ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Կունենա՞նք արդյոք այլընտրանք Վերին Լարսին

Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թվականին ստորագրված  «Մաքսային վարչարարության մեխանիզմի և առևտրի մոնիտորինգի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը, որը ենթադրում է Ռուսաստանի և Վրաստանի միջև 3 առևտրային միջանցքի ստեղծում, կյանքի կոչվելու մեծ հնարավորություններ ունի: Ինչպես հայտնի է, դրա համար անհրաժեշտ էր, որ ռուսական և վրացական կողմերն առանձին պայմանագրեր ունենան SGS շվեյցարական ընկերության հետ: Նոյեմբերի կեսերին այդ գործընթացը որոշակիորեն արագացավ Վրաստանի վարչապետի ՌԴ հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման շնորհիվ: Արդեն դեկտեմբերի 19-ին Բեռնում վրացական կողմի և շվեյցարական ընկերության միջև պայմանագիրը ստորագրվեց: Այժմ անհրաժեշտ է, որ ռուսական կողմը ևս ստորագրի համանման պայմանագիր, ինչը հնարավորություն կտա զբաղվել միջանցքների ստեղծման աշխատանքներով:

Ժամանակին Ռուսաստանի ԱՀԿ անդամակցությունը չարգելափակելու դիմաց կնքված այս համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ստեղծել 3 երկկողմ տրանսպորտային միջանցք, որոնց երկու կողմերում կլինեն շվեյցարական SGS ընկերության դիտորդական կետերը, որոնք էլ կվերահսկեն տարանցումը: Ըստ համաձայնագրի՝ առաջինը միջանցքը սկսվում է Սոչիի մոտ և, անցնելով Աբխազիայի տարածքով, ավարտվում է Զուգդիդի քաղաքում, երկրորդ միջանցքը սկսվում է Հյուսիսային Օսիայի Նառ գյուղի մոտ և, անցնելով Հարավայաին Օսիայի տարածքով, ավարտվում է Գորի քաղաքում, երրորդ միջանցքը տեղակայված է Կազբեգի-Վերին Լարս հակիչ-անցագրային կետերի միջև:

Վրացական իշխանությունները մեկնաբանելով շվեյցարական ընկերության հետ ստորագրված պայմանագիրը՝ ընգծում են, որ այն որևէ կերպ չի շոշափում Վրաստանի սահմանների խնդիրը, քանզի նույն միջանցքները համաձայնագրում սահմանված են աշխարհագրական կոորդինատներով և ոչ թե տեղանուններով:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ թեմայի հետ կապված հնչող հայտարարություններում առկա է հստակության պակաս: Մասնավորապես, Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն հաստատել է, որ SGS-ի պայմանագրի շրջանակներում կիրականացվի երեք միջանցքի կահավորում (անցակետեր, տեխնիկական միջոցներ և այլն): Սակայն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, պատասխանելով պայմանագրի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, նշել է, որ «խոսքը գնում է միայն ֆորս-մաժորային իրավիճակների մասին, երբ Վերին Լարս մաքսային-անցագրային կետի ուղղությամբ լինի ձյուն կամ սողանք: Միայն այդ դեպքում  այս մեխանիզմը կկիրառվի Ցխինվալիի ուղղությամբ՝ փաստաթղթի տեքստի ճշգրիտ համապատասխանությամբ»: Վրացական իշխանությունների հայտարարություններում առկա հստակության որոշակի պակասը միտումնավոր քա՞յլ է՝ ընդդիմությանը չբորբոքելու համար, թե՞ պարզապես համաձայնագրի իրականացումը լինելու է մասնակի, դեռևս պարզ չէ: Սակայն հստակ է, որ Լարսին այլընտրանք հանդիսացող որևէ միջանցքի շահագործման դեպքում դրանցից օգտվելու են նաև երրորդ երկրները, այդ թվում՝ Հայաստանը:

Հատկանշական է, որ վրացական ընդդիմությունը, մասնավորապես՝ Միացյալ Ազգային շարժումը, հանդես է եկել համաձայնագրի քննադատությամբ, ինչն առավել քան տարօրինակ է, քանզի հենց այդ կուսակցության և մասնավորապես նրա առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք է համաձայնագիրը ստորագրվել: Բացի այդ, Ադրբեջանի «բարեկամ» որոշ վրաց ընդդիմադիրներ անգամ բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնում, որ  Ռուսաստանին կապող  նոր միջանցքներից կարող է օգտվել նաև Հայաստանը:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի և շվեյցարական ընկերության միջև պայմանագրի ստորագրմանը, ապա, էական խոչընդոտներ դրա համար թերևս չկան, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում այդ պայմանագիրը ևս կդառնա իրականություն:

Հաշվի առնելով բնակլիմայական պայմանների պատճառով Վերին Լարս-Կազբեգի անցակետի գործարկման սահմանափակ հնարավորությունները (հատկապես ձմռանը)՝ 2011 թվականի համաձայնագրի իրականացումը և այլընտրանքային ևս երկու միջանցքների ստեղծումը բավական կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի համար: Ուստի անհրաժեշտ է, որ հայկական կողմը ևս փորձի հնարավորության սահմաններում իր ներդրումն ունենալ այդ համաձայնագրերի արագ կյանքի կոչման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6.44 կմ/ժ
29 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: