ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական «ֆարսը» Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակում է առկախված մնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ամիսներին ակտիվորեն աշխատում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ (վերջին հանդիպումը կայացել է 2016թ. հունիսին), և ի վերջո հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցի արդյունքում նրանք հանդիպման համաձայնություն ստացան երկու երկրների նախագահներից:

Սակայն, համանախագահների այցից և հանիպմանն իր համաձայնությունը տալուց հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից:

Նախապայմաններ ասելով՝ Ալիևը թերևս նկատի ունի 2016թ-ի մայիսի 16-ին   ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն առնչվող այլ հարցերի: Պետք է ընդգծել, որ սրանք, ինչպես Ալիևն է փորձում ներկայացնել, նախապայմաններ չեն, որոնք պնդում է հայկական կողմը, այլ հանդիպումների արդյունքում ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ են, որոնց միջնորդների ներկայությամբ իր համաձայնությունն է տվել այդ թվում հենց ինքը՝ Ադրբեջանի առաջնորդը: Ինչպես երևում է, Ալիևը խնդիրներ ունի նախապայմանի և պայմանավորվածության տարբերակման հարցում: Նման շփոթը թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ պաշտոնական Բաքուն իր կողմից ստանձնած պարտավորվածություններից հրաժարվելու բավական մեծ «փորձ» ունի: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները ևս բացառություն չեն, քանզի ձեռք բերված պայմանավորվածություններից որևէ մեկի կյանքի կոչման ուղղությամբ ադրբեջանական կողմը ոչ մի տեսանելի քայլ չի կատարել և այժմ փորձում է դրանք ձևախեղել և հրաժարվել դրանցից: Այս կարևոր գործոնի վրա է ուշադրություն հրավիրվում նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ալիևի: Հակոբյան, Ալիևի հայտարարությունը որակելով սադրանք, մասնավորապես ընդգծել է, որ բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:

Առաջանում է հարց՝ ինչու՞ բանակցային սեղանի շուրջ հանդիպմանն ընդառաջ Ալիևը կատարեց նման սադրիչ հայտարարություն: Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի՝ նախկինում դրսևորած նմանատիպ պահվածքը՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը նպատակ ունի հարված հասցնել բանակցային գործընթացին: Հստակ գիտակցելով, որ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել իր մաքսիմալիստական նպատակներին (որոնք տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդին է ներկայացնում պետական քարոզչությունը), Ալիևը խնդիր ունի տապալել հերթական բանակցությունները: Սակայն, ոչ միայն պարզապես տապալել, այլ դա անել հայկական կողմի միջոցով, այսինքն՝ նախապատրաստվող հանդիպմանն ընդառաջ նման սադրիչ հայտարարություններով հայկական կողմին դրդել ապակառուցողական պահվածքի, օրինակ՝ հանդիպումից հրաժարվելը:

Բանակցային գործընթացի վրա ազդելու փորձից բացի, Ալիևի հայտարարությունը որոշակի հաղորդագրություններ է պարունակում նաև ադրբեջանական հանրության համար: Արդեն 14 տարի միանձնյա իշխող Ալիևը բավական լավ է տիրապետում հանրային տրամադրությունները մանիպուլացնելու արվեստին: Եվ, ինչպես նախկինում, փորձ արվեց սեփական հանրությանը մատուցել այն թեզը, թե բանակցային գործընթացում թելադրողը Ադրբեջանն է, իսկ հայկական կողմը միայն ստիպված է հաշտվել իրավիճակին: Թեև ադրբեջանական հանրությունը եղել է հիմնական թիրախային լսարանը, սակայն, հաշվի առնելով տեղակատվության տարածման ժամանակակից հնարավորությունները, չենք կարող բացառել, որ հայկական հանրային շրջանակներում բացասական ֆոնի ստեղծման հնարավորությունը ևս դիտարկվել է, ինչի մասին է վկայում ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարբեր լեզուերով Ալիևի հայտարարության բավական լայն տարածումը:

Բանակցային գործընթացի վրա ազդելու Բաքվի մտադրության մասին է խոսում նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հերթական սրացումը: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով հայկական կողմն անգամ ունեցավ զոհ: Վերջին տարիներին նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանը մշտապես մեծացնում է լարվածությունը սահմանագծում՝ նպատակ հետապնդելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա կամ նրան դրդել տապալել բանակցային գործընթացը:

Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ դրանք շարունակում են մնալ օրակարգում:  Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, սահմանագծից դիպուկահարների հեռացման և փոխվստահության միջավայրի ամրապնդմանն ուղղված նման այլ քայլերի կարևորության մասին բազմիցս բարձրաձայնել են ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլ նաև ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները: Ասվածի վերջին օրինակներից էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից հոկտեմբերի սկզբին արված հրապարակային հայտարարությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում դիպուկահարների հետ քաշման, դիտորդների թվի մեծացման, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգերի տեղադրման առաջարկներին:

Ամփոփելով վերոնշյալը, փաստացի կարող ենք եզրակացնել, որ Ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացը պայմանականորեն կարելի է տարանջատել երկու մասի՝ բուն քաղաքական գործընթաց և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գործողություններ, որն էլ հիմնվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկների վրա: Բացարձակ միանշանակ չէ, որ նախագահների նախատեսվող հանդիպմանը քննարկվելու է միայն քաղաքական գործընթացը: Ըստ էության, քաղաքական հարթությունը և Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման քայլերն այժմ դիտարկվում են որպես զուգահեռ գործընթացներ, ինչպես այդ մասին նախկին մի քանի հայտարարություններում ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Ըստ էության, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը տապալելու փորձերը շարունակում են և շարունակվելու են, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Ալիևի իշխանության պահպանման կարևոր գրավական: Հենց հակամարտության գործոնն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում հասարակ ադրբեջանցիների քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, նրանց իրավունքների ոտնահարումները «լեգիտիմացնելու» համար, բացի այդ, այն հնարավորություն է տալիս տարաբնույթ սխեմաներով միլիարդավոր դոլարներ յուրացնել արտաքին քաղաքան և ռազմական նպատակներով հատկացվող գումարներից, որի վերջին ապացույցներից էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: