ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րն էր Բաքու և Երևան Լավրովի այցի նպատակը

RT.com

Բավականին լայն քննարկումների ու մեկնաբանությունների առարկա դարձած Լավրովի այցը Բաքու և Երևան ավարտվեց: Այցի ընթացքում քննարկվեցին հարցեր՝ վերաբերող թե’ երկու երկրների հետ երկկողմ հարաբերություններին, թե’ միջազգային կառույցներում համագործակցությանը: Այնուամենայնիվ, երկու երկրներում հանրային ուշադրությունը կենտրոնացած էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչած տեսակետներին ու դիրքորոշումներին:

Ո՞րն էր Լավրովի այցի նպատակը Բաքու և Երևան, և ինչո՞վ այն կարևորվեց:

Նախ նշենք, որ Լավրովի այցը պետք է դիտարկել որպես Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման, այնուհետև Ռուսաստանում Պուտին-Ալիև, Պուտին-Սարգսյան հանդիպումների տրամաբանական շարունակություն: Այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն առավել հստակեցնելու, դրանց իրականացմանը նպաստելու համար, բնականաբար, անհրաժեշտ է հետևողականություն: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանն ապացուցել է իր ոչ վստահելի գործընկեր լինելը և ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու «սովորությունը»: Հետևաբար, ակնհայտ է, որ Լավրովի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի արտգործնախարարի այցը նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունները, գուցեև հստակեցնել որոշակի մանրամասներ:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչով կարևորվեց Լավրովի այցը, ապա պետք է նշել մի քանի հանգամանք:

Նախ, Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի բանակցային սեղանին դրված փաստաթղթում ամրագրված տարրերի շուրջ:

«Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ. հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանին են»,-ասել է Լավրովը:

Նման հայտարարությունը ևս մեկ անգամ հերքում է այն մեկնաբանությունները, թե Լավրովը Ադրբեջան և Հայաստան էր այցելել քննարկելու առաջարկների նոր փաթեթ:

Երկրորդ, Լավրովի արած շեշտադրումների ողջ տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի վերջին շրջանի այս ակտիվությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում ուղղված է առաջին հերթին կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:  Այս մասին են փաստում հատկապես Լավրովի այն խոսքերը, որ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար խնդիր է, և բանակցությունների ամբողջ փորձը ցույց է տալիս, որ նման հիմնախնդիրներն արագ չեն ավարտվում: Իսկ սա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, մասնավորապես՝ ռուսական կողմը հետամուտ է լինելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հիմքեր կստեղծեն քաղաքական բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար:

Երրորդ, Լավրովը շեշտեց, որ Ղարաբաղյան հակամարտությունն այն հարցն է, որի կարգավորման գործընթացի վրա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը բացասաբար չի կարող ազդել: Ավելին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն այն հարթակն է, որտեղ այդ երկու երկրները համագործակցում են և ունեն միասնական մոտեցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով առաջին հերթին Թուրքիային:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Լավրովի այցը Բաքու և Երևան ուղղված էր հոկտեմբերին մեկնարկած քաղաքական բանակցություններն առաջ մղելուն: Իսկ առաջընթացի համար, բնականաբար, անհրաժեշտ է կողմերի միջև փոխադարձ վստահություն և պայմանավորվածությունների իրականացում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: