ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիա, Իրաքյան Քրդստան, Արցախ. տեղին է արդյո՞ք համեմատությունը

Կատալոնիայում և Իրաքյան Քրդստանում կազմակերպված հանրաքվեները դարձան տարաբնույթ մեկնաբանությունների առիթ, որոնցում, այդ թվում՝ զուգահեռներ էին անցկացվում նաև Արցախի ինքնորոշման գործընթացի հետ: Նախևառաջ պետք է հստակ արձանագրել, որ ցանկացած միավորի ինքնորոշման գործընթաց յուրահատուկ է՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով, և անգամ որոշակի նմանությունները դեռևս բավարար չեն տարբեր գործընթացների համեմատության համար:

Կատալոնիայի և Իրաքյան Քրդստանի հանրաքվեների և Արցախի ինքնորոշման գործընթացի հետ կապված թերևս կարելի է առանձնացնել մի քանի դիտարկում՝

1. Կատալոնիայում և Իրաքյան Քրդստանում կազմակերպված հանրաքվեներն ինքնորոշման իրավունքի թեման կրկին ակտուալ դարձրեցին միջազգային օրակարգում: Այս ամենը ԼՂՀ-ի կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ուղղակի որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Սակայն, ստեղծված ֆոնը և միջազգային հանրության մոտ առկա հետաքրքրությունը բավական լավ հնարավորություն են Արցախի ժողովրդի ինքնորոշման գործընթացի վերաբերյալ իրազեկման ակցիաներ կազմակերպելու համար:

2. Ե՛վ Կատալոնիայի, և´ Իրաքյան Քրդստանի ինքնորոշման գործընթացների ֆոնին առավել քան ընկալելի է դառնում Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարը: Ի տարբերություն կատալոնացիների, ովքեր բնակվում են արևմտյան ժողովրդավարության տիպիկ մոդել հանդիսացող Իսպանիայի կազմում, որտեղ սեփական իրավունքների պաշտպանության հետ կապված երբեք խնդիրների չեն բախվում, և, ի տարբերություն Իրաքյան Քրդստանի քրդերի, ովքեր 2005թ-ին Բաղդադից լայն ինքնավարություն ստացան և որոշ դեպքերում անգամ իրականացնում էին կենտրոնական իշխանությունների գործառույթները, Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունը մշտապես ենթարկվել է խտրական քաղաքականության, և ավելին՝ Բաքվի կողմից հետևողականորեն իրականացվել է հայաթափման քաղաքականություն: Անշուշտ, նման պայմաններում ինքնորոշման գործընթացն առավել քան ընկալելի և տրամաբանական է, ավելին՝ այն ֆիզիկական անվտանգության երաշխիք է: Հատկանշական է նաև այն, որ Ադրբեջանի անկախացումից հետո հայատյացության քաղաքականությունը նոր թափ է ստացել, իսկ հայերի նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը ստացել է բավական համակարգված բնույթ:

3. Ինչ վերաբերում է Կատալոնիայի և Իրաքյան Քրդստանի հանրաքվեների և 1991թ Արցախում կազմակերպված հանրաքվեի միջև զուգահեռներին, ապա միանշանակ կարելի է պնդել, որ Արցախի հանրաքվեի իրավական հիմքերը և դրա անցկացման գործընթացն անհամեմատ ամուր են: Կատալոնիայի հանրաքվեն խնդիրներ ունի ոչ միայն լեգիտիմության հետ կապված, այլ անգամ գրանցված մասնակցության (հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 50%-ից պակաս մարդ), կազմակերպվածության հետ: Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի հանրաքվեին, ապա բավական վիճելի է հանրաքվեի կազմակերպման գործընթացը, քանզի թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանի լիազորությունների ժամկետը վաղուց ավարտվել է (ընտրությունները հետաձգվել են ԻՊ դեմ պայքարի պատճառաբանությամբ): Բացի այդ, քիչ չեն նաև հանրաքվեի ժամանակ արձանագրված կոպիտ ընտրախախտումների դեպքերը:

Ամփոփելով կարելի է նշել, որ Կատալոնիայի և Իրաքյան Քրդստանի հանրաքվեները, անկախ արդյունքներից, հանդիսանում են այդ երկու միավորների ինքնորոշման գործընթացի բավական կարևոր հանգրվան, և անշուշտ փոխում են թե՛ այդ գործընթացների բնույթը, թե՛ միջազգային ընկալումները: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: