ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերը կոչ են անում միջազգային հանրությանը միջամտել ճգնաժամին. ի՞նչ է կատարվում Իրաքում

Вестник Кавказа

Իրաքյան Քրդստանի փոխնախագահ Քոսրաթ Ռասուլը կարգադրել է Քիրքուկ ուղարկել փեշմերգայի հավելյալ 6 զինված խմբավորում, հայտնում է РИА Новости-ն: «Սպառնալիքներ կան իրաքյան բանակի կողմից, որը զորքեր է տեղակայել Քիրքուկի մոտ, ամենայն հավանականությամբ, այն գրոհելու համար: Սակայն ես չեմ հավատում, որ դա նրանց հեշտությամբ կհաջողվի», - հայտարարել է Ռասուլը: Բացի այդ, փոխնախագահը կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել ճգնաժամին՝ կանխելու պատերազմն իրաքյան զորքերի և քրդական ուժերի միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը մեղադրել էր Բաղդադին Քիրքուկի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով ռազմական գործողություններ նախապատրաստելու մեջ: Իրաքի կառավարության ղեկավար Հեյդար ալ-Աբադին իր հերթին հերքել էր քրդական իշխնությունների հայտարարությունները և ասել, որ Իրաքը չի օգտագործելու իր բանակը քրդերի դեմ:  Սակայն, հոկտեմբերի 13-ին որոշ ԶԼՄ-ներ, լուրեր տարածեցին, որ Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսում  Քիրքուքի շրջանի նկատմամբ Բաղդադի վերահսկողությունը վերականգնելու նպատակով: 

Չնայած այս ամենին, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունն ավելի վաղ կոչ էր արել Բաղդադին բանակցություններ սկսել սեպտեմբերի 25-ին անկախության մասին Իրաքյան Քրդստանի հանրաքվեին ի պատասխան Բաղդադի կողմից հայտարարված պատժամիջոցների վերացման մասին: Այդ հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Էրբիլը պատրաստ է քննարկել սահմանային անցակետերի, Իրաքյան Քրդստանի օդանավակայանների ղեկավարման, ինչպես նաև բանկերի աշխատանքի հետ կապված հարցեր: Բաղդադի հետ բանակցելու պատրաստակամության մասին հայտնել էր նաև Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Իրաքում Գերմանիայի դեսպան Կիրիլ Նաննայի հետ հանդիպման ժամանակ: Դիվանագետն իր հերթին հայտարարել էր, որ Քրդստանում կայունության հաստատումը կարևոր է Գերմանիայի համար: Նա կոչ էր արել Էրբիլին  և Բաղդադին խուսափել լարվածությունից և իրավիճակի սրումից: Բարզանին իր հերթին շնորհակալություն էր հայտնել Գերմանիային մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Նշենք, որ Իրաքյան Քրդստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ գնահատում են նաև Ռուսաստանի հավասարակշիռ դիրքորոշումը: Եվ, չնայած այն հանգամանքին, որ ամերիկացի դիվանագետ Փիթեր Գելբրեյթը հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ անկախություն ձեռք կբերի, քրդական իշխանություններն այս հարցում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը համարում են ռազմավարական սխալ, որը բխում է Բաղդադի շահերից: Այս ամենի պատճառն այն է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեն միակողմանի և ոչ սահմանադրական է:   

Նշենք, որ քրդերի վրա ճնշում գործադրելու համար պաշտոնական Բաղդադը դեռևս նախքան հանրաքվեի արդյունքների հրապարակումը մի շարք քայլեր էր ձեռնարկել, ընդ որում, ոչ միայն երկրի ներսում, այլև փորձելով ներգրավել արտաքին ուժեր՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ մի երկիր, բացի Իսրայելից, չի աջակցել քրդական հանրաքվեն: Այսպես, Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին բազմիցս հայտարարել է, որ Էրբիլի հետ երկխոսությունը հնարավոր կլինի միայն հանրաքվեի արդյունքները չեղյալ հատարարելուց հետո: Սկսած սեպտեմբերի 27-ից՝ Էրբիլի և Սուլեյմանիայի օդանավակայաններում Իրաքի իշխանությունների կողմից արգելվել են միջազգային թռիչքները: Իսկ Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիմել է Իրանի և Թուրքիայի դեսպանություններ՝ խնդրելով փակել սահմանն Իրաքյան Քրդստանի հետ, ինչպես նաև դադարեցնել բոլոր առևտրային, նախևառաջ նավթային գործարքները:

Ավելի վաղ Անկարան, Բաղդադը և Թեհրանը հայտարարել էին, որ պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե վերջինիս իշխանությունները չեղյալ չհայտարարեն հանրաքվեի արդյունքները: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմեյնին հայտարարել էր, որ Իրանը և Թուրքիան պետք է կանխեն Իրաքյան Քրդստանի անկախացումը:

Թերևս Իրաքի և իրենց տարածքում մեծ թվով քրդեր ունեցող նրա հարևան երկրների անհանգստությունը, կապված Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեի և դրա արդյունքների հետ, պատահական չէ, քանի որ այն կարող է դառնալ նախադեպ, ընդ որում, ոչ միայն անկախության ձգտող մյուս քրդերի համար: Այսպես, Իրաքի կենտրոնական և հյուսիսային նահանգներում բնակվող սունի արաբներն արդեն հայտարարել են հանրաքվե անցկացնելու ցանկության մասին: Որպես այդ հանրաքվեի նպատակ հայտարարվում է Իրաքի տարածքում սեփական ինքնավարության ստեղծումը, ինչն էապես կթուլացնի Իրաքի պետականությունը՝ հատկապես հաշվի առնելով այն իրավիճակը, որն այժմ տիրում է այդ երկրում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: