ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է նշանակում հայ լինելը Թուրքիայում. թուրք հոդվածագրի անդրադարձը

Gobalnewscentre.com

Akunq.net-ը թարգմանաբար ներկայացնում է թուրք հոդվածագիր Էրոլ Քաթըրջըօղլուի` Հայոց ցեղասպանության և Թուրքիայում հայ լինելու բարդությունների թեմայով հոդվածը, որը հրապարակվել է սույն թվականի ապրիլ ամսին:

Հայոց  Ցեղասպանության 102-րդ տարելիցը հետևում թողնելով՝ մի քանի օրից  103-րդ տարելիցն ենք ոգեկոչելու: Լինի իշխանություն թե  ընդդիմություն, ճնշող ու ճնշվող  զանգված` բոլորը, նույն սուտ փաստարկներով շարժվելով, հերքում ու չեն ճանաչում Ցեղասպանությունը կամ ճանաչում են, բայց շարունակում են ապրել՝ Ցեղասպանության հետևանքով զավթված շարժական ու անշարժ գույքին տեր դարձած: Նրանք արդարադատությունից ու իրավունքից խոսելու բարոյական իրավունք չունեն: Դրա պատճառով է, որ արդեն 102 տարի է` այս տարածքում անհետացել է արդարության կշեռքը:

Ի՞նչ է նշանակում հայ լինել Թուրքիայում։ Բոլորս միասին մեկ անգամ էլ անդրադառնանք այդ հարցին։ Եթե ներկայում տեղի ունեցող և մեր ազատությանն ու կենսակերպին  սպառնացող վտանգի պատճառն այստեղից չսկսենք ուսումասիրել, ապա հնարավոր չի լինի ճիշտ լուծումներ գտնել։

Սեփական լեզվից, կրոնից, հազարամյա պատմություն ունեցող մշակույթից զրկվելն ու  կրոնափոխ լինելն է հայը Թուրքիայում: ‹‹Կրոնափոխ›› համարվելն էլ չկարողացավ փրկել նրանց. պետության կողմից պիտակավորվեցին, և հիմա նրանք պետական  աստիճանակարգում պահակ անգամ չեն կարողանում դառնալ․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ «Ունեցվածքի հարկի» ժամանակ կրոնափոխ եղածներից  ևս նույն չափով հարկ վերցրեցին․ հենց սա է հայ լինելը Թուրքիայում։

1915 թ․ հետո իսլամ ընդունած մի ընտանիքի մյուեզզին (նամազի հրավիրող-Ակունքի խմբ.) զավակը 2016 թվականին, երբ մզկիթի իմամի բացակայության ժամանակ կատարել է իր պաշտոնական պարտականությունները, ժողովուրդը, նամազից հետո ասել է․ «Տուն գնանք, ծիսական լվացումը թարմացնենք, նորից նամազ անենք։ Հայի կողմից արված նամազը ընդունելի չի լինի»։ Ծաղրանքի առարկա դառնալն է հայը Թուրքիայում։

Հրանտ Դինք լինելն է, ում թիկունքից դավադրաբար սպանելուց հետո մարդասպաններին հերոսացնում են ու որպես նախագահ ու պատգամավոր` պարգևատրում․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Զինվոր Սևակ Բալըքչը լինելն է, ով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, 41 փամփուշտից սպանվում է, ինչը համարում են դժբախտ պատահար։

Մեզանից յուրաքանչյուրին շատ լավ հայտնի Յաշար Քեմալ, Ահմեթ Քայա, Ռուհի Սու, Իլհան Սելչուկ, Մուսլում Գյուրսես լինելն է հայը Թուրքիայում։ Հայ ժողովրդի այս զավակներից ոչ մեկի ինքնությունը հայտարարելու ազատություն չունենալն է  հայ լինելը Թուրքիայում։

Սևան Նշանյան լինելն է։ Եթե չլիներ հայկական ինքնությունը, ապա նա պարգևատրված կլիներ պետական պատվո մեդալով։ Նման մարդուն շինծու գործով դատապարտում են բանտում փտելու համար. ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Այս տարածքում տարբերություն չկա հայի և կրոնափոխ հայի միջև: Եվ քանի որ հանրապետական շրջանում մուսուլմանը ոչ մահմեդական հարևանի ունեցվածքը համեմատաբար դժվար էր խլում, ապա քրիստոնյաները, որպեսզի հաստատեն ‹‹իրենց անունով գրանցված անշարժ գույքի՝ իրենց սեփականությունը լինելը››, ստիպված են լինում 50, 60 տարի դատարանից դատարան քարշ գալ. ահա սա է հայ լինելը Թուրքիայում ։

Ահաբեկելու, ընկճելու, աղջիկներին առևանգելու նպատակով քուրդ հարևանի կողմից հայի տան վրա արձակված գնդակների տարափի մեղավորների համար ո՛չ դատ կար, ո՛չ դատաստան:

Ցեղասպանության ժամանակ հետապնդումներից փրկվել չկարողացած հայկական մի ընտանիքի ամառանոց հանդիսացած Չանքայայի պալատն է խորհրդանշում հայը. այնտեղից մեկ դար շարունակ կառավարվել է հանրապետությունը։

Հայերին սպանելու համար որևէ պատիժ չէր կիրառվում, նույնիսկ որևէ մեկին սպանելիս միայն հայի ցուցմունքը բավարար չէր պատիժ կիրառելու համար, ինչն էլ հանգեցնում էր հավատի ու վստահության կորստի։

Քրդստանում անվտանգության ուժերի կողմից շրջափակման ենթարկված գյուղերում ու քաղաքներում պետական մեքենաներից ժողովրդի հասցեին հնչեցվող «Բոլորդ հայ եք, բոլորդ բիճ եք։ Բոլորդ մեռնելու եք» արտահայտությունները կոտորածն օրինականացնելու համար են:

Հանրապետության հռչակումից հետո, ներկայում Ադըյաման նահանգում գտնվող Քահթայում կառուցվելիք տեղական ինքնակառավարական մարմինների շենքը կառուցելու համար վարպետ քարտաշներ չկային։ Ստեղծող, արտադրող, արարող մարդիկ սպանվել էին կամ տեղահանության ենթարկվել։ Շենքի կառուցման նպատակով  Քահթայի նախորդ ղեկավար հայ Բերսոմ աղայի առանձնատան քարերն են քանդում ու ջորիների վրա բարձելով` 30 կմ տեղափոխում, այդպես են կառուցում շենքը։

1915 թ․ հետո քուրդ և հայ կանանց միջոցով ազգակցական կապերին անդրադառնալիս կատարված բռնաբարությունները, բռնության մշակույթը չեն դատապարտվում, չեն անիծվում, և այդ պատճառով էլ այսօր տեղի ունեցող անադարություններ ահնհար է հասկանալ ու դրանց համար լուծումներ գտնել։

Ահա սա է հայ լինելը Թուրքիայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    24°  14° 
    10.05.2024
    23°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: