ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փենսի «երեք ծովերի տուրնեն». ԱՄՆ գործընկերները և «ռուսական սպառնալիքը»

ТАСС

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ընդամենը 4 օրվա ընթացքում հասցրեց Տալինում բանակցություններ վարել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարների հետ, այցելել Թբիլիսի և Պոտգորիցայում մասնակցել Ադրիատիկ խարտիայի գագաթաժողովին:  Նշենք, որ Փենսի «երեք ծովերի տուրնե»-ն տեղի ունեցավ Թրամփի այցից մոտ մեկ ամիս անց:  Ավելին՝ արևելաեվրոպական երկրներում փոխնախագահի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում ավելի վաղ ԱՄՆ նախագահի կատարած հայտարարություններից:

ԱՄՆ փոխնախագահն իր շրջայցը մեկնարկեց Տալինից: Այստեղ իր ելույթներից մեկի ժամանակ Փենսը հայտարարեց, որ «իր հետ բերել է ազատ աշխարհի ղեկավարի՝ Դոնալդ Թրամփի ողջույնները»: Քաջ գիտակցելով, որ Տալինում, Ռիգայում և Վիլնյուսում միայն ողջույններ չեն ակնկալում, նա հիշատակեց 1949 թվականի Վաշինգտոնի պայմանագրի՝ ՆԱՏՕ-ի ստեղծման մասին փաստաթղթի՝ միասնական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը, որի համաձայն՝ հարձակումը ՆԱՏՕ անդամ որևէ երկրի վրա նշանակում է հարձակում բոլոր անդամների վրա: Էստոնիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Փենսը քննարկեց մի շարք այլ հարցեր: Երկրի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անդրադարձել է երկրում ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանական սարքեր տեղադրելու հարցին: Այնուամենայնիվ, վարչապետը զրույցի մանրամասները չի հրապարակել, հայտնում է TASS-ը:

Վրաստանում ԱՄՆ փոխնախագահը ևս փորձեց բավարարել երկրի իշխանությունների սպասելիքները: Նա մասնավորապես հայտարարեց, որ Թրամփը և ինքը հավատարիմ են 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի հայտարարությանը: Այս հայտարարությամբ Փենսը հստակ հասկացրեց, որ «վաղ թե ուշ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ»: Նա հավելեց, որ ԱՄՆ-ն հպարտ է Վրաստանի և վրաց ժողովրդի հետ իր բարեկամության և ռազմավարական համագործակցության համար: Փենսի խոսքերով, ԱՄՆ նախագահը գործուղել է իրեն՝ հաղորդելու բալթյան երկրներին, Վրաստանին և Չեռնոգորիային, որ ԱՄՆ-ն աջակցում է աշխարհի բոլոր ազատություն սիրող երկրներին, գրում է BBC-ն: ԱՄՆ փոխնախագահը չմոռացավ բարձրացնել նաև Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը, որը հանդիսանում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, մինչդեռ Վրաստանն այդ տարածքները համարում է իր անբաժան մաս՝ մեղադրելով Մոսկվային դրանք օկուպացնելու մեջ: Վրաստանում իր ելույթներից մեկի ժամանակ Փենսը հայտարարեց, որ Վաշինգտոնի և Թբիլիսիի ռազմավարական համագործակցությունը երբեք չի եղել այսչափ ամուր: Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա փետրվարին Մյունխենի համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահը հավաստիացրել էր Վրաստանի վարչապետին, որ Թբիլիսին շարունակում է մնալ Վաշինգտոնի կարևորագույն գործընկերներից:

Փենսի շրջայցը եզրափակվեց Չեռնոգորիայով, որը հունիսի 5-ին դարձել է ՆԱՏՕ-ի անդամ: Այստեղ ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի կազմում կան մեծ և փոքր երկրներ, սակայն ԱՄՆ-ն չունի փոքր գործընկերներ, և իրենք բարձր են գնահատում ՆԱՏՕ-ի միջոցով Չեռնոգորիայի հետ հաստատված նոր կապը: Նա կոչ է արել տարածաշրջանի ղեկավարներին առավելագույն օգուտ քաղել իրենց հանդիպումից և Ռուսաստանն անվանել է «անկանխատեսելի երկիր», որը, նրա խոսքերով, ձգտում է ապակայունացնել Բալկանները:

Նշենք, որ Փենսի այցի մասին լուրը մեծ ոգևորություն էր առաջացրել վրացական, բալկանյան և բալթյան երկրներում: Էստոնական ԶԼՄ-ները նշում էին, որ Փենսը Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, ով այցելելու է իրենց երկիր: Չեռնոգորիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ավելի քան 100 տարվա ընթացքում, երբ երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, փոխնախագահ Փենսն ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելելու է Չեռնոգորիա: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր հերթին հայտարարեց, որ փոխնախագահի այցը բացահայտ վկայում է, որ Վաշինգտոնն աջակցում է Թբիլիսիին: Նա հավելեց, որ շատ ուրախ է, որ ԱՄՆ-ն իր կարևորագույն գործընկերների շարքում դիտարկում է նաև Վրաստանը, Էստոնիան և Չեռնոգորիան:  

Փենսի շրջայցի համար երկրների ընտրությունը բնավ պատահական չէր: Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, այդ բոլոր երկրներին միավորում է «ռուսական սպառնալիքի անհանգստությունը», իսկ Փենսի այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ երկրներին: Այդ մասին Փենսն ինքն էլ հայտարարեց՝ ասելով, որ Ամերիկան միայնակ չի թողնի իր գործընկերներին «ռուսական սպառնալիքի» դեմ: Փորձագետները նշում են, որ սա Մոսկվայի համար նշանակում է երկարաժամկետ հակամարտություն, ինչի մասին վկայում է նաև Թրամփի կողմից ՌԴ դեմ պատժամիջոցերի մասին օրենքի ստորագրումը:

Եվ չնայած առաջին հայացքից թվացյալ աշխարհագրական ցրվածությանը՝ Էստոնիան, Վրաստանը և Չեռնոգորիան ունեն մի շարք ընդհանրություններ: Երեք պետություններն էլ իրենց ապագան տեսնում են արևմտյան աշխարհի կազմում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն իր հերթին ցանկանում է ամրապնդել իր դիրքերն այս տարածաշրջաններում՝ վերոնշյալ երկրների հետ զարգացնելով տնտեսական, էներգետիկ և քաղաքական համագործակցությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: