ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելի հաջողության երեք գործոնները. հետադարձ հայացք Բունդեսթագի ընտրություններին

Բունդեսթագի ընտրություններն իրենց վրա հրավիրեցին միջազգային բավական լայն ուշադրություն, ինչն առաջին հերթին կապված է ԵՄ-ում և ընդհանրապես աշխարհում Գերմանիայի դերակատարմամբ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 30-ից ավել կուսակցությունների նախընտրական շեմը կարողացավ հաղթահարել միայն 5 կուսակցություն:

Դեռ նախընտրական շրջանում պարզ էր, որ հիմնական պայքարը պետք է ընթանա Քրիստոնյա-դեմոկրատական միություն (ՔԴՄ)-Քրիստոնյա-սոցիալական միություն և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍՏԿ) միջև: Այս երկու ուժերը հետպատերազմական Գերմանիայի ողջ պատմության ընթացքում կուսակցական դաշտում եղել են դոմինանտ: Այս ընտրությունները ևս բացառություն չէին, սակայն դրանք տարբերվեցին նրանով, որ երկու ուժերն էլ արձանագրեցին ոչ միայն ակնկալվող արդյունքներից ցածր, այլ ավելին՝ պատմականորեն վատագույն արդյունքները  (ՔԴՄ-ՔՍՄ՝ 33%, ԳՍԴԿ՝  20.5%): Ըստ էության, նման արդյունքները մի կողմից վկայում են, որ ավանդական քաղաքական ուժերի նկատմամբ վերջին շրջանում նկատվող վստահության ճգնաժամը առկա է նաև Գերմանիայում (ինչպես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում), մյուս կողմից՝ դրանք խոսում են քաղաքական լանդշաֆտի ընթացող տրանսֆորմացիաների մասին: Դրանց վառ և որոշակիորեն անկանխատեսելի դրսևորումներից էր Գերմանիայում աջ պոպուլիստական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության 3 տեղում հայտնվելը՝ ձայների 12.6%-ով: Ըստ էության, բավական զարմանալի էր, ոչ միայն այն, որ ազգայնական հայացքեր ունեցող քաղաքական ուժը Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ մտնում է Գերմանիայի խորհրդարան, այլ նաև նրա ստացած բավական մեծ թվով ձայները: Նման հաջողությունը, թերևս, կարելի է բացատրել Եվրոպայում աջակողմյան ուժերի բավական մեծ ակտիվացմամբ: Միգրացիոն ճգնաժամի արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԵՄ անդամ մի շարք երկրներում աջ պահպանողական կուսակցություններին աջակցող ընտրազանգվածը սկսեց աճել, ինչի արդյունքում, օրինակ՝ Շվեյցարիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Հունգարիայում աջ  քաղաքական ուժերը ընտրությունների ժամանակ զգալի հաջողություններ  արձանագրեցին՝ տեղեր ստանալով անգամ խորհրդարանում: Ազգայնական ուժերի հաջողության բավական ակնհայտ և աննախադեպ դրսևորում էր նաև այն, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին հաջողվեց անգամ անցնել երկրորդ փուլ:

Չնայած ոչ ցանկալի արդյունքով, այնուամենայնիվ ՔԴՄ-ՔՍՄ-ին հաջողվեց ստանալ հարաբերական մեծամասնություն և կոալիցիա ձևավորելու հնարավորություն, իսկ Անգելա Մերկելին՝ ևս մեկ անգամ դառնալ Գերմանիայի կանցլեր: Ի դեպ, 63-ամյա Մերկելը կլինի Գերմանիայի պատմության մեջ 3-րդ կանցլերը (Կոնրադ Ադենաուերից և Հելմուտ Կոլից հետո), ով կպաշտոնավարի 4-րդ անգամ՝ մինչև 2021թ: Հատկանշական է, որ եթե աշխարհի ցանկացած երկրի ղեկավարի երկար պաշտոնավարումը եվրոպական քաղաքական շրջանակների կողմից դիտարկվում է «ժողովրդավարության ոգուն» ոչ այդքան  համահունչ, Մերկելի՝ 4-րդ պաշտոնավարման ժամկետը նման քննարկումների առիթ չդարձավ:

Մերկելի նման հաջողությունը թերևս ունի իր օբյեկտիվ հիմքերը: Չնայած 2015թ-ին նա հայտարարեց ներգաղթյալների համար «բաց դռների» քաղաքականության մասին, ինչը զգալի հարված հասցրեց նրա քաղաքական հեղինակությանը, այնուամենայնիվ միգրացիոն հոսքերի կրճատումը և միգրացիոն քաղաքականությունում որոշակի խստացումները Մերկելին օգնեցին համեմատաբար վերականգնել իր դիրքերը:

Մերկելի հաղթանակի մեջ, որքան էլ տարօրինակ է, իր ներդրումն է ունեցել նաև «Թրամփի գործոնը»: ԱՄՆ նախագահի պաշտոնում նման «անկանխատեսելի» անձի ընտրությունը և հնարավոր հետևանքների հետ կապված մտավախությունը Եվրոպայում և հենց Գերմանիայում մարդկանց ստիպեցին նորովի վերարժևորել Գերմանիայի դերակատարումը միջազգային հարաբերություններում: Իրավիճակի վրա իր ազդեցությունն է թողնում նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, որը որոշակի մարտահրավերներ է պարունակում ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի համար: Նման պայմաններում հասարակ գերմանացիների համար առավել կարևորվեց կայունության խնդիրը, որը ավելի լավ, քան երեք ժամկետ պաշտոնավարած և Եվրոպայի առաջնորդի համբավ ունեցող Մերկելը, հազիվ թե կարողանա ապահովել: 

Անգելա Մերկելի հաջողության երրորդ գործոնը այն իրավիճակն էր, որում գտնվում էր հիմնական մրցակիցը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: 2005թ-ից ի վեր ԳՍԴԿ-ն ՔԴՄ-ՔՍՄ-ի հետ ձևավորել է «Մեծ կոալիցիա», ուստի նախընտրական պայքարում սոցիալ-դեմոկրատների համար այդքան էլ հեշտ չէր հանդես գալ կոշտ ընդդիմադիր կամ քննադատողական դիրքերից:

Ո՞րն է հաջորդ քայլը.

Թեև ընտրությունների ընթացքում Մերկելի ղեկավարած ուժը ստացավ առավելագույն ձայներ, այնուամենայնիվ այն չի կազմում մեծամասնություն և բավարար չէ կառավարություն ձևավորելու համար: Խորհրդարանական մանդատները նախընտրական շեմը հաղթահարած ուժերի միջև բաշվել են հետևյալ կերպ՝ ՔԴՄ-ՔՍՄ՝ 246, Սոցիալ-դեմոկրատական կուսակցութուն՝ 153, «Այլընտրանք Գերմանայի համար» կուսակցություն՝ 94, Ազատ դեմոկրատական կուսացկություն՝ 80, Ձախեր՝ 69, Կանաչներ՝ 67 տեղ: Կառավարություն ձևավորելու և կանցլեր նշանակելու համար անհրաժեշտ է առնվազն 355 մանդատ: Ըստ տարբեր կարծիքների՝ ստեղծված իրավիճակում Անգելա Մերկելը ստիպված է նախաձեռնել երեք քաղաքական ուժից կազմված կոալիցիա և բանակցություններ սկսել Կանաչների և Ազատ դեմոկրատների հետ (այն կապահովի 393 մանդատ): Նման կազմով կոալիցիան, որը կուսակցությունների գույների պատճառով արդեն ստացել է «Ճամայկա» անվանումը (սև, կանաչ և դեղին գույները առկա են Ճամայկայի դրոշին), դիտարվում է ամենահավանականը, քանի որ Սոցիալ-դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ չեն գնա ՔԴՄ-ՔՍՄ-ի հետ նոր համագործակցության, իսկ «Այլընտրանք Գերմանայի համար» կուսակցության հետ չի համագործակցի հենց ՔԴՄ-ՔՍՄ-ն:

«Ճամայկա» հնարավոր կոալիցիայի ձևավորումը ևս Մերկելի համար բավական բարդ կլինի և կպահանջի որոշակի ժամանակ՝ հաշվի առնելով տարբեր հարցերի հետ կապված (օրինակ՝ միգրացիա, ԵՄ հետ փոխհարաբերություններ և այլն)  երեք ուժերի մոտեցումներում առկա տարբերությունները:

Ամփոփելով կարող ենք նշել, որ չնայած Բունդեսթագի ընտրությունների արդյունքները էական ազդեցություն չեն ունենան Գերմանիայի ներքին և արտաքին քաղաքականության վրա, այնուամենայնիվ դրանք որոշակիորեն արտացոլում են ինչպես Եվրոպայում նկատվող քաղաքական դիսկուրսի փոփոխությունը, այնպես էլ ավանդական քաղաքական ուժերի նկատմամբ նկատվող վստահության ճգնաժամը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: