ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատար - ԱՄՆ համաձայնագիրը բավարար հիմք չէ արաբական երկրների համար

BBC

Մալազիայի հատուկ գործառույթներով նախարար Հիշամուդդին Հուսեյնը հաջորդ շաբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն՝ տեղում ծանոթանալու Կատարի հետ կապված ճգնաժամին և լուծումներ փնտրելու այդ ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն: Նախարարը նշել է, որ խնդրի լուծմանը որևէ նպաստ բերելու համար Մալազիան պետք է իմանա ճգնաժամի մանրամասները: Մալազիայի նախարարի այցը պատահական չէ, քանի որ Պարսից ծոցի երկրների միջև ստեղծված լարվածությունն այժմ գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:   

Նախորդ շաբաթ տարածաշրջան էին այցելել եվրոպական երկու առաջատար երկրների ԱԳ նախարարներ: Հուլիսի 3-5-ը այնտեղ էր գերմանացի նախարար Զիգմար Գաբրիելը, իսկ հուլիսի 7-8-ը՝ բրիտանացի Բորիս Ջոնսոնը: Նրանք երկուսն էլ այցելել են Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ և Կատար:  

Զիգմար Գաբրիելը նշել է, որ Գերմանիան չի պաշտպանում հակամարտության կողմերից որևէ մեկին, սակայն հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման հարցով, քանի որ դա կնպաստի «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Տարածաշրջան այցելել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Այցի ընթացքում Թիլերսոնն անց է կացրել մի շարք հանդիպումներ ինչպես Կատարի, այնպես էլ ճգնաժամի մեջ ներգրավված մյուս երկրների ղեկավարների հետ: ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է անցկացրել Կատարի և վերջինիս շրջափակում հայտարարած արաբական մյուս երկրների միջև միջնորդ հանդիսացող Քուվեյթի ԱԳ նախարարի հետ, հայտնում է RBC-ն: Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հակամարտության մեջ ներգրավված երկրներին զսպվածություն դրսևորել և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով:


Նշենք, որ իր այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարն ու Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ իբն Աբդուլռահման ալ-Թանին  համաձայնագիր են ստորագրել ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին: Թիլերսոնի խոսքերով, ԱՄՆ-ն մեկ նպատակ ունի՝ երկրի երեսից արմատախիլ անել ահաբեկչությունը: Ինչևէ, Ծոցի երկրների ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը միայն  տարածաշրջանում իր ռազմական և հակաահաբեկչական գործողությունների ձախողման մտավախությամբ չեն պայմանավորված, այլև նրանով, որ այս ամենը կարող է նպաստել տարածաշրջանում Թեհրանի ազդեցության աճին, որն աջակցում է Դոհային՝ թույլ տալով վերջինիս օգտվել իր օդային և ծովային տարածքներից:  

Համաձայնագրի ստրագրումից հետո Կատարի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կատարն առաջին երկիրն է, որն ստորագրել է այս ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության մասին հուշագիրը: Նա կոչ է արել Կատարը բոյկոտող երկրներին ևս ստորագրել այդ փաստաթուղթը: Չնայած այս ամենին, Կատարի դեմ դուրս եկած արաբական 4 պետություններն արդեն հայտարարել են, որ հուշագրի ստորագրումը բավարար չէ, և Կատարի դեմ հայտարարված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ Կատարին ներկայացված իրենց պահանջները կյանքի չեն կոչվել, հայտնում է CNN-ը: Այնուամենայնիվ, այդ երկրները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ պայքարում գործադրած ջանքերի համար:

Հիշեցնենք, որ Ծոցի երկրների միջև լարվածություն առաջացավ Էր Ռիադում այդ երկրների և ԱՄՆ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ անց, երբ Կատարի լրատվական գործակալություններից մեկը հրապարակեց երկրի էմիրի ելույթը, որում նա կողմ էր արտահայտվում Իրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Եվ սա այն պարագայում, որ հանդիպման ընթացքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները բոլոր հավաքվածների անունից քննադատել էին Թեհրանին իր «թշնամական քաղաքականության» համար՝ սպառնալով համարժեք պատասխան տալ: Ավելի ուշ Կատարի ԱԳՆ-ն հայտարարեց, որ գործակալության կայքը հարձակման է ենթարկվել, և այդ ելույթը տեղադրել են հաքերները: Ինչևէ, այդ հերքումը բավարար և համոզիչ չէր արաբական երկրների համար:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և  արաբական երկրների ներքաղաքական իրավիճակի ապակայունացման մեջ: Բոյկոտին ավելի ուշ միացավ յոթ երկիր՝ Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան և այլն: Միևնույն ժամանակ, Դոհայի դեմ հայտարարվեցին մի շարք պատժամիջոցներ: Կատարի իշխանությունները բոլոր մեղադրանքները հերքում են՝ շրջափակումն անվանելով ոտնձգություն երկրի ինքնիշխանության նկատմամբ: Ընդ որում, Կատարը ոչ մի կերպ չի պատրաստվում զիջել իր դիրքերը: Դրա վառ ապացույցն է այն, որ երկիրն արդեն հայտարարել է հատուկ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որը Կատարին շրջափակում հայտարարած երկրներից փոխհատուցում է պահանջելու հասցված վնասների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: