ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան - Եվրոպայի խորհուրդ. «կրկին մեղավոր են հայերը»

УНН

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Եվրոպայի խորհրդից հնարավոր դուրս գալու մասին: Ալիևը մասնավորապես նշել է, որ վերջին ժամանակներս Եվրոպայի Խորհրդի պաշտոնական ներկայացուցիչները «նոր հարձակումներ են կազմակերպում Ադրբեջանի դեմ» և երկրին սպառնում պատժամիջոցներով, հայտնում է «РИА Новости»-ն: «Նախ թող նրանք ապահովեն 10 հազարից ավել որոշումների կատարումը, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է՝ կապված կառույցի անդամ-երկրների հետ: Միայն դրանից հետո կարող են խոսել Ադրբեջանի հեռացման կամ պատժամիջոցների մասին», - ընդգծել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ոչ ոք դրան էական նշանակություն չի տա, քանի որ ադրբեջանցիների կյանքում դրանից ոչինչ չի փոխվի: Ալիևի խոսքերով, Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է դարձել հանուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, «սակայն Եվրոպայի խորհուրդը հաջողության չի հասել այդ հարցում»: Բացի այդ, Ալիևը համոզված է, որ «ԵԽԽՎ-ում լոբբիստական խմբերը մշտապես հովանավորում են Հայաստանը», իսկ Ադրբեջանը մշտապես հարձակումների է ենթարկվում: Նշենք, որ միայն Ալիևը չի կարծում, որ Հայաստանը, իբր թե, Եվրոպայի խորհրդում հովանավորներ ունի: Միլի Մեջլիսի պատգամավոր Այթեն Մուստաֆազադեն ևս համոզված է, որ հայերը մեծ թվով հովանավորներ ունեն Եվրոպայում, որոնք ոչ ադեկվատ վերաբերմունք են դրսևորում Ադրբեջանի հանդեպ:      

Նշենք, որ Ադրբեջանում նմանատիպ քննարկումների պատճառ հանդիսացել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը կարող է հեռացվել կառույցից, քանի որ Բաքուն հրաժարվում է ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ չնայած Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին: Խոսքը, մասնավորապես, քաղաքացիական ակտիվիստ, «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործի մասին է, ով ազատազրկվել է իշխանություններին քննադատելու համար: Յագլանդը կոչ է արել կիրառել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 46.4 հոդվածը, որն արդյունքում կարող է հանգեցնել Եվրոպայի Խորհրդից Ադրբեջանի հեռացմանը, գրում է Eadaily-ն:

Բացի այդ, կազմակերպության գլխավոր քարտուղարը պահանջել է հետաքննություն սկսել՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների հետազոտության կենտրոնի (OCCRP) զեկույցի հետ կապված, որը վերաբերվում էր եվրոպացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, լրագրողներին և հասարակական գործիչներին կաշառելու նպատակով ադրբեջանական իշխանությունների կասկածելի ֆինանսական գործողություններին:

Հիշեցնենք, որ հետազոտության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները շռայլ կաշառքներ են տվել Եվրամիության, ԵԽԽՎ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ակնառու գործիչներին, ինչպես նաև լրագրողներին և քաղաքական գործիչներին: Պաշտոնական Բաքուն հերքեց բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ «կեղծ մեղադրանքների» ետևում իբր կանգնած են Ջորջ Սորոսը և «հայկական լոբբին»:

Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպայի Խորհուրդը մեղադրում է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման մեջ: Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլ Մույժնիեքսը ևս քննադատել էր Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Նա հայտարարել էր, որ ժամանակին իր գործընկերները կեղծ մեղադրանքներով հայտնվել են այդ երկրի բանտերում: Մույժնիեքսը նշել էր, որ ինքն արդեն քննարկել է մարդու իրավունքների հետ կապված հարցերն Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ապարդյուն: Նա հավելել է, որ չնայած անհերքելի ապացույցներին և փաստաթղթերին, ԵՄ որոշ երկրներ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում չդրսևորեցին քաղաքական կամք: 

Այս ամենին թերևս կարելի է ավելացնել միայն մեկ բան: Երբ 2001 թվականին Ադրբեջանը միացավ Եվրոպայի խորհրդին, ադրբեջանցիներն ուրախանում էին՝ կարծելով, որ երկրում կսկսեն առաջնորդվել եվրոպական չափանիշներով: Ինչևէ, չնայած Ադրբեջանը հանդիսանում է այնպիսի կազմակերպությունների անդամ, ինչպիսին են Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների խորհուրդը, մի շարք անկախ կազմակերպությունները, որոնց թվում նաև Human Rights Watch-ը, բազմիցս քննադատել են Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքները ոտնահարելու համար: Ինչպես տեսնում ենք, այդ նույն մեղադրանքով Ադրբեջանին այսօր քննադատում են ոչ միայն անկախ կազմակերպությունները, այլ նույնիսկ Եվրոպայի խորհուրդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: