ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյանմայում մուսուլմանների ցեղասպանությու՞ն է

Настоящее Время

Ավելի քան 120 հազար ռոհինջա (Մյանմայում բնակվող ժողովուրդ, որն իսլամ է դավանում) Մյանմայից հեռացել է Բանգլադեշ վերջին երկու շաբաթների ընթացքում, երբ երկրի զինված ուժերը բռնություններ ծավալվեցին այդ մուսուլման փոքրամասնության դեմ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղվելով ՄԱԿ-ին: Ենթադրվում է, որ մինչև 15 հազար ռոհինջա ամեն օր կհատի Նաֆ գետը՝ հասնելու Բանգլադեշ, որտեղ իրենք կմիանան հազարավոր մարդկանց, ովքեր արդեն իսկ հաստատվել են մարդաշատ ճամբարներում և ժամանակավոր կացարաններում:

Օգոստոսի 25-ի առավոտյան, այսպես կոչված, Ռոհինջայի փրկության արականյան բանակը (Arakan Rohingya Salvation Army կամ ARSA) համակարգված հարձակումներ իրականացրեց իշխանությունների մի շարք սահմանային  և ոստիկանական դիրքերի վրա: Առաջին անգամ այս խումբն իր մասին հայտարարել է նախորդ տարի հոկտեմբերին՝ իրականացնելով նմանատիպ հարձակումներ: Դրանից հետո  ARSA-ի առաջնորդ Ատա Ուլան հրապարակեց տեսանյութ, որում ասում էր, որ «գաղտնիք չէ, որ աշխարհում չկա ավելի ճնշված էթնիկ փոքրամասնություն, քան ռոհինջան»: «Վերջին 60 տարիների ընթացքում մենք անընդմեջ դարձել ենք ցեղասպանություն հիշեցնող զանգվածային սպանությունների զոհ: Մեր ժողովուրդը որոշել է մեկընդմիշտ ազատվել տանջանքներից», - ասել էր նա: Մյանմայի կառավարությունը պնդում է, որ Ատա Ուլան նախապատրաստվել է Պակիստանի թալիբների մոտ և աջակցություն է ստանում Սաուդյան Արաբիայի ազդեցիկ շրջանակներից:

Նշենք, որ հակամարտության գոտին փակ է դիտորդների և լրագրողների համար: Տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն Բանգլադեշի սահմանը հատած ներկայացուցիչներից: Ռոհինջա մուսուլմանների ներկայիս վիճակի մասին պատմող լուրերն ու նկարները մեծ աղմուկ են բարձրացրել աշխարհում: Եվ թեպետ դրությունը Մյանմայում իսկապես լարված է, սակայն այդ նկարներից շատերը չեն համապատասխանում իրականությանը և  վերցված են տարբեր տարիներին աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցած հակամարտություններից ու երկրաշարժերի գոտիներից, գրում է YVI News-ը: Այս իրադարձություններին արդեն արձագանքել են նաև Ռուսաստանում բնակվող մուսուլմանները՝ Մոսկվայում Մյանմայի դեսպանության մոտ կազմակերպելով ցույց՝ ի աջակցություն ռոհինջաների:

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Աբդուլ Ֆաթթահ Խալիլ աս-Սիսին մտահոգություն են հայտնել Մյանմայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ կոչ անելով Մյանմայի իշխանություններին իրավիճակը վերցնել հսկողության տակ: Դեպքերին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ հարյուրավոր ռոհինջա մուսուլմանների մահը ցեղասպանություն է: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր հերթին Մյանմայում տեղի ունեցողը համեմատել է Հոլոքոստի հետ: Այս ամենին զուգահեռ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Մյանմայի փաստացի առաջնորդ և Նոբելյան մրցանակակիր Աունգ Սան Սու Չժիի վրա՝ կոչ անելով միջամտել և վերջ դնել ռազմական գործողություններին: Ավելի քան 300 հազար մարդ արդեն ստորագրել է խնդրագիր՝ պահանջելով Նոբելյան կոմիտեից չեղյալ հայտարարել 1991 թվականին դեմոկրատական ակտիվության համար Սու Չժիին տրված մրցանակը:

Տեղեկանք 

Մյանմա (Բիրմա). նախկինում եղել է բրիտանական գաղութ: Երկրի բնակչության մեծ մասը բուդդիստներ են: Կառավարությունը պաշտոնապես ճանաչում է 135 էթնիկ խմբավորում: Անկախության ձեռքբերումից ի վեր (1948 թվական) երկրում տեղի են ունեցել մի շարք ներքին հակամարտություններ, որոնցից շատերը շարունակվում են մինչ օրս: Համարվում է, որ Մյանմայի քաղաքացիական պատերազմն ամենաերկարատևն է ժամանակակից համաշխարհային պատմության մեջ:

Վերջին տարիների ընթացքում Մյանմայի իշխանություններին հաջողվել է զինադադարի մասին  պայմանագրեր ստորագրել 15 զինված էթնիկ խմբերի հետ, մոտ 8-ը շարունակում են բաց հակամարտությունը:

Ռաքհայն. Մյանմայի նահանգ է, որտեղ բնակվում են էթնիկ և ազգային փոքրամասնություն հանդիսացող ռոհինջա մուսուլմանները, մինչդեռ երկրի բնակչության մեծամասնությունը դավանում է բուդդայականություն: Ընդ որում, նույնիսկ Ռաքհայնում բուդդայականության հետևորդները գերակշռում են:

Ռոհինջա. Մյանմայի իշխանությունները ռոհինջայի ներկայացուցիչներին համարում են միգրանտներ հարևան Բանգլադեշից, իսկ 1942 թվականից հետո, երբ մուսուլմանները սպանեցին տասնյակ հազարավոր բուդդիստների, ռոհինջայի ներկայացուցիչներին երբեմն որակում են անգամ որպես օկուպանտներ և հրաժարվում են նրանց քաղաքացիություն տրամադրել:

Ռոհինջա մուսուլմանների և Մյանմայի բուդդիստների միջև պատմականորեն բարդ հարաբերություններ են ձևավորվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռոհինջայի ներկայացուցիչները պայքարել են բրիտանական զորքերի կողմից, մինչդեռ Մյանմայի բուդդիստները ճապոնական բանակի կողմից էին կռվում: Երկրում պարբերաբար բռնկվում են էթնիկ բախումներ, որոնց հաջորդում են բռնաճնշումները: Այդպես եղել է, օրինակ, 1978, 1991 և 2012 թվականներին: 2012 թվականից հետո Բանգլադեշում հաշվվում էր մոտ կես միլիոն ռոհինջա փախստական, սակայն այդ երկիրն ի վիճակի չէ ընդունել մեծաթիվ փախստականների, ուստի նրանք փորձում էին փախչել Ավստրալիա: Հարյուրավոր ռոհինջա մուսուլմաններ այդ ընթացքում մահացան: ՄԱԿ-ը ռոհինջան համարում է քաղաքացիություն չունեցող ամենամեծ թվով մարդկանց խումբը:

Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնը, ով ղեկավարում է ռոհինջայի դեմ ուղղված գործողությունները, հայտարարել է, որ բանակն ավարտին է հասցնում Երկրորդ համաշխարհային պատերազմի կիսատ գործերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: