ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ մոլորակի ամենաթեժ տարածաշրջաններից մեկը. 2017 թվականի ամփոփում

2017 թվականին Մերձավոր Արևելքը շարունակեց մնալ մոլորակի ամենաթեժ տարածաշրջաններից մեկը: Տարվա ընթացքում ոչ միայն չհաջողվեց կարգավորել տարածաշրջանում արդեն իսկ առկա հակամարտություններն, այլ նաև տարածաշրջանային նոր ճգնաժամեր սկսվեցին: Ստորև ներկայացնում ենք 2017 թվականին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական զարգացումները:   

1. ԻՊ դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում

2017 թվականը բավականին արդյունավետ էր Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի առումով: Այսպես, 2017 թվականին իրաքյան բանակին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ հաջողվեց ԻՊ-ից հետ գրավել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, որը  համարվում էր ԻՊ-ի իրաքյան «մայրաքաղաքը»: Իրաքյան ուժերին հաջողվեց ԻՊ-ից ազատագրել նաև Թել-Աֆարը, Հաուիջան, Ալ-Քայիմը և Սիրիայի հետ սահմանային Ալ-Ջազիրա շրջանը: Այս հաղթանակներով Իրաքն ավարտեց ԻՊ դեմ 3 տարի տևած արյունալի պատերազմը, ինչի մասին դեկտեմբերի 9-ին պաշտոնապես հայտարարեց Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:

Սիրիայում ևս տարեվերջին հայտարարվեց ԻՊ դեմ պայքարի ավարտի մասին, ինչից հետո Ռուսաստանը հայտարարեց Սիրիայից իր զորախմբի հիմնական մասը դուրս բերելու մասին: Նշենք, որ Ռուսաստանի օդա-տիեզերական զորքերի աջակցությամբ Ասադի զորքերին 2017 թվականին հաջողվել է վերականգնել իր վերահսկողությունը Դեր Զորում, Պալմիրայում, Աբու Քամալում և այլ բնակավայրերում: Սակայն պետք է նկատել, որ, ի տարբերություն Իրաքի, Սիրիայում ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներն ամբողջությամբ չեն անցել պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այսպես, «Իսլամական պետության» կողմից հռչակված խալիֆաթի «մայրաքաղաքը»՝ Ռաքքան, ազատագրել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ և քաղաքն այժմ գտնվում է վերջիններիս վերահսկողության տակ:

Այսպիսով, Սիրիան 2018-ին կբախվի ոչ միայն ԻՊ գրոհայինների պարտիզանական պայքարին, այլ նաև, ի տարբերություն Իրաքի, ստիպված կլինի վերականգնել իր իշխանությունն ահաբեկչական այլ խմբավորումների, զինված ընդդիմության (Իդլիբ), և քրդերի (Ռաքքա, Քոբանի, Աֆրին) վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

2.  Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացը 2017-ին

2017 թվականը սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման համար ավարտվում է դրական միտումներով: Նշենք, որ չնայած տարեսկզբին՝ Թրամփի իշխանության գալով, որոշակի լավատեսություն կար քաղաքական կարգավորման ուղղությամբ հաջողության հասնելու համար՝ պայմանավորված Թրամփի նախընտրական հայտարարություններով, սակայն Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, որն Արևմուտքի համոզմամբ կատարել էր Ասադի բանակը, և դրան հաջորդած թևավոր հրթիռներով ԱՄՆ-ի հարվածը սիրիական կառավարական ուժերի ավիաբազային, բավականին բացասական ազդեցություն ունեցան բանակցությունների համար: 

Այս տարի ևս կողմերին չհաջողվեց էական առաջընթաց գրանցել Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջսիրիական երկխոսության ընթացքում (3 փուլ): Փոխարենը, տարին հաջողված էր Աստանայի ձևաչափի շրջանակներում քաղաքական կարգավորմանն ուղղված քայլերի առումով: Այսպես, Աստանայի գործընթացի շրջանակներում Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային հաջողվեց համաձայնության գալ Սիրիայում հրադադարի հաստատման, այնուհետև խաղաղության գոտիներ ստեղծելու շուրջ: 2017 թվականին քաղաքական կարգավորման տեսանկյունից մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ միջազգային հանրությունը՝ այդ թվում, մասնավորապես, ԱՄՆ-ը և Թուրքիան, այլևս չեն պնդում Ասադի անհապաղ հրաժարականի վրա:

Արդյունքում բավականին լավ ֆոն ստեղծվեց քաղաքական կարգավորման շուրջ քննարկումներին վերադառնալու համար: Այս համատեքստում կարևոր էր Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի հանդիպումը Սոչիում, որին հաջորդեցին Պուտինի ունեցած քննարկումները Թուրքիայի և Իրանի նախագահների, ինչպես նաև սիրիական հակամարտությունում հետաքրքրված այլ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Թրամփի հետ՝ հեռախոսազրույցի շրջանակներում: Նշենք, որ Սոչիում Պուտինի և Ասադի հանդիպմանը հաջորդած վերոնշյալ քննարկումները բավականին դրական են գնահատում բոլոր կողմերը, ինչն որոշակի լավատեսություն է ներշնչում 2018 թվականին այս հարցում հնարավոր առաջընթաց արձանագրելու տեսանկյունից:

3. Էրբիլ-Բաղդադ հարաբերությունները 2017-ի

2017 թվականը բավականին լարված էր Իրաքի և Իրաքյան Քրդստանի ինքնավարության միջև հարաբերությունների համար՝ պայմանավորված քրդերի՝ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության հետ: Լարվածությունն էլ ավելի ուժեղացավ, երբ անտեսելով կենտրոնական իշխանությունների հորդորները՝ ինքնավարության իշխանություններն, այնուամենայնիվ, սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացրեցին, որի ժամանակ բնակչության 95 տոկոսը կողմ արտահայտվեց անկախանալուն: Քրդերին կոչ անելով չեղարկել հանրաքվեի արդյունքները՝ Բաղդադը մի շարք սահմանափակումներ մտցրեց ինքնավարության համար՝ (օր. օդանավակայանների և սահմանային անցակետերի նկատմամբ սահմանվեց կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը), այնուհետև ռազմական գործողություն սկսեց վիճելի տարածքներոււմ, որոնք ինքնավարության մաս չեն, սակայն գտնվում էին քրդերի վերահսկողության տակ: Թերևս նավթով հարուստ Քիրքուկը կորցնելն էր, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունների ստիպեց հրաժարվել հանրաքվեի արդյունքներից և փորձել երկխոսություն սկսել Բաղդադի հետ:

 4. Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը 2017 թվականին 

2017 թվականը բավականին լարված էր նաև պաղեստինա-իսրայելական հարաբերությունների համար: 2017 թվականի հունվարին փորձ արվեց պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունները դուրս բերել փակուղուց՝ Փարիզում գումարելով Մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ միջազգային կոնֆերանս՝ 70 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն, Իսրայելը բոյկոտեց այս համագումարը: Ավելին, փետրվարին Իսրայելն օրենք ընդունեց, որով օրինականացրեց իր վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացնում պաղեստինցիների մոտ և քննադատության ենթարկվում միջազգային հանրության կողմից:

Խաղաղ բանակցությունների վերսկսման համար հաջորդ լուրջ հարվածը դարձավ իսրայելական իշխանությունների կողմից Տաճարի լեռան մուտքերի մոտ անվտանգության միջոցառումների խստացումը: Մասնավորապես, Իսրայելը հուլիսի 14-ին Տաճարի լեռան բարձունքում պաղեստինցիների կողմից հրեա ուժայինների վրա հարձակմանն ի պատասխան մետաղաորոնողական սարքեր  տեղադրեց մուսուլմանական սրբավայրի մուտքերի մոտ և սահմանափակումներ մտցրեց այցելուների համար: Սա լուրջ դժգոհություն առաջացրեց մուսուլմանների շրջանում՝ հանգեցնելով պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների: Արդյունքում, Իսրայելը ստիպված եղավ հրաժարվել սահմանած միջոցառումներից:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների հերթական պատճառ դարձավ դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք: Սա ավելացրեց լարվածությունը ոչ միայն պաղեստինցիների և իսրայելցիների միջև՝ հանգեցնելով բախումների, այլ նաև մուսուլմական աշխարհի և ԱՄՆ-ի միջև: 

Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին բանաձև ընդունեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ, սակայն Թրամփի որոշումը նման քայլ անելու համար կանաչ լույս վառեց այլ երկրների համար` մասնավորապես Թել-Ավիվից Երուսաղեմ իր դեսպանատունը տեղափոխելու մասին հայտարարեց Գվատեմալան: Իսրայելը բանակցություններ է վարում այս ուղղությամբ ևս 10 երկրի հետ: Այս ամենի արդյունքում 2018 թվականին պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելն ու առավել ևս որևէ համաձայնության գալն էլ ավելի է բարդանալու: 

5. Եմենի ճգնամը 2017-ին

2017 թվականը հուսադրող չէր նաև Եմենում հակամարտության կարգավորման առումով: Հակամարտությունն այն աստիճան է սրվել, որ հութի-ապստամբները սկսել են հրթիռներ արձակել Եմենի նախագահին օժանդակող արաբական կոալիցիան գլխավորող Սաուդյան Արաբիայի ուղղությամբ:

Նոյեմբերի վերջին հակամարտության կարգավորման փորձ արեց Եմենի նախկին նախագահ Սալեհը, ով հայտարարեց հութի-ապստամբների հետ դաշինքից դուրս գալու և Սաուդյան Արաբիայի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Սակայն այս հայտարարությունից երեք օր անց Սալեհը սպանվեց հութիների կողմից:

Նշենք, որ երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում Եմենում սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել փախչել երկրից, որն այսօր կանգնած է լուրջ մարդասիրական աղետի առջև:

6. Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները 2017թ-ին

2017 թվականին Սաուդյան Արաբիա-Իրան առճակատումը բավականին սուր էր, ինչը հիմնականում կապված է Սաուդյան Արաբիայում արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի իշխանության ամրապնդման և արդյունքում թագաժառանգ արքայազն նշանակվելու հետ: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Իրանի դեմ պայքարի նպատակով Սաուդյան Արաբիան դաշինքի է կազմել Իսրայելի հետ. նույնիսկ թագաժառանգ արքայազնը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում այցելել է  Իսրայել:

Նշենք, որ սաուդա-իրանական առճակատումը 2017 թվականին շարունակվեց Եմենում, որտեղ Էր-Ռիադը պատերազմում է հութի-ապստամբների դեմ (սաուդցիների պնդմամբ հովանավորվում են Թեհրանի կողմից), Սիրիայում, որտեղ Սաուդյան Արաբիան հովանավորում է Իրանի դաշնակից Բաշար Ասադի դեմ պայքարը:

Այս տարի սաուդա-իրանական առճակատումը զգացվեց նաև Լիբանանում, երբ վերջինիս վարչապետը Էր-Ռիադ այցի ժամանակ հայտարարեց իր հրաժարականի մասին՝ Իրանի կողմից հովանավորվող Հըզբոլլահ շարժմանը մեղադրելով տարածաշրջանում ապակայունացնող գործունեության և իր դեմ մահափորձի մեջ: Բարեբախտաբար, Բեյրութին հաջողվեց հաղթահարել այս ճգնաժամը: 

Լիբանան վերադառնալով` Սաադ Հարիրին հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել: ԶԼՄ-ների հաղորդմամբ`Հարիրիի հրաժարականի տեքստը գրել էին սաուդյան իշխանություններն, որոնք տնային կալանքի տակ էին վերցրել Ռիադ ժամանած Հարիրիին` ստիպելով կարդալու հրաժարականի տեքստը: Այդ կերպ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը փորձել է չեզոքացնել տարածաշրջանում 
Իրանի հեղինակությունը: 

 

7. Կատարի շուրջ ճգնաժամը 2017-ին

Սաուդա-իրանական առճակատումն որոշակիորեն արտահայտվել է նաև Կատարի շուրջ ճգնաժամում: 2017 թվականի հունիսի 5-ին արաբական չորս երկրներ (Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և վերջինիս օդային, ջրային և ցամաքային շրջափակման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ: Կատարի նկատմամբ այս սահմանափակումները պահպանվում են մինչ օրս, քանի որ Դոհան կտրականապես հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները և հրաժարում է կատարել արաբական քառյակի պահանջները (դադարեցնել ահաբեկչության աջակցումն ու ֆինանսավորումը, հրաժարվել այլ երկրների ներքին գործերին միջամտելուց և կատարել ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի ամրապնդմանն ուղղված 13 պահանջները, այդ թվում՝ կատարական Al Jazeera հեռուստաալիքի փակում, Իրանի հետ հարաբերությունների խզում): Փորձագետների կարծիքով կատարական ճգնաժամը, որն ի դեպ աննախադեպ էր Ծոցի միապետությունների հարաբերությունների համար, տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի կողմից իր գերիշխանությունը հաստատելու քաղաքականության արդյունք է, որը, կարելի է ասել, ինչ-որ չափով հաջողվեց. չնայած արաբական քառյակի քաղաքականությանը, որին ի դեպ միացել են մի շարք երկրներ ևս,  Կատարը չխզեց իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի գլխավոր հակառակորդ Իրանի հետ, սակայն բավականին նվազեց Դոհայի ակտիվությունը տարածաշրջանային քաղաքականությունում: Միևնույն ժամանակ Կատարական ճգնաժամը լուրջ հարված էր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համար, ինչի ապացույցը դարձավ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից նոր առանձին դաշինք ստեղծումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: