ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսական ցուցանիշները զուսպ լավատեսության տեղիք են տալիս. Եվրասիական փորձագիտական ակումբ

2017թ առաջին հինգ ամիսների տնտեսական զարգացման ցուցանիշների ուսումնասիրությունը զուսպ լավատեսության տեղիք է տալիս, բայց դեռ շատ անելիք կա:

Եվրասիական փորձագիտական ակումբը գնահատել է 2017թ առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման հիմնական միտումներն ու ցուցանիշները և հետազոտության արդյունքները ներկայացրել է մամուլին: Մասնավորապես, հուլիսի 15-ին «Արմենպրես» մամուլի ակումբում ասուլիսով հանդես են եկել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը և տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական իրավիճակին՝ Արամ Սաֆարյանն ասել է. «2017թ առաջին 5 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր երկրները գտնվում են վերելքի ճանապարհին»: Նա նշել է, որ առկա իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանը հնարավորություն ունի տարին ավարտել դրական ցուցանիշներով, ինչը զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սաֆարյանի խոսքերով, Հայաստանը կարող է գրանցել 3.4 տոկոս տնտեսական աճ:

Տնտեսության զարգացման մասին խոսելիս, նա հատկապես կարևորել է պատրաստի արտադրանքի արտահանման հնարավորությունները, ինչպես նաև զբոսաշրջության նկատվող աճը: «Այս տարի զբոսաշրջության իրական աճ է արձանագրվել: Միայն ՌԴ-ից ՀՀ զբոսաշրջիկների հոսքը աճել է 25 տոկոսով: Դա հնարավորություն է տալիս Հայաստանն իսկական զբոսաշրջության կենտրոն դարձնել»,- նշել է Սաֆարյանը: Միաժամանակ, արձանագրվել է, որ իրական առաջընթաց չի գրանցվում գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում:

Փորձագետներն ընդգծել են, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ներդրումների ներգրավմանը: «Ներդրումային մթնոլորտը փոխելու համար պետք է պահպանվի քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, որն ապահովել են, և ակտիվ համագործակցություն ծավալվի մասնավոր սեկտորի հետ՝ ներդրումների ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այստեղ դեռ շատ անելիք կա»,- ասել է Սաֆարյանը:

Բանախոսը նշել է, որ սպասումների դրական ֆոնի ներքո մեծ կարևորություն են ստանում մանրուքները: Ցանկալի ցուցանիշներին հասնելու, ներդրումների աճ ունենալու համար կարևոր է, թե ինչպես կաշխատեն մաքսային, հարկային մարմիները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները և վարկային ինչպիսի պայմաններ կառաջարկվեն տնտեսվարող սուբյեկտներին:

Աշոտ Թավադյանը ևս ընդգծել է, որ «սատանան մանրուքների մեջ է նստած»: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ուղին պատրաստի արտադրանքի արտահանումն է: Նրա խոսքերով, արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ հունվար-մայիս ամիսներին ավելացել է 23.1 %-ով, ընդ որում, արտահանման ծավալն աճել է 20.9 %-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24.4: «Դա պայմանավորված է երեք հիմնական գործոններով՝ 2015թ անորոշության վերացում, ռուբլու կայունացում և կառավարության իրականացրած հարկային բարեփոխումներ»,- ասել է Թավադյանը:

Միևնույն ժամանակ, Թավադյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամակցությունից բխող բոլոր հնարավորությունները չեն օգտագործվում: Դա պայմանավորված է ԵԱՏՄ-ում հարկա-բյուջետային քաղաքականության թույլ կոորդինացիայով, անդամ երկրների տնտեսությունը կարգավորող մակրոտնտեսական ցուցանիշների մեծ տարբերությամբ, ինչպես նաև թափանցիկության պակասով, որը  կառուպցիայի բավական բարձր մակարդակի հետևանք է:

Աշոտ Թևիկյանն, իր հերթին, նշել է, որ 2017թ հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 6.4 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ մայիսը նշանավորվել է տնտեսական ակտիվության աճի արագացված տեմպերով՝ 8.9 տոկոս: «Սա ամենաբարձր մակարդակն է 2013թ հունվարից»,- ընդգծել է Թևիկյանը: Դրանում հատկապես մեծ է արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը, առևտրաշրջանառությունը և ծառայությունների ոլորտը: Գրանցվել է նաև տրանսֆերտների աճ՝ 41.5 տոկոսով: Երկրորդ կիսամյակում նույնպես տնտեսագետները կանխատեսում են տրանսֆերտների դրական դինամիկա: Թևիկյանն արձանագրել է, որ սա դրական ցուցանիշներ են, և հիմք են ստեղծում, որ 2018-ին սկսվի կառավարության կողմից ակնկալվող տնտեսության զարգացման փուլը:

Այս կապակցությամբ Արամ Սաֆարյանն ընդգծել է. «Ես կարծում եմ, որ 2017թ-ին մեր երկիրն ունենալու է այնպիսի զարգացման հնարավորություն, որ 2018-ից իր առջև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ դնի»:

Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից նման հետազոտությունների անցկացումն ու հրապարակումն ամենամյա բնույթ է կրում: Սա նման ներկայացված երրորդ հետազոտությունն է: Եվս մի զեկույց ներկայացվելու է օգոստոս ամսին, որում կարտացոլվեն ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի համար առկա հնարավոր ակնկալիքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: