ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումը պետք է իր տրամաբանական շարունակությունն ունենա

Վերջին օրերին Ադրբեջանը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները նավթադոլարների միջոցով կարողանում են լռեցնել շատերին ու ծառայեցնել իրենց շահերին, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Միևնույն ժամանակ զարմանալի չէ, որ այս մասին թե′ միջազգային հարթակներում, թե′ միջազգային մամուլում անհամեմատ քիչ է խոսվել: Այնուամենայնիվ, կարծես թե այս միտումը փոխվում է:

Բավականին հետաքրքիր էր «The Guardian» պարբերականի կողմից հրապարակված սկանդալային բացահայտումը Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի գործընկերներին կաշառելու վերաբերյալ: Հատկանշական է, որ պարբերականում ոչ թե մակերեսայնորեն խոսվում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին, այլև ներկայացվում են 2012-2014 թվականներին ավելի քան 16 000 գաղտնի բանկային վճարումների մասին տվյալներ. գումարներ, որոնք տրվել են եվրոպացի քաղաքական գործիչների և լրագրողների՝ լռեցնելու Ադրբեջանի վերաբերյալ քննադատություններն ու երկրի մասին դրական պատկեր ստեղծելու համար:

Իսկ փողերի լվացման ու կոռուպցիոն գործարքների իրականացման սխեման խոսում է այդ գործում Ադրբեջանի պրոֆեսիոնալիզմի ու փորձի մասին:  «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած սխեման գործել է հետևյալ կերպ. կանխիկ գումարը փոխանցվել է բրիտանական 4 օֆշորային ընկերությունների (Hilux Services, Polux Management, Metastar Invest , LCM Alliance) միջոցով, այնուհետև գումարը ծախսվել է տարբեր երկրներում՝ լրագրողներին ու պաշտոնյաներին կաշառելու համար: Իսկ որևէ կասկած չհարուցելու համար էլ վճարումները կատարել է Դանիայի Danske խոշորագույն բանկը Էստոնիայում գտնվող իր փոքր մասնաճյուղի միջոցով:

Թեև անանուն աղբյուրի կողմից ներկայացված փաստերը վերաբերում են միայն 2012-2014թթ-ին, առավել քան պարզ է, որ նմանատիպ գործարքները չեն սկսվել ու ավարտվել այս ժամանակահատվածում, այլ կրել ու կրում են շարունակական բնույթ: Այս բացահայտման տրամաբանական շարունակությունը պետք է լինի հարցի լուրջ և խորը հետաքննությունը և այդ սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց նկատմամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը: Չէ՞ որ այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է աշխատում Ադրբեջանի իշխանությունը և թե ինչերի կարող է հանգեցնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ որդեգրած ամենաթողությունը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 6.44 կմ/ժ
25 C°
 
21°  32° 
21.09.2017
20°  33° 
22.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: