ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդ պաշտոնյաները սահմաններ չեն ճանաչում. Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար

2017 թվականի ամփոփումների շրջանակներում  «Արմեդիա» ՏՎԳ զրուցել է Արցախի Շահումյանի շրջանի վարչակազմի երիտասարդ ղեկավար Հարութ Մնացականյանի հետ՝ անդրադառնալով շրջանում իրականացված աշխատանքներին և առկա ծրագրերին:


- Պարո՛ն Մնացականյան, կամփոփե՞ք տարվա ընթացքում Ձեր կողմից իրականացված աշխատանքները: Ի՞նչ հիմնական ուղղություններով են դրանք ընթացել: Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

- Տարվա ընթացքում կոնկրետ իմ թիմի կողմից շատ քիչ աշխատանք է կատարվել զուտ այն պատճառով, որ ես նշանակվել եմ սեպտեմբեր ամսվա վերջին, երբ փաստորեն ընդամենը մի քանի ամիս էր մնացել մինչ տարվա ավարտը: Բայց այդ, կարճ ժամանակահատվածը հաշվի առնելով, կարող եմ փաստել, որ այդ ընթացում նույնպես հսկայածավալ աշխատանք է կատարվել: Աշխատանքները կատարվել են հետևյալ հիմնական ուղղություններով:

Առաջին, դա շրջանի զարգմացման հիմնական ներուժի բացահայտումն էր՝ որոնք են այն հիմնական ուղղությունները, որոնցով շրջանը կարող է զարգանալ: Երկրորդ, դա խնդիրների ախտորոշումն էր՝ որոնք են այն ոլորտները, որտեղ առկա են հիմնական խնդիրները և որոնք են դրանց լուծման ճանապարհները:  

Պետք է փաստեմ, որ առկա ձեռքբերումները մեր շրջանինն են և անհատականացված չեն: Ձեռքբերումների մասին խոսելիս պետք է առանձնացնեմ մի քանի կարևոր ուղղություններ:

Առաջին, Վարդենիս-Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու բացումն էր, որի ամենաերկար մասն անցնում էի հենց մեր՝ Շահումյան շրջանի տարածքով:  Անհնար է թերագնահատել այդ ճանապարհի ռազմական, քաղաքական, տնտեսական դերակատարությունը: Ճանապարհն արդեն իսկ հսկայական խթան է հանդիսացել տնտեսության զարգացման համար: Ճանապարհին ավելացել են նոր ենթակառուցվածքեր, հասարակական և այլ նշանակության տարբեր օբյեկտներ՝  ստեղծելով նոր աշխատատեղեր և հզորացնելով շրջանի կապերն ինչպես Հայաստանի, այնպես էլ քաղաքամայր Ստեփանակերտի հետ: Սա իհարկե, ինքնըստինքյան, հանգեցնում է շրջանի քաղաքական, մշակութային զարգացման, քանի որ առանց ակտիվ շփումների հնարավոր չէ ապահովել այդ զարգացումը: Փաստը, որ Երևան-Ստեփանակերտ բեռնափոխադրումների մի հսկայական մասը, եթե թվերով խոսենք 50 տոկոսից ավելին, տեղափոխվել է այս ճանապարհով, արդեն իսկ լուրջ ցուցանիշ է:

Երկրորդ ձեռքբերումը, բնականաբար, հիդրոէլեկտրոկայանների ուղղությամբ իրականացվող քայլերն էին, մասնավորապես Ջերմաջուրի հիդրոէլեկտրոկայանի բացումը:  2017-ի դրությամբ մենք արդեն շուրջ մեկ տասնյակ հայտեր ունեք ՀԷԿ-եր կառուցելու համար, որոնց համար արդեն տարածքներն առանձնացված են և համապատասխան թույլատվությունների մեծ մասն արդեն տրված է: Սա նույնպես նշանակում է մեծ քանակությամբ աշխատատեղերի բացում, մեր շրջանի և ընդհանրապես պետության ՀՆԱ-ի ծավալների ավելացում:

Երրորդ, 2017-ին արդեն ավարտվել է ջրերի գործարանի շինարարությանը, և, ըստ նախնական պլանի, այն պետք է գործարկվի 2018-ին:

- Որո՞նք են լինելու 2018-ին Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:

- 2018-ի համար ունենք աշխատանքներ ծրագրված ինչպես անմիջապես Շահումյան շրջվարչակազմի կողմից, այնպես էլ պետական և բիզնես ծրագրեր:

Նախ մեր կողմից ծրագրում ենք իրականացնել շինարարական մեծ աշխատանքներ, ենթակառուցվածքների ապահովման առումով: Երկրորդ, համապատասխան հաղորդակցության միջոցների ապահովում շրջանի համար: Ցավոք, շրջանում ունենք վայրեր, որտեղ դեռ համացանցը անհասանելի է, որոշ տեղերում կան կապի որակի հետ կապված խնդիրներ: Ընդհանուր շրջանը գազաֆիկացված չէ: Ճիշտ է, 2018-ին գազաֆիկացում դեռևս չի նախատեսվում, սակայն ենթակառուցվածքները, որոնք ապահովելու են նաև գազաֆիկացում, արդեն ստեղծվելու են:  Իրականացվելու են  նաև աշխատանքներ Վարդենիս-Քարվաճառ  կարճ ճանապարհի կառուցման ուղղությամբ, որի մի հատվածն արդեն իսկ ավարտված է: Հաջորդը լինելու է շրջանի մասշտաբով բնակարանաշինության գործընթացը, հատկապես երիտասարդ ընտանիքների համար: Մենք փորձելու ենք պետական աջակցությամբ, ինչպես նաև այդ նույն ընտանիքների սեփական ներդրմամբ, համալրել բնակարանային ֆոնդը: Այնուհետև մեր կենտրոնի՝ Քարվաճառի բարեկարգումն է: Եթե տեսել եք այնտեղ մեծ քանակությամբ ավերակներ ունենք, որոնք փչացնում են քաղաքի տեսքը: Մենք աշխատանքներ ենք իրականացնելու քաղաքին բարեկարգ տեսք տալու ուղղությամբ: Մեր բարերաների և այլ ներդրումների միջոցով փորձելու ենք մեր շրջանի համար նոր ներդրումային դաշտ ձևավորել, որի շնորհիվ մենք կկարողանանք լուրջ կապիտալ ներգրավել շրջանի բիզնես ոլորտի զարգացման համար, այնպիսի ոլորտներում ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, արդյունաբերությունը և այլն: Արդեն կան մի շարք պայմանավորվածություններ, դրանցից մի քանիսն արդեն գործում են, ինչպես, օրինակ, ջրերի գործարանը, որը  2018-ի գարնանը կհանձնվի շահագործման: Միայն այդ գործարանի շնորհիվ կունենանք մոտ 40 նոր աշխատատեղ: Շինարարական ոլորտում նույնպես մոտ 15-20 աշխատատեղերի ավելացում ենք նախատեսում: Գալիք մեկ-երկու տարիների ընթացքում շրջանն իր աշխատատեղերի խնդիրները լուծելու է: Հետագայում արդեն հարցեր կառաջանան նոր աշխատուժի հետ կապված, առավելապես որակավորված մասնագետներ ունենալու առումով: Մենք այժմ «Արարատ» հիմնադրամի միջոցով իրականացնում ենք նաև Քարվաճառի մշակույթի տան նորոգման աշխատանքները, որոնք որ նախատեսում ենք 2018 թ. նույնպես իր ավարտին հասցնել: 2018-ն մենք կունենանք նորակառույց մշակույթի տուն իր օժանդակ շինություններով, արհեստանոցներով և այլն:

- Ինչո՞վ էր պայմանավորված պետական համակարգում աշխատանքի անցնելու Ձեր որոշումը:

- Ես երկար ժամանակ աշխատել եմ հասարակական դաշտում և իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հանրային օրակարգի ձևավորման որոշ հարցերում, սահմանադրական տարբեր գործընթացներում: Միշտ հանդես եմ եկել տարբեր նախաձեռնություններով, որոնց շրջանակներում փորձել ենք իրականացնել մեր տարբեր գաղափարները՝ նպաստելով երկրի զարգացմանը:

Արցախի Հանրապետության Նախագահի կողմից իրականացվում է քաղաքականություն, որի շրջանակներում երիտասարդներին վստահվում է իրականացնել աշխատանք: Այդ շրջանակներում ես 2017 թվականի հունիսին նշանակվել եմ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական, այնուհետև սեպտեմբերի 26-ին, Հանրապետության Նախագահի հրամանգրով նշանակվել եմ Շահումյանի վարչակազմի ղեկավար: Անկեղծ ասած, ինչ որ չափով անսպասելի, շատ լուրջ պատասխանատվություն է դրվել իմ ուսերին և փորձելու եմ, բնականաբար, այդ վստահությունն արդարացնել:

- Հե՞շտ է լինել երիտասարդ պաշտոնյա Արցախում: Ի՞նչ հիմնական դժվարությունների եք բախվում: Որո՞նք են երիտասարդ պաշտոնյա լինելու առավելությունները:

- Իհարկե, ոչ: Ավանդական հասարակություններում, որտեղ պատասխանատու պաշտոններում տարիների փորձի բացակայությունը խիստ բացասական է դիտվում, հասարակության շատ անդամների շատ դժվար է հարմարվել երիտասարդ պաշտոնյա ունենալու գաղափարին:  Փորձի պակասն, անշուշտ, լրացվում եմ աշխատասիրության, սովորելու ցանկության և խանդավառության հաշվին:

Իհարկե, իր բացասական կողմերի հետ միասին նաև դրական կողմերն ունի: Երիտասարդ պաշտոնյայի գլխավոր առավելությունը, որ ես կցանկանայի նշել, դա երազկոտ լինելն է և սահմաններ չճանաչելը: Երբ մի խնդիր է լինում, որը երկար տարիներ չի լուծվել և մենք դա քննարկում ենք, բոլորն ասում են այդպես եղել է, այդպես էլ կմնա: Սակայն, երիտասարդները մի քիչ այլ կարծիքի են լինում: Մենք պարտավոր ենք չհաշտվել եղած իրավիճակի հետ, մենք պարտավոր ենք երազել, ինչը մեզ ուժ է տալիս: Ինչպես իմ համեստ փորձն է ցույց տալիս, այդ պարագայում հաճախ անհնարինը դառնում է հնարավոր, իսկ դժվար՝ հեշտ:

- Պարոն Մնացականյան, հաշվի առնելով, որ տոնական շրջան է, հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը: Ո՞րն է տոնի խորհուրդը Ձեզ համար:

- Արդեն երկար տարիներ է Ամանորը ինձ համար մի քանի փուլից է բաղկացած: Առաջին փուլում մենք մեր ընկերների հետ միասին առաջնագիծ ենք այցելում և այդ ավանդույթն այս տարի նույնպես պահպանեցինք: Մեր աշխատակազմի, ընկերների հետ միասին այցելել ենք  Պաշտպանության բանակի դիրքեր և առաջնագծում մեր զինվորի հետ միասին դիմավորել Ամանորը: Տոնի երկրորդ փուլը, բնականաբար, դա ընտանեկան միջավայրն է, քանի որ Ամանորն ընտանեկան տոն է: Փորձել ենք ի մի բերել անցած տարին, ուրախանալու ենք և ծրագրելու ապագա անելիքները:

- Իսկ ո՞րն է եղել Ձմեռ պապիկին ուղղած Ձեր ամենանվիրական ցանկությունը:

- Իրականում ես Ձմեռ պապիկին դեռևս հավատում եմ: Ես հավատում եմ այդ գաղափարին, ես հավատում եմ նոր տարվա խորհրդին. դա նոր երազանքներին հավատալու ևս մեկ առիթ է: Ձմեռ պապիկից ես երկու բան եմ խնդրել. առաջին՝ խաղաղություն մեր երկրին և ամբողջ աշխարհին: Հավատացե´ք ամեն ինչ իրականանալի է, եթե կա խաղաղություն: Երկրորդը,  որ խնդրել եմ՝ կամքն է, որ կցանկանայի տար ոչ միայն ինձ, այլև մեր ամբողջ թիմին, մեր հայրենակիցներին, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծել:

- Ամանորին ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

- Ես ցանկանում եմ նրանց մաղթել երազանքների իրականացում: Ամեն անգամ երազանքների մասին խոսելիս հիշում եմ Շիմոն Պերեսին, ով ասում էր. «Երազե´ք և ինչքան կարողանում եք մեծ բաների մասին»:  Ես վստահ եմ, որ երազկոտ մարդը միշտ բարի է, նա միշտ սրտաբաց է և ընդառաջող: Ես ուզում եմ, որպեսզի մեր երազանքներն ավելի ու ավելի մեծ լինեն, դրա հետ միաժամանակ մեզ ուժ տան ապրելու և կյանքում բարու հաղթանակը տեսնելու համար …

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: