ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». champord.am

Մեր Արիանան անմիջական և մշտապես հասանելի ղեկավար է։ Հենց դրա համար էլ տարօրինակ չէր, որ իր ամուսնության մասին հարցազրույցը կայացավ նրա բնակարանում՝ բաց պատշգամբում՝ շատ ընկերական միջավայրում։ Հյուրասենյակում անհանգիստ դես ու դեն էր վազվզում Արիանայի սիրելի շունը՝ Պոնչիկը, ում վրա, ինչպես ճիշտ նկատեց Արարատը՝ նախամուսնական սթրեսն ավելի շատ էր ազդել։

Արիանան ինչպես միշտ խաղաղ էր, հավասարակշռված և բացարձակ չէր տրվել զգացմունքներին։ Իհարկե փայլող աչքերն ու ոգևորված ձայնը մատնում էին գալիք երջանկության օրվա սպասումը։ Հետաքրքրվում ենք.  փոքր երկրներում հայտնիները քիչ են, զրույցները՝ շատ։ Արիանա-Լևոն զույգը քչերից է, ինչպե՞ս է ստացվում պահել ներանձնային սահմաններն ու անտեղի քննարկելի չդառնալ։ «Կարծում եմ՝ առնվազն Հայաստանում մենք սովոր ենք մեր հարաբերությունները պահել ինչ-որ չափով հանրային մակարդակում: Միանգամայն բնական է՝ հարսանիքի հետ կապված հանրային հետաքրքրասիրությունը։ Լևոնը գնահատում է մարդկանց սերն ու ուշադրությունը, հպարտանում է մարդկանց՝ իր անձի նկատմամբ դրսևորվող վստահությամբ, ես նույնպես։ Բայց և այնպես, փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել, նշելու ենք մտերիմ ընկերների ու բարեկամների հետ։ Եվ «գաղտնիության» պահպանումը բացարձակ դժվար չէ, որովհետև ավելորդ ու արհեստական ուշադրություն չենք ստեղծում»։

Արիանան նշում է, որ ամուսնությունն իրենց համար հարաբերությունների հաջորդ փուլ է նշանավորում. «Փոխադարձ նվիրվածության աստիճանը ցույց տալու միջոց է ամուսնությունը: Կարծում եմ ամեն մեկն ունի ընտրության իրավունք, թե ինչպես պլանավորի իր կյանքը: Օրինակ, Լևոնը պլանավորել էր ու հաղթեց բոլոր մրցաշարերում. սա որոշում ու նպատակ էր, ամուսնությունը նույնպես կարևոր որոշում է մեզ համար։ Երբեմն դու չես կարողանում պլանավորել կյանքդ, սակայն երբ ես և Լևոնը հանդիպեցինք, ապագայի համար հանգիստ էինք։ Մենք ցանկանում էինք մեր 20-ականներն անցկացնել նվաճումների հասնելու և անձնային աճի տրամաբանությամբ, դա այն տարիքն է, երբ մարդը լի է էներգիայով, պայքարելու ցանկությամբ։ Երեխաների ծնվելուն պես դու կորցնում ես այն տեսլականը, ուր ցանկանում էիր գնալ: Մենք ընտրեցինք ու որոշեցինք ամուսնության մասին մտածել ավելի ուշ: Ես չեմ ասում, որ ավելի վաղ տարիքում ամուսնանալը վատ է, ամենևին այդպես չեմ կարծում։ Ուղղակի սա մեր ընտրությունն է ու, ըստ իս, լավ որոշում է։ Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից: Ամուսնության ժամանակ զույգերն ամբողջությամբ նվիրվում են միմյանց: Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք։ Մենք արդեն պատրաստ ենք ամուսնության: Ի դեպ, Լևոնն այս տարի հաղթել է բոլոր մրցաշարերում»։

 Արիանան վերջերս հաճախ է բացակայում խմբագրությունից՝ աշխատելով մեզ հետ մեքենայից, հարսանեկան հագուստ փորձելիս ու հյուրերին դիմավորելիս։ Եթե սովորաբար բացակայության հիմնական պատճառները գործուղումներն են, ապա վերջին մեկուկես ամսում զբաղված է անձնական հարցերով, նշում է,որ հենց այս ընթացքում է սկսել հարսանյաց դետալներով զբաղվել, աշխատանքի ռիթմից դուրս ընկնել չէր ուզում, հետո էլ, առանձնապես ճոխություն չի ակնկալում: «Իհարկե, որպես աղջիկ ոգևորված եմ: Սակայն ես չեմ թմբկահարում ամուսնությանս մասին: Իմ ընկերներից շատերը դեռ շատ երիտասարդ տարիքից ընտրել էին հարսանյաց սանրվածքը, մազերի, զգեստի ձևն ու գույնը: Անկեղծ ասած, ես այդ ամենը որոշել եմ մի քանի ժամվա մեջ: Անգամ իմ զգեստն եմ ընտրել այս վերջին ամսվա, ավելի ճիշտ՝ երկու շաբաթվա ընթացքում: Ամուսնական մանրամասներով և աղջկական թիթիզությամբ այդքան էլ տարված չեմ: Ինձ համար առավել կարևորը ամուսնության խորհուրդն է: Որպես քրիստոնյա ես հավատում եմ, որ Աստծո աչքերում ամուսնությունը կարևոր է: Աստված է, որ կապում է մարդկանց միմյանց հետ: Ընտանիքի և ընկերների, ինչպես նաև Հայաստանցի ընկերների շրջապատում այդ գաղափարի տոնումը իրոք առանձնահատուկ է ինձ համար»:

Արիանան ընդգծված սեր ունի Արցախի նկատմամբ, որով վարակել է նաև մեզ, այսպիսով լեռնահայրենիք գնալիս հաճախ ենք ընկերակցում նրան՝ հետներս լուսանկարներ, հոդվածներ, ժենգյալով հաց ու թթի օղի բերելով։ Սովորաբար Արիանային ընկերակցում է մեր գործընկեր Գարեգինը: Հենց նա էլ հետաքրքրվեց.  Արցախ վերջին գործուղման ժամանակ մտածում էր պսակադրության արարողությունը հենց Արցախում կազմակերպել: Ո՞րն է այդ մտքից հրաժարվելու պատճառը: Արիանան թոթովում է ուսերը. «մեյքափը», զգեստը, սանրվածքն իր համար այնքան էլ կարևոր չէր: Գարեգինը ճիշտ է նկատել, շատ կարևոր էր հարսանյաց վայրը: Եվ… տորթը։ Երեք ամիս առաջվանից տորթերի համտեսով էր զբաղված: Մեզ էլ ուրախ լուր հայտնեց.  տորթը լինելու է «Օրեո» թխվածքաբլիթի համով, իր սիրելի քաղցրավենիքն է, Լևոնն առանձնապես չի ընդդիմացել։ Արցախի հետ կապված իսկապես լուրջ պլաններ կային։ Բնություն, բացօթյա տարածք, համեղ ավանդական ուտեստներ… Ցավոք, չստացվեց։ Արտասահմանից շատ հյուրեր ունեն, ընկերների մեծ մասն էլ Երևանում է ապրում և ֆիզիկապես հնարավոր չէ այդքան արագ Արցախում հայտնվել։ Բայց երազանք կա՝ ամուսնության տարեդարձը հավանաբար այնտեղ կտոնեն ու էլի փոքրիկ հարսանիք կունենան։

Դե, էլ ինչ հարսանիք՝ առանց օժիտի։ Կատակում ենք՝ Արիանա, գիտե՞ս՝ ինչ է օժիտը, հավաքե՞լ ես. «Իհարկե գիտեմ»,- ծիծաղում է Արիանան,- «ես ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի։ Սրա հետ մեկտեղ որոշ ժամանակակից էլեմենտներ ենք օգտագործելու։ Մեր օրերում, հատկապես Ավստրալիայում, չունենք օժիտ հասկացությունը: Եթե շատ է անհրաժեշտ, մայրս կարող է մի հարյուրանոց տալ Լևոնին (ծիծաղում է,- հեղ.)։ Բայց Ֆիլիպիններում, Հնդկաստանում այս երևույթը դեռ շրջանառվում է. երևի նրանք էլ են մի փոքր հայ»։ Օժիտն «ավանդական հարսանիք» ցուցակից ջնջվել է, բայց ազապբաշիներն ու հարսնաքույրերը տեղում են։ Չնայած լուրեր էին պտտվում, թե հայտնի մարդիկ են, սակայն այդպես չէ. «Լևոնի մտերիմ ընկերներից շատերն ամուսնացած են, դժվար էր ընտրություն կատարելը: Ես գիտեմ, որ նրա երկար տարիների լավագույն ընկերը՝ Հրանտ Հակոբյանը ամուրի է և կլինի հարսանիքի ազապբաշին: Ինչ վերաբերում է ինձ, ապա շախմատի բերումով իմ լավագույն ընկերները տղաներ են եղել: Եվ անկեղծ ասած ես էլ փոքր-ինչ «տղայական» եմ եղել: Չնայած որ իմ բոլոր ընկերները աշխարհի տարբեր ծայրերից գալու են իմ հարսանիքին, ես չէի կարող իմ տղա ընկերներին հրավիրել հարսնաքույրերի թիմ: Այդ պատճառով իմ հարսնաքույրերը կլինեն հարազատ քույրս, զարմուհիս, ով Հոլանդիայից է ժամանել, իմ հայաստանցի ընկերուհիները: Վերջիններս իմ մանկության մտերիմ ընկերուհիները չեն եղել, սակայն նրանք Հայաստանում ինձ շատ մտերիմ են դարձել վերջին տարիներին։ Հարսանյաց հանդեսին աշխարհի տարբեր անկյուններից հյուրերի ենք սպասում»։

Հատուկ «Ճամփորդի» համար Արիանան «գաղտնիք» բացեց. հնարավոր է՝ Չարենց, Սևակ, կամ Թումանյան արտասանի։ Եվ անպայման ուզունդարա է պարելու. «Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար էլ»։

Արիանան պարահանդեսային մրցույթի ժամանակ վերջերս գրավել էր առաջին հորիզոնականը։ Առհասարակ՝ սիրում է պարել։ Նույնիսկ ժողովներին երբ ինչ-որ բան ենք քննարկում, ոտքերով պարային ժեստեր է գծում հատակին, դրա համար զարմանալի չէր, երբ հասանյաց հանդեսի առաջին լուծելիքը Լևոնի հետ համատեղ պարն էր։ Բայց Լևոնը երկար ժամանակ Հայաստանից բացակայում էր, պարապմունքները վաղ սկսել հնարավոր չէր, բայց երգի հարցում երեք ամիս առաջ են պայմանավորվել։ «Նոթատետր» ֆիլմից է, Բիլի Հոլիդեյի կատարմամբ. «Այս երգի տակ ենք մենք առաջին անգամ պարել։ Գնալուց առաջ, այսինքն՝ երկու ամիս առաջ խորեոգրաֆի հետ պարապել ենք մեկ ժամ։ Գնաց աշխարհի գավաթի մրցույթներին, վերադարձավ, պարապել ենք ևս մեկ ժամ։ Պնդում է, որ հիշում է։ Ես էլ պնդում եմ, որ պարը շախմատային պարտիա չէ և չեմ հավատում։ Ամեն դեպքում, անմոռանալի կլինի»։ Հարսանիքից մեկ օր առաջ Արիանան կփորձի մի լավ հանգստանալ։ Անկեղծանում է.  վերջին ամիսներին միջինը չորս ժամ է քնում։ Աշխատում է, զբաղվում հարսանիքի պլանավորմամբ ու արտասահմանցի հյուրերին դիմավորելով։ Ամուրի լինելու վերջին օրը ուզում է իրեն նվիրել.  մարզասրահ կգնա, կհարդարի մատները, գուցե՝ իրեն մերսում նվիրի, որ վստահ քայլերով մտնի ամուսնական կյանք։ Ամուսնական ճանապարհորդության չեն մեկնում՝ չնայած մենք փորձում էինք մեր սիրելի զույգին պատկերացնել այս կամ այն գեղատեսիլ վայրի ֆոնին՝ երջանիկ փաթաթված, ու փորձում էինք գուշակել՝ որքան «լայքեր» կհավաքեն այդ գեղեցիկ լուսանկարները։

Արիանան շտապում է մեզ իջեցնել լուսանկարչական երկինքներից. «Ժամանակ չունենք: Սակայն Լևոնն ինձ գործարք է առաջարկել: Ես կազմակերպում եմ ամուսնությունը, նա՝ մեղրամիսը, որն անակնկալ կլինի։ Ներքին զգացողություն ունեմ, որ ուզում է ինձ Հնդկաստան տանել… Տեսնենք։ Բայց երբ կլինի՝ գաղափար չունեմ, մինչև տարեվերջ Լևոնը մրցումների է։ Շատ կուզեի հոկտեմբերի մեկին կամ երկուսին Արցախ գնայինք, ընկերների հետ միասին, ուզում եմ տեսնեն այդ գեղեցկությունը։ Լևոնը 2005 թվականից հետո այնտեղ չի եղել։ Մեկ էլ տեսար՝ իրականություն դարձավ, ուզում եմ հավատալ։ Հանդիպման վերջում մասնագիտական բնավորության գծերը սրվում են, Գարեգինը հիշեցնում է.  նախորդ խմբագրականներից մեկում նշել էիր, որ ուզում ես տղայիդ անունը «Մոնթե» դնել, որոշումն ուժի մե՞ջ է։ Պարզվում է՝ ուժի մեջ է, Արիանայի սերն այդ անվան նկատմամբ չի պակասել, ուղղակի ցուցակում այլ անուններ էլ են ավելացել. «Տղամարդկանց մի քանի հայկական անուններ կան, որ հավանում եմ՝ Սևակ, Արամ, Մոնթե: Ռաֆայել անունն էլ լավն է: Լևոնի հետ որոշել ենք. եթե տղա լինի, ապա ես անուն կընտրեմ նրա համար, իսկ եթե աղջիկ լինի՝ Լևոնը։ Առհասարակ, շնորհակալ եմ Հայաստանից, Լևոնին ինձ պարգևելու համար, վերջին 3 տարիներին իմ նկատմամբ ջերմ և ընկերական վերաբերմունքի համար»: Տան հեռու անկյուններից հաչում է Պոնչիկը՝ հիշեցնելով, որ տիրուհուն շատ զբաղեցնել չենք կարող, որ հարսանյաց հանդեսին մնացել է մի քանի օր ու պետք է պատրաստվեն։ Մեզ մնում է «Ճամփորդ»-ի թիմի անունից շնորհավորել մեր գլխավոր խմբագրին ու սիրելի Լևոնին, մաղթել նրանց երջանիկ միավորում, Արիանային էլ՝ առանձնահատուկ, համեղ տորթեր՝ ամբողջ կյանքի ընթացքում։

Սյունե Սևադա

Արարատ Սահակյան

Գարեգին Ալեքսանյան

Նյութի աղբյուրը՝ Champord.am


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: