ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ի՞նչպիսին է միջազգային արձագանքը

Political Studies

Բաղդադը դեմ է Քրդստանում անկախության մասին հանրաքվեի անցկացմանը, քանի որ այն հակասում է Իրաքի սահմանադրությանը, բացի այդ, ՄԱԿ-ի ևս այն օրինական չի համարում: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ-ում Իրաքի դեսպան Հայդար Հադին, հայտնում է РИА Новости-ն: Հադին կարծում է, որ այժմ հանրաքվե անցկացնելու ժամանակը չէ՝ հաշվի առնելով երկրում տիրող տնտեսական ճգնաժամը: Դիվանագետը կոչ է արել դադարեցնել հանրաքվեի նախապատրաստությունները և բանակցել՝ խնդրահարույց հարցերի շուրջ ընդյանուր հայտարարի գալու համար: Ավելի վաղ հանրաքվեն հետաձգելու առաջարկով հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ինչևէ, Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել անկախության մասին հարաքվեն:

Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին: Այս մասին հունիսի 7-ին պայմանավորվել էին ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին և Իրաքի քրդական կուսակցությունների ղեկավարները: Ենթադրվում է, որ հանրաքվեն անց է կացվելու ինչպես ինքնավարության մեջ պաշտոնապես մտնող 4 նահանգներում, այնպես էլ Իրաքի այն շրջաններում, որոնք ԻՊ-ի վրա իրականացված հարձակումների արդյունքում հայտնվել են քրդերի վերահսկողության տակ: Նշենք, որ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունից անմիջապես հետո սկսեցին հնչել միջազգային արձագանքներ:

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացմանը:

ԱՄՆ-ի դիրքորոշումը կիսում է նաև Իրանը: Երկրի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ այդ հանրաքվեն աղետ կդառնա երկրի և ողջ տարածաշրջանի համար, գրում է "Известия"-ն: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին իր հերթին հայտարարել է, որ «Քրդստանն Իրաքի անքակտելի մաս է հանդիսանում, և Իրանն աջակցում է Իրաքի ամբողջականությունը»:

Նման դիրքորոշում ունի նաև Թուրքիան: Երկրի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը հիմնարար սկզբունքներ են Անկարայի համար: Թուրքիայի Անվտանգության խորհուրդն իր հերթին նախազգուշացրել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն «լուրջ սխալ է» և կարող է հանգեցնել «անցանկալի հետևանքների»:

Նշենք, որ Թուրքիայի և Իրանի դիրքորոշումներում նկատվող ընդհանրությունները պատահական չեն, քանի որ երկու երկրների տարածքում էլ բնակվում են մեծ թվով քրդեր:

Հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումն է հայտնել նաև Գերմանիան: ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ այս հարցում միակողմանի քայլերը կարող են խիստ սպառնալիք ներկայացնել: Նախարարի խոսքերով՝ Իրաքի ամբողջականությունը հարցի տակ դնելը ճիշտ չէ:

Պաշտոնական Մոսկվան ևս կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը, թեպետ համեմատաբար ավելի մեղմ դիրքորոշում ունի: ՌԴ-ն կոչ է արել Իրաքյան Քրդստանի և Բաղդադի ղեկավարություններին բանակցություններ սկսել՝ քննարկելու բոլոր վիճելի հարցերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ, չմոռանալով ահաբեկչության դեմ պայքարում քրդերի ունեցած ներդրումը, Քրդստանի անկախության հարցում Ռուսաստանը «գործելու է և իր դիրքորոշումը կառուցելու է միջազգային իրավունքի շրջանակներում»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ քուրդ ժողովրդի կամքը կարտահայտվի խաղաղ ճանապարհով, իսկ հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու վերջնական տարբերակները կձևավորվեն՝ հաշվի առնելով բոլոր գործոնները, այդ թվում՝ տրածաշրջանում տիրող իրավիճակը և Իրաքի հարևան երկրների դիրքորոշումները, հայտնում է ТАСС-ը: Այդուհանդերձ, նա ևս նշել է, որ «քրդերի, ինչպես նաև այլ ժողովուրդների օրինական ձգտումներն անհրաժեշտ է կյանքի կոչել միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում»:

Սաուդյան Արաբիան, թեպետ ոչ պաշտոնական մակարդակով, սակայն աջակցություն է հայտնել հանրաքվեի անցկացմանը: Սա հնարավորություն կտա վերջինիս զսպել Իրանին և Թուրքիային: Էր Ռիադի դիրքորոշումը կիսում են նաև Եգիպտոսը և ԱՄԷ-ն:

Չնայած տարբեր միջազգային արձագանքներին, ինչպես արդեն նշվեց, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը չի պատրաստվում հետ կանգնել հանրաքվե անցկացնելու գաղափարից և արդեն իսկ միջազգային դիտորդներ է հրավիրել առաջիկա հանրաքվեի ընթացքին հետևելու համար, հայտնում է Kurdistan.ru-ն: Ըստ նախնական տվյալների, դիտորդներ կուղարկի ՄԱԿ-ը և ԵՄ-ն: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ դիտորդներ կուղարկվեն նաև ԱՄՆ-ից:

Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարության կարգավիճակն ամրագրված է երկրի 2005 թվականի սահմանադրությունում: Քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը: Շատերը մտավախություն ունեն, որ Քրդստանի դե-յուրե անկախացումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել ողջ Իրաքի փլուզման համար: Բացի այդ, անկախություն ստացած քրդերը կարող են ներկայիս Քրդստանի սահմանները ընդլայնել՝ ի հաշիվ քրդական բանակի (փեշմերգա) կողմից ԻՊ-ից ազատագրված տարածքների: Ստեղծվելիք քրդական պետության տարածքում կհայտնվի նաև Քիրքուքը, որը կռվախնձոր է հանդիսանում Իրաքյան Քրդստանի և պաշտոնական Բաղդադի միջև:   

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ քրդերն անկախության մասին հանրաքվե են կազմակերպում: 2005 թվականին Իրաքյան Քրդստանում արդեն անց է կացվել նմանատիպ կամարտահայտում, և հանրաքվեին մասնակցողների մոտ 98%-ը կողմ էր քվեարկել: Սակայն, ինչպես նշում է նաև Իրաքյան Քրդստանի նախագահ Բարզանին, այն ժամանակվա հանրաքվեն կազմակերպել և անց էին կացրել հասարակական կազմակերպությունները, իսկ ներկայիս հանրաքվեն՝ կառավարությունը և քաղաքական կուսակցությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: