ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Ադրբեջանի նախագահի մերձավորների բիզնեսները Վրաստանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրողը, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով  Aliq.ge.-ին: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում և բիզնես գործունեությամբ զբաղվում նաև Աջարիայում...

Նախիջևանի նահանգապետի ընտանիքի ներդրումը Բաթումիում

Ադրբեջանում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն արդեն 24 տարի զբաղեցնող Վասիբ Թալիբովի ընտանիքը տարբեր տեսակի բիզնեսներ ունի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այս պահին Վասիֆ Թալիբովի ընտանիքը Մծվանե Կոնցխիում առանձնատուն է կառուցում՝ Սև ծովի տեսարանով:

Ադրբեջանցի լրագրողները հաստատել են, որ Թալիբովների ընտանիքը նախագահ Ալիևի հորաքրոջ ընտանիքն է:

Վրաստանի հանրային ռեեստրի տվյալներով՝ MAQRO կազմակերպությունը ծովափնյա տարածքում գտնվող 9 019 քառակուսի մետր տարածքը գրանցել է 2016 թվականին: Այն այս պահին 3 հարկանի առանձնատուն է կառուցում, որի մակերեսը, ըստ պաշտոնական տվյալների, 900  քառակուսի մետր է: Գլխավոր շինության կողքին կառուցվում է երկու հարկանի շենք: «Բաթումելեբի» թերթի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքը պարսպապատ է՝ 3 մետր բարձրությամբ: «Հետևաբար, երբ աշխատանքներն ավարտվեն, անհնար կլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում»,- գրում է թերթը:

Նշված հեռախոսահամարով թերթի լրագրողները զանգահարել են եւ փորձել պարզել իրողությունը: Կազմակերպության տնօրենի  հեռախոսահամարն անհասանելի է եղել, իսկ աշխատակիցները լրագրողներին հորդորել են զերծ մնալ այս թեմայից, քանի որ ադրբեջանական այս կազմակերպությունը պատրաստվում է այլ ներդրումներ անել Վրաստանում:

MAQRO-ն որպես ներդրող Վրաստանում ներկայացված է 2013 թվականից:

Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշվում է, որ այն ամենամեծ ներդրողներից մեկն է: «Կազմակերպության առաջին ծրագիրն Աջարիայի շրջանում 10 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի արտադրամասն է՝ Glorya Forniture-ն: Հաջորդը՝ Mercure Tbilisi Old Town հյուրանոցն է, որը ֆրանսիական բրենդի՝ «Ակոր գրուպ»-ի անդամ է: Հետագայում «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի գործընկեր «Ակոր գրուփ»-ը Թբիլիսիում պատրաստվում է կառուցել IBIS styles հյուրանոցը»:

«Մաքրո Քոնսթրաքշըն»-ի ամենամեծ ծրագիրը 45 միլիոն դոլար գնահատված ներդրում է՝ «Կանաչ Բուդապեշտ» բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին:

Կազմակերպությունը նոր ծրագիր է իրականացնում՝ «Կարմի Ալմաս» բնակելի համալիրը Թբիլիսում, 1772 բնակարանով, բաց և փակ սպորտային դահլիճներով, լողավազաններով, մանկապարտեզով, դպրոցով և առևտրի կենտրոններով:

MAQRO-ի գործունեությունը Վրաստանում չի սահմանափակվում միայն շինարարությամբ: Կազմակերպությունը նաև զբաղվում է կահույքի արտադրությամբ: Խանութները, որտեղ վաճառվում է MAQRO-ի կողմից արտադրված կահույքը, Բաթումիում հայտնի են որպես ադրբեջանական կահույքի խանութներ: Այս մասին թերթին հաստատել են նշված խանութներում:

Զրա Թալիբովը նաև այն կազմակերպության հիմնադիրն է, որը Բաթումիում «Դիվան» հյուրանոցն է կառուցել: Վերջինս կազմակերպությունը գրանցել է 2013 թվականին: Իսկ «Դիվան» հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին՝ նախկին «Լոնդոն» հյուրանոցի տեղում, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան էր:

 

Մեհրիբան  Ալիևայի ընկերոջ բիզնեսը

 

Ծովափնյա ևս մեկ հյուրանոց, որը պետք է բացվեր 2013 թվականի օգոստոսին, «Գազել»-ը, արդեն կառուցված է, սակայն առայժմ զբոսաշրջիկների չի ընդունում:

Աջարիայի կառավարությունը 2011 թվականի հունիսին 1 լարիի դիմաց Ադրբեջանի քաղաքացի Զարիֆա Համզաևային է փոխանցել Բաթումիում, ծովափնյա տարածքում գտնվող մոտ 1 հետկար հողատարածք: Փոխանցումից 20 ամիս անց Համզաևան պետք է 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցեր և 100 քաղաքացու համար աշխատանք ապահովեր:

Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ սեփականատերը նոր հյուրանոցը կբացի 2018 թվականի մայիսին: Նախարարությունից նաև հայտնել են, որ կազմակերպությունը համաձայնագրով նախատեսված 10 միլիոն դոլարի փոխարեն ծախսել է 50 միլիոն դոլար, իսկ 100 մարդու փոխարեն 200 անձի կապահովի աշխատանքով:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ Իլհամ Ալիևի կնոջ և Զարիֆա Համզաևայի հոլդինգում 23 ընկերություն է միավորված, որն ավիացիոն ոլորտում դոմինանտ է: Զարիֆա Համզաևան Ադրբեջանի ազգային ավիաընկերության՝ «Ազալի»-ի նախագահ Ջանգիր Ասկերովի կինն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: