ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 2017թ.-ին

president.am

2017 թվականը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից կարևոր էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը վերականագնելու միջնորդների փորձերի համատեքստում:

Տարին մեկնարկեց բավական լարված միջավայրում՝ հաշվի առնելով դեկտեմբերի 29-ին Տավուշի շրջանում Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն հարձակումն ու  երկու կողմերում էլ զոհերի առկայությունը:

Այդ կապակցությամբ հունվարի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով «խստորեն հետևել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում  ձեռք բերված պայմանավորվածություններին, ներառյալ՝ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը հնարավորինս կարճ ժամկետում համաձայնեցնելու պարտավորությունը», ինչպես նաև առանց հետաձգելու հետ վերադարձնել դիակը: Հետագայում, ադրբեջանցի դիվերսանտի դիակի վերադարձից հետո, փետրվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո տարածված հայտարարությունում համանախագահները դա գնահատել են որպես Հայաստանի իշխանությունների կողմից «օգտակար հումանիտար քայլ»:

Նույն հայտարարության մեջ առկա է կարևոր ևս մի քանի դիտարկում: Ի պատասխան մինչ այդ առկա պայմանավորվածություններից խուսանավելու, բանակցային գործընթացը շեղելու Ադրբեջանի քաղաքականության և ռազմատենչ հռետորաբանության, համանախագահները կարևորել են 1994-95թթ. հրադադարի համաձայնագրերը, որպես բռնությունների դադարեցման հիմք, հղում են կատարել Դովիլի նախագահների հայտարարությանը՝ շեշտելով ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել հանրային ելույթներում:

Չնայած հայտարարություններին՝ սրացումները սահմաններին պահպանվել են, և, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, փետրվարի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի միանգամից երկու` հարավարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդն, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, որը հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունեցել է մարդկային զոհեր ու վիրավորներ, մի քանի դիակ մնացել է չեզոք գոտում:

Սրացումները շարունակվել են նաև մայիսին: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ մայիսի 15-ին Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքին՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով Պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների՝ կրակ բացելով տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, և որ կարևոր է՝ իրենց հայտարարության մեջ մատնանշել են, որ սրացման նախաձեռնողն Ադրբեջանն է եղել:

Այդ հասցեականությունը որոշակիորեն պահպանվել է նաև հունիսին տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահների տարածած հայտարարության մեջ, որում նշվում է. «համանախագահները դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ հորդորելով խուսափել իրավիճակի  հետագա սրացումից:  Համանախագահները միևնույն կոչով դիմում են Հայաստանի ղեկավարությանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին»:

Սահմանային լարվածության նոր աճ է տեղի ունեցել հուլիսի 4-ին, որի արդյունքում ադրբեջանական կողմում երեխա է զոհվել: Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձեց օգտվել այդ իրավիճակից՝ համացանցում շրջանառելով երեխայի նկարները:

Տարածաշրջանային այցերի և հայտարարությունների միջոցով միջնորդները փորձել են հասնել լարվածության թուլացման և այդ համատեքստում էլ ավելի են կարևորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Դրան զուգահեռ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև աշխատանքներ են տարել բանակցային գործընթացը վերականգնելու և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Այս առումով, տարվա կարևորագույն ձեռքբերումը կարելի է համար հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքների մասին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»: Նա նաև մի պարզաբանում է արել. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»:

Հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվել է, որ «նախագահները համաձայնել են ջանքեր գործադրել՝ ակտիվացնելու բանակցային գործընթացը և լրացուցիչ ջանքեր գործադրելու՝ Շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»: Հանդիպման փաստը դրական է գնահատել նաև պաշտոնական Ստեփանակերտը՝ ուշադրություն հրավիրելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության վրա:

Ադրբեջանը փորձեց օգտագործել Ժնևի բանակցությունների փաստը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պարտավորություններից ձերբազատվելու համար: Սակայն դրան հաջորդած միջնորդների հայտարարությունները հստակ ցույց տվեցին նման փորձերի ոչ արդյունավետ և ապակառուցողական լինելը: Մասնավորապես, դեկտեմբերի 8-ին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ ընդգծվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտվում է հատկապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման կարևորությունը:

Տարվա վերջում ակտիվացան խոսակցությունները նաև «Լավրովի պլանի» վերաբերյալ, ինչը պայմանավորված էր Ժնևի հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցով, որի ընթացքում քննարկվում էր նաև արցախյան հիմնահարցը: Սակայն, Լավրովը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կարգավորման հիմնական բաղադրիչներն արտացոլված են 2007, 2009 և 2011թ. հայտարարություններում՝ ընդգծելով, որ դրանք փաթեթային են, և որևէ բաղադրիչ չի կարող անջատ դիտարկվել մյուսներից: Բացի այդ, նա ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է խնդրի շուրջ ակտիվ աշխատել ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ: «Լավրովի պլանի» շուրջ խոսակցությունները հերքել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում: «Երևան այցի ժամանակ որևէ հայեցակարգային առաջարկություն չկար Լավրովի կողմից, ընդհանրապես նոր առաջարկություն չկար… Ղարաբաղի մասով ինչ-որ կար, Լավրովն ասուլիսի ընթացքում ներկայացրեց»,- ասել է ՀՀ նախագահը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ տարին ընդհանուր առմամբ բավական լարված մթնոլորտում է անցել, ինչը մի կողմից պայմանավորված էր հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածություններից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությամբ, մյուս կողմից՝ տարվա առաջին կեսին սահմանային լարվածության պարբերական աճով:

Միջնորդներն, իրենց հերթին, ողջ տարվա ընթացքում ջանքեր են գործադրել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ հատկապես շեշտադրելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, նրա դիտորդական առաքելության մեծացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: Զուգահեռաբար, հատկապես տարվա երկրորդ կեսին, աշխատանք է տարվել բանակցային գործընթացը վերակենդանացնելու, նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Պաշտոնական Բաքուն փորձեց օգտագործել Ժնևի հանդիպմանը մասնակցելու Հայաստանի համաձայնությունը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները զրոյացնելու համար: Սակայն, հանդիպումից հետո միջնորդները հստակ հասկացրին, որ հրադադարի ամրապնդմանը, վստահության մթնոլորտի կառուցմանն ուղղված միջոցառումները և բանակցությունների վերսկսումը զուգահեռ գործընթացներ են և որևէ կերպ միմյանց չեն բացառում:

Կարելի է ասել, որ տարին կարևորվեց բանակցային գործընթացի վերակենդանացմամբ, սակայն հանդիպմանը հաջորդած հայտարարությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս:

Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում տեղի է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հինգ հանդիպում, մեկ նախագահների հանդիպում, համանախագահների մի քանի տարածաշրջանային այց:

Ընդհանուր միջավայրի, բանակցությունների ֆոնին որոշակի բացասական ազդեցություն ունեցավ նաև Ադրբեջանի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը: Բացի այդ, լրացուցիչ քննարկումների առարկա դարձավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի պաշտոնի շուրջ ծավալված աղմուկը, որը կապված է ԱՄՆ պետդեպարտամենտի կառուցվածքային վերաձևումների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: