ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ ՌԴ հետ հարաբերությունների բարելավման միջո՞ց

MIGnews

ՌԴ դեմ ԱՄՆ հայտարարած պատժամիջոցները բուռն քննարկումների պատճառ են դարձել: Ոմանք կողմ են և նույնիսկ ուրախ, մյուսները հանդես են եկել դրանց քննադատությամբ:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին օրենքը: Փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների ակտիվ և շարունակական աշխատանքի արդյունք է: Այն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ, հայտնում է TASS-ը

Ուշագրավ է, որ Թրամփը փաստաթուղթը ստորագրել է փակ դռների հետևում՝ քննադատելով օրենքի ընդունումը, որն իր կարծիքով ոտնահարում է իր իսկ լիազորություններն արտաքին քաղաքականության ձևավորման հարցում, հայտնում է Reuters-ը: Օրենքը ստորագրելիս նա նշել է, որ գնում է այդ քայլին հանուն ազգային միասնության: Նրա խոսքերով՝ այդ օրենքը վկայում է, որ ամերիկացի ժողովուրդը ցանկության ունի տեսնելու, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ԱՄՆ հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Թրամփը հավելել է, որ օրենքը մշակելիս Կոնգրեսում հաշվի են առել եվրոպական գործընկերների և ամերիկյան բիզնեսի մտավախությունները՝ բարելավելով և առավել ճկուն դարձնելով օրենքի տեքստը: Չնայած այդ ամենին՝ Թրամփը միևնույն ժամանակ այն կարծիքին է, որ պատժամիջոցների մասին փաստաթուղթը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը:

Թրամփի հայտարարություններն անտարբեր չեն թողել ԱՄՆ կոնգրեսականներին: Թրամփի հակառակորդների խոսքերով՝ նրա հայտարարությունները լուրջ կասկածներ են հարուցում՝ արդյո՞ք նախագահի վարչակազմը մտադիր է հետևել օրենքին: Դժգոհություն են հայտնել նաև հանրապետականները: Նրանց կարծիքով՝ փաստաթղթի ստորագրման ժամանակ Թրամփի արած հայտարարությունների հետևանքով Ռուսաստանն այդ ամենը կընկալի որպես թուլություն: Նրանց կարծիքով՝ ԱՄՆ գործող վարչակազմը մտադիր չէ լրջորեն դիմակայել Ռուսաստանին:   

Նշենք, որ իրավիճակն իր հերթին փորձել է շտկել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ ասելով, որ օրենքը ստորագրելու Թրամփի որոշումը վկայում է, որ ներկայիս վարչակարգը ՌԴ հետ «ավելի լավ օրերի և ավելի լավ հարաբերությունների» հույս ունի, սակայն դա կախված է Ռուսաստանի հետագա քայլերից:

Չնայած ԱՄՆ նախագահի և փոխնախագահի հայտարարություններին, Մոսկվան կոշտ դիրքորոշում է որդեգրել: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ընդունելով վերոնշյալ օրենքը, ԱՄՆ-ն լայնամասշտաբ առևտրական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին՝ վերջ դնելով երկկողմ հարաբերությունների բարելավման հույսերին: Մեդվեդևը վստահ է, որ Մոսկվայի դեմ սահմաված նոր պատժամիջոցները կգործեն տասնամյակներ և ավելի կոշտ կլինեն այն սահմանափակումներից, որոնք նախատեսում էր 1974 թվականին ընդունված և միայն 38 տարի անց չեղյալ հայտարարված Ջեքսոնի ուղղումը:   

Օրենքի ստորագրումը մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ պատժամիջոցների մասին օրենքի ընդունումը ոչինչ չի փոխում, քանի որ փաստաթուղթն այսպես թե այնպես իրագործվելու էր, հայտնում է РИА Новости-ն: Խոսելով հնարավոր պատասխան քայլերի մասին` նա հայտարարել է, որ դրանք արդեն ձեռնարկվել են: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային hետ կանգնել ընտրված ուղուց:

Թրամփի ստորագրած փաստաթուղթն օրենքի ուժ է տվել Բարաք Օբամայի ղեկավարած ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված սահմանափակող միջոցառումներին, որոնք լուրջ խոչընդոտներ ստեղծեցին ՌԴ-ԱՄՆ ԶՈւ համագործակցության համար: Օրենքը մասնավորապես ենթադրում է ռուսական նավթագազային ընկերությունների դեմ պատժամիջոցների խստացում: Ամերիկացի ֆիզիկական անձանց և ընկերություններին արգելվում է ՌԴ հետ գործարքներ իրականացնել և վարկեր տրամադրել 14 օրից ավել ժամկետով:

Նշենք, որ Եվրախորհրդարանի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ին, քանի որ վերջինս չի կարող ՌԴ դեմ նման պատժամիջոցների մասին օրենք հաստատել՝ առանց ԵՄ հետ համաձայնեցնելու: Պատճառն այն է, որ նոր հակառուսական պատժամիջոցները կարող են վնասել տնտեսության ոլորտում եվրոպական շահերին: Ավելի վաղ օրենքի ընդունումը քննադատել էին նաև Գերմանիայի իշխանությունները՝ հայտարարելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին: Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է միասնական արձագանք տան ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին: Եվ միայն Լեհաստանն է, որ ողջունում է ԱՄՆ նախագահի ստորագրած օրենքը: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման որոշումը բխում է Վրաշավայի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ռազմավարական շահերից:

Որոշ փորձագետներ նշում են, որ Թրամփն ստորագրեց ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրենքը, քանի որ նրան մշտապես մեղադրում են ՌԴ հետ կապերի մեջ, և նման կերպ նա խուսափել է քննադատության հերթական ալիքից: Մյուսների կարծիքով, ԱՄՆ նախագահը վետո չի սահմանել օրինագծի ընդունման հարցում այն պարզ պատճառով, որ Կոնգրեսի երկու պալատներում ձևավորվել էր բացարձակ մեծամասնություն, որը բավարար էր նախագահի վետոն հաղթահարելու համար: Այսպիսով, նման քայլը ոչ միայն անմիտ կլիներ, այլև ավելի կսրեր կոնգրեսականների հետ առանց այն էլ լարված հարաբերությունները: Մի բան ակնհայտ է. Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի և Ռուսատանի միջև ստեղծված ամենալուրջ ճգնաժամը գնալով ավելի է խորանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: