ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահների հանդիպումը դրական էր, բայց ոչ արդյունավետ

Ավելի քան մեկ տարի տևած դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ժնևում: Շվեյցարիայում հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Այն կայացավ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախագահներն ունեցան նաև առանձնազրույց:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքները համատեղ հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում, և նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:

Տվյալ հայտարարությունից կարելի է կատարել երկու եզրակացություն: Առաջին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում (չնայած Բաքուն փորձում է ամեն կերպ համոզել հակառակում), և երկրորդ՝ հակամարտության կարգավորման քաղաքական ասպեկտը և լարվածության թուլացմանն ուղղված քայլերը (այսինքն՝ պայմանավորվածությունների իրականացումը) հանդիսանում են զուգահեռ գործընթացներ:

Նախագահների հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է համարել դրական՝ մասնավորապես հետապրիլյան լարվածության ֆոնին, որը մինչև այժմ պահպանվում է, քանզի Բաքուն ամեն կերպ փորձում է խուսանավել իր ստանձնած պարտավորությունների կատարումից: Խոսքը մասնավորապես վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն առնչվող այլ հարցերի:

Այնուամենայնիվ, ինչպես և սպասելի էր, տվյալ հանդիպումն անարդյունավետ էր հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից (դրա համար որևէ նախադրյալ չկար): Ինչպես արդեն հայտարարել է նախագահ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ, որևէ կոնկրետ պայմանավորվածություն խնդրի լուծման տարբերակների մասին չկա: Ըստ էության, բանակցային գործընթացի երկու կողմերն էլ ունեն հակամարտության կարգավորման իրենց տեսլականը, ավելին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա թերևս, բանակցություններում մեր դիրքորոշման այն կարմիր գիծն է, որը չի կարող հատել որևէ հայ ղեկավար:

Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումների առիթ դարձավ նախագահների առանձնազրույցը: Նման ձևաչափը բնավ նոր չէ և նախկինում ևս կիրառվել է: Իսկ հանրային շրջանակների նման ակտիվ արձագանքը թերևս կարելի է պայմանավորել  հակամարտության լարվածությամբ և կիրառվող հռետորաբանությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: