ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ս.Սարգսյան. Պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

tert.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում:  Հանրապետության Նախագահն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Հարգելի՛ զինվորականներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով: 

Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները: 

Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:
Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:

Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ:

Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է:

Հարգելի՛ զինվորականներ,

«Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին և գրողին, վարորդին և ծրագրավորողին, ոսկերչին և երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը և այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից: 

Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

Այստեղ, ուր թևածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլև մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:

Սիրելի՛ շրջանավարտներ,
Հարգելի՛ զինվորականներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն և մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները:
Շնորհակալություն»:

24918_b.jpg (1500×998)

24948_b.jpg (1500×997)

24920_b.jpg (1500×996)

24946_b.jpg (1500×997)

24949_b.jpg (1500×1058)

24930_b.jpg (1500×1111)

24940_b.jpg (1500×998)

24922_b.jpg (1500×998)

24954_b.jpg (1500×908)

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: