ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 727,74 դրամ ԱՐԾԱԹ - 267,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 549,88 դրամ

Հայ-ամերիկյան հարաբերությունները 2017-ին. հիմնական դերակատարներն օրենսդիրներն ու գործարարներն էին

ArmeniaNow.com

Տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված հարաբերական պասիվությունը, որը թերևս նախևառաջ պայմանավորված էր ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրություններով, որոշակիորեն հավասարակշռվեց ոլորտային, ինչպես նաև խորհրդարանների մակարդակով իրականացվող  համագործակցությամբ: Ստորև փորձենք ամփոփել 2017 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած հիմնական զարգացումները՝ անդրադառնալով ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ ունեցած դերակատարությանը:

Տարին նշանավորվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերին  ԱՄՆ կատարած այցով, որի շրջանակներում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա մասնակցեց Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ԱՄՆ-ում հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ:   ԱՄՆ-ում Նախագահը նաև մասնակցեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:  

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: ԱՄՆ նախագահի ուղերձում կարևորեց երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը, Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, ինչպես նաև Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը  փոխանակվեցին շնորհավորական ուղերձներով: Իր ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ընդգծեց վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում՝ արտահայտելով  լավատեսություն երկու երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ:

Տարվա ընթացքում տեղի ունեցավ ՀՀ անկախությունից ի վեր թերևս ԱՄՆ կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցը ՀՀ: Հայաստան այցելած վեց կոնգրեսականների շարքում էին անդամներ ԱՄՆ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական կուսակցություններից:  Կոնգրեսականներն այցի շրջանակներում հանդիպումներ ունեցան ՀՀ Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԳՆ նախարարի հետ: Այցի ընթացքում կազմակերպվեց նաև կոնգրեսականների հանդիպում ՀՀ  ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Կոգրեսականների կողմից հատկապես կարևորվեց այս ոլորտում համագործակցությունը՝ շեշտելով ԱՄՆ ոլորտի գործարարների ՀՀ-ում նոր ներդրումներ կատարելու, ստարտափեր հիմնելու հետաքրքրության մասին: Հայաստան այցի շրջանակներում ԱՄՆ կոնգրեսականները նաև այցելեցին Արցախ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին:

Բացի այդ, Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացվեց հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկո, որի ժամանակ ԱՄՆ կոնգրեսականները Հայաստանին շնորհակալություն հայտնեցին Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ գործընթացներին մասնակցելու և Սիրիայից ավելի քան 20,000 փախստական ընդունելու համար: Փոխշահավետ համագործակցության շրջանակներում ԱՄՆ կոնգրեսականներն ընգծեցին բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ՀՀ՝ ԱՄՆ համար  արժեքավոր գործնկեր լինելու փաստը:  Այս մակարդակում հանդիպումների շարունակականությունն ապահովելու նպատակով, կոնգրեսականները Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին 2018 թվականի մարտին հրավիրեցին ԱՄՆ:

Տնտեսական ոլորտում համագործակցության շրջանակներում հայ-ամերիկյան առևտրային պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովի ժամանակ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: ՀՀ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն էր և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը:  Նշենք, որ արտոնյալ ռեժիմի ներքո, 3451 ապրանքատեսակ ՀՀ-ից կարող է ներմուծվել ԱՄՆ առանց մաքսային վճարների:  Տնտեսական համագործակցության ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունք էր թերևս նաև այն, որ, համաձայն 2017 թ վերջին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հրապարակած տվյալների, 2017 առաջին 10 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 35%-ով:

Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում նաև տարվա ընթացքում հայ ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Այս ոլորտում համագործակցության ձեռքբերում էր Կոտայքի մարզի Զառ գյուղում խաղաղապահ զորքերի վարժանքների համար բացված ռազմական ուսումնական կենտրոնը: Կենտրոնի բացումը, ըստ էության փոխշահավետ համագործակցության ևս մեկ օրինակ էր, քանի որ ինչպես կոնտրոնի պաշտոնական բացման ժամանակ նշեցին ամերիկյան կողմի ոլորտի պաշտոնյաները, կենտրոնի  նպատակն է «օգնել Հայաստանին, որ Հայաստանն էլ օգնի աշխարհին՝ դառնալ ավելի ապահով ու կայուն»:  Նշենք, որ կենտրոնի առաջնային նպատակն է բազմազգ զորավարժությունների անցկացման նոր հարմար վայր ստեղծել, որտեղ գործունեություն կծավալեն ոլորտի օտարազգի մասնագետները:

Հայ-ամերիկյան համարաբերությունները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում

Անդրադառնալով տարմա ընթացքում՝ ԱՄՆ՝ որպես Մինսկի խմբի համանախագահ ունեցած դերակատարությանը, պետք է փաստենք, որ այն համեմատաբար պասիվ էր, որի պատճառը նույնպես ԱՄՆ-ում տարվա ընթացքում ընթացող նախագահական ընտրությունները:

Օգոստոսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդը, հեռանալուց առաջ հանդես եկավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ՝ առանձնացնելով հակամարտության կարգավորման գործընթացի 6 հիմնական կետերը, որոնք որոշակի նրբերանգային տարբերություններով կրկնում էին  բանակցային գործընթացում առկա նախկին փաստաթղթերում տեղ գտած դրույթները: Իր հայտարարությամբ հեռացող Հոգլանդը, թերևս դիմեց դիվանագիտական քայլի. անդրադառնալով տարածքների վերադարձի խնդրին՝ նա փորձեց հավասարակշռել տարվա ընթացքում նախկինում իր կողմից արված հայտարարությունները՝ վերաբերող փոխվստահության միջոցներին (սահմաններից դիպուկահարների հեռացումը, միջազգային դիտորդների քանակի ավելացում, միջադեպերի հետաքննության համար հատուկ սարքավորումներ տեղադրում), որոնք որքան էլ անտրամաբանական հնչի, առաջացրել էին  ադրբեջանական կողմի զարույթը: Երկրորդ,  հաշվի առնելով իր հեռանալու փաստը՝ նա հստակեցրեց քաղաքական բանակցությունների հիմնական բովանդակությունը՝ այդ կերպ հնարավոր բացասական արձագանքներն ընդունելով իր վրա և հնարավորություն տալով նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին շարունակել աշխատանքն առավել անկաշկանդ:

2017 թվականի ընթացքում Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ նշանակվեց Էնդրյու Շեֆերը, ով փոխարինեց Հոգլանդին: Նշենք, որ Էնդրյու Շեֆերն ունի դիվանագիտական ծառայության ավելի քան 25 տարիների փորձ: Նա եղել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով արտաքին կապերի բաժնի պետ, Աֆղանստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների հարցերով խորհրդատու, Նիդերլանդներում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով խորհրդատու, աշխատել է նախ Քուվեյթում, Բահրեյնում ԱՄՆ դեսպանություններում՝ որպես քաղաքական հարցերով կցորդ:

Հոկտեմբերին տեղի ունեցավ նորանշանակ ԱՄՆ համանախագահի այցը տարածաշրջան, որի ժամանակ նա եղավ Արցախու, Հայաստանու և Ադրբեջանու, հանդիպումներ ունեցավ երեք կողմերի բարձրաստիճան ղեկավարների հետ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ նոր համանախագահը հանդիպումն արդյունավետ գնահատեց՝ նշելով, որ քննարկվել  են հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր:

Նույն ամսին, ի պատասխան ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցմանը, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն իր աջակցությունը հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է հակամարտության գոտուց հետ կանչել դիպուկահաներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը և տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգերը: ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը փաստեց, որ ԱՄՆ-ը կարևորում է հակամարտության կարգավորման հարցում կողմերի միջև վստահության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, ինչպես նաև խնդրի հումանիտար կողմը:

Հումանիտար խնդիրների ուղղությամբ իրականացված քայլ էր ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված որոշումը՝ 1.5 միլիոն դոլար հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ականազերծման հետագա աշխատանքների իրականացման համար: Միանշանակ է, որ դա ԱՄՆ կոնգրեսականների հետ հետևողական աշխատանքի արդյունք էր:

Հունիսին ԱՄՆ պետդեպարտամենտը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումների առիթով հանդես եկավ հայտարարությամբ՝ հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հունիսի 19 տարածած համատեղ հայտարարությանը, նախևառաջ  կողմերին կոչ անելով «անհապաղ դիտարկել միջոցներ թուլացնելու լարվածությունը սահմաններին» (հետաքրքրական է, որ համանախագահների կողմից տարածած հայտարարության մեջ «անհապաղ» բառը բացակայում է), որից հետո «վերադառնալ խնդրի շուրջ սուբստանտիվ բանակցություններին»:

***

Ամփոփելով կարող ենք փաստել, որ 2017-ի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում առավելապես նկատվում էր ակտիվություն օրենսդրական մակարդակում, ինչ դրական է՝ հաշվի առնելով ՀՀ-ում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունները: Կոնգրեսականների հետ շարունակական հետևողական աշխատանքը, օգտագործելով այդ թվում նաև անձնական կապերը, թույլ կտա ԱՄՆ իշխանության համար հնարավորինս ընկալելի դարձնել տարբեր հարցերում  մեր ունեցած տեսակետները և մոտեցումները՝ փորձելով դրանց շուրջ գալ ընդհանուր հայտարարի: Մյուս կողմից հարաբերականորեն ակտիվ էր նաև ոլորտային, գործարար մակարդակում տարվող համագործակցությունը, ինչը կարող է ավելի առարկայական դարձնել երկու երկրների հարաբերություններում անցումը համագործակցության փոխշահավետ մակարդակին:

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ խմբի համանախագահ, տարվա ընթացքում ևս փորձեց ապահովել հարաբերական ակտիվություն՝ խնդրի լուծման ուղղությամբ կատարելով հստակ շեշտադրումներ՝ առավելապես կարևորելով հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 11.27 կմ/ժ
0 C°
 
   
22.01.2018
-1°   
23.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: