուստի, նման զարգացումը պետք է կասեցվի։

Այս համատեքստում բավական տրամաբանական կլինի, որ ի պաստասխան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից խուսանավելու Ադրբեջանի փորձերին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագությունը բարձրացնի Արցախի հետ ուղիղ աշխատանքի ընդլայնման հարցը՝ ընդհուպ մինչև Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գրասնեյակի հիմնում։

Մի կողմից, դա իրոք անհրաժեշտություն է և անտրամաբանական է Արցախի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագների շփումների խիստ սահմանափակ լինելը։ Մյուս կողմից, Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող իր կամքը թելադրել միջնորդներին ու հայկական կողմերին և պայմանավորվածությունների չկատարումն իր համար քաղաքական հետևանքներ է ունենալու։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: