ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական հակամարտությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Galince Travel

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Ուշադրության կենտրոնում միջազգային սուր խնդիրներն են, որոնցից մեկը Սիրիայում 2011 թվականից շարունակվող հակամարտությունն է:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իրենց ելույթներում և երկկողմ հանդիպումներում  սիրիական ճգնաժամին անդրադարձել են գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:

Սիրիական խնդրին հակիրճ անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման համար, որը կհարգի սիրիացի ժողովրդի կամքը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան Սիրիայում ունի թշնամի, որը ոչ թե երկրի նախագահ Բաշար Ասադն է, այլ իսլամիստական ահաբեկչությունը: Ֆրանսիայի նախագահի նման հայտարարությունը տպավորություն է ստեղծում, որ Մակրոնը հակասում է ինքն իրեն, քանի որ ավելի վաղ նա պնդում էր, որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը պետք է պարզապես հեռանա իշխանության ղեկից: Ամենայն հավանականությամբ արդարացնելու համար իր իսկ հակասությունը, Մակրոնը մեկնաբանել է իր խոսքերը՝ նշելով, որ Ասադի հեռանալու պահանջը խոչընդոտ էր դարձել ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ չտալով որևէ արդյունք: Ինչևէ, նա պնդել է, որ Ասադը պետք է միջազգային դատարանի առջև պատասխան տա իր ռազմական հանցանքների համար:

Մակրոնը դժգոհություն է հայտնել ոչ միայն Ասադից, այլև Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից՝ նշելով, որ դրանք դրական են, սակայն բավարար չեն համաձայնության հասնելու համար: Նա առաջարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորման համար մշակել քաղաքական «ճանապարհային քարտեզ»: Խոսքը կոնտակտային խմբի մասին է, որի կազմում կլինեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամների ներկայացուցիչներ և շահագրգիռ կողմեր: Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ սիրիական հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով, սակայն դրա համար անհրաժեշտ են արդյունավետ լծակներ: Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիայի համար գոյություն ունի երկու «կարմիր գիծ». քիմիական զենքի կիրառումը և մարդասիրական օգնության խոչընդոտումը:  

Սիրիայի հակամարտության կարգավորմանն իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաև Նյու Յորքում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մասնավորապես, նա այդ խնդիրը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ: Լավրովն ու Ին ևս ընդգծել են, որ խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին իր հերթին նշել է, որ Մերձավոր Արևելքն ահաբեկչության տեսանկյունից աշխարհում ամենախոցելի տարածաշրջանն է: 

Հաշվի առնելով Սիրիայի մեծաթիվ հայ համայնքի առկայությունը՝ բնական է, որ սիրիական խնդիրը չէր կարող դուրս մնալ նաև ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից: Վերջինս իր խոսքում պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը՝ նշելով, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները:

Շատերի համար անվերջ թվացող սիրիական հակամարտությունը Դեր Զորի ազատագրումից հետո ավարտին մոտենալու հույսեր է ներշնչում: Սիրիայի կառավարական ուժերը գործում են դանդաղ, բայց արդյունավետ: Ինչևէ, սիրիական պատերազմի հնարավոր ավարտը շատերի մոտ մտավախություն է առաջացնում, որ դրանից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կարող է Մերձավոր Արևելքից տեղափոխվել Ասիա և աշխարհի այլ շրջաններ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: