ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Աշոտյան. խորհրդարանի առջև դրված խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում լուծվում են (ԲԱՑԱՌԻԿ)


«Արմեդիա» ՏՎԳ
-
ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

 

- Պարո՛ն Աշոտյան, 6-րդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքների մեկնարկին ՀՀ նախագահն իր ելույթում շեշտեց խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը: Ի՞նչ աշխատանքներ են այդ ուղղությամբ իրականացվել առ այսօր, և այդ համատեքստում 2018թ-ի համար հետագա ի՞նչ քայլեր են անկալվում իրականացնել:

- Խորհրդարանական հանրապետության կառուցման ճանապարհին, իհարկե, մեծանալու է նաև խորհրդարանի ներգրավվածությունն արտաքին հարաբերությունների, միջազգային օրակարգի և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Բացի ավանդական գործիքակազմից, որ ունեն ոլորտային հանձնաժողովները, խորհրդարանն առհասարակ՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն (հարցուպատասխաններ, բյուջետային հաշվետվություններ և այլն), կա նաև հարցի բովանդակային կողմ, և մեր հանձնաժողովը, որը Ազգային Ժողովի բոլոր գումարումների ժամանակ աչքի է ընկել իր ակտիվությամբ, այս պահին ևս պատրաստ է իր վրա վերցնել խորհրդարանական դիվանագիտության համակարգողի, ռիթմը ստեղծողի և աջակցողի, վերլուծական կարողությունների ձևավորման ֆունկցիաները:

Նախևառաջ կազմակերպչական իմաստով, իհարկե, նոր ընթացակարգեր են սահմանվել միջխորհրդարանական պատվիրակությունների, հանձնաժողովների և բարեկամական խմբերի գործունեության համար: Հստակեցվել են պահանջները, աշխատանքի նկարագրությունը՝ ավելի մեծ նախաձեռնողականություն և աշխատասիրություն է ակնկալվում բոլոր այն պատգամավորներից, ովքեր ներգրավված են: Թարմացվել են խորհրդարանական պատվիրակությունների, բարեկամական խմբերի կազմերը, խորհրդարանական դիվանագիտությունն իրականացվում է տարբեր մակարդակներում՝ Ազգային Ժողովի նախագահի, հանձնաժողովի, պատվիրակությունների, բարեկամական խմբերի, խմբակցությունների միջոցով: Այսինքն` մենք շատ բազմաշերտ հնարավորություններ ունենք և շատ կարևոր է, որ համադրված աշխատենք այս ուղղությամբ: Այս համադրման և համակարգման ֆունկցիաներն էլ իր վրա վերցնում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

Խորհրդարանական դիվանագիտության կարողություններն ավելի հզորացնելու համար մեր հանձնաժողովի որոշմամբ անցյալ տարվանից ստեղծվել է և շատ ակտիվ գործում է Վերլուծական խորհուրդը, որն իր մեջ միավորում է Հայաստանի լավագույն, առաջադեմ և գիտակ քաղաքագետների, վերլուծաբանների, տարածաշրջանային մասնագետների, և աշխատանքի արդյունքները մենք զգում ենք, մենք ունենում ենք հետադարձ կապ հանրության մասնագիտացված հատվածի հետ, որը մեզ համար ստեղծում է նաև պրոդուկտ՝ բովանդակություն:

Աշխատանքներն, իհարկե, պետք է կրեն երկարաժամկետ բնույթ: Այս փուլում կարող եմ փաստել, որ խորհրդարանի առջև դրված խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում լուծվում են, և դրա մասին է վկայում ոչ միայն փոխայցելությունների մեծացած ինտենսիվությունը, այլ նաև քաղաքական այն բովանդակությունը, որն արտացոլվում է տարաբնույթ բանաձևերում, որոշումներում, հայտարարություններում և այլն: Հայաստանի ազգային և պետական շահերը լավագույնս ներկայացված են այդ բանաձևերում, բոլոր մակարդակներում: Իհարկե սա գործընթաց է, որը չունի ավարտ, մշտական կատարելագործման, սխալների ուղղման, նոր գաղափարների գեներացիայի կարիք կա, և հանձնաժողովն այս հանգուցային դերակատարությունը իր վրա ստանձնելով՝ նաև որոշակի պատասխանատվություն ունի համակարգման և համադրված աշխատանքի համար բոլոր մակարդակներում: Կարծում եմ՝ այս խորհրդարանն ունի բոլոր կարողությունները, որպեսզի լավագույնս ներկայացնի Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին արտերկրում:

- Որո՞նք են եղել 2017թ-ին ՀՀ խորհրդարանական դիվանագիտության հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները:

- Այս հարցին պատասխանել չեմ սիրում: Պարզապես նշեմ, որ առավելությունն այն է, որ մենք ունենք նոր հնարավորություններ որպես խորհրդարան, որը գործելու է խորհրդարանական հանրապետության շրջանակներում նոր Սահմանադրությամբ: Խնդիրներն էլ ծագում են նրանից, որ մենք առաջին անգամ ենք կառավարման այս համակարգով աշխատելու: Մենք բոլորս պետք է հասկանանք սա, փոխենք ու փոխվենք, փոփոխենք միջավայրը, որպեսզի լավագույնս օգտվենք խորհրդարանական կառավարման մոդելի առավելություններից, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում:

Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մի շարք առավելություններ գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության նկատմամաբ, որովհետև ավելի ներկայացուցչական է, ավելի ազատ է, քանի որ ներկայացնում է տարբեր քաղաքական ուժեր և ավելի հանրային է: Այս առավելությունները հակադրման դաշտում չեն, այս առավելությունները համալրման դաշտում են, որովհետև որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ՝ կառավարության և խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն իրականացնում է նույն գործողություն: Մենք պարզապես գործադիրի տեսակետների մեխանիկական վերարտադրողը չենք, մենք այդ տեսակետների և որոշումների կայացման վրա ներազդելու ունակություն և մեխանիզմներ ունեցող մարմին ենք՝ նախևառաջ մտավոր աշխատանքի շնորհիվ, հետևաբար խորհրդարանական դիվանագիտությունը չի գալիս արձագանքելու կամ կրկնելու գործադիր իշխանության տեսակետները, այն գալիս է հարստացնելու և ուժեղացնելու գործադիր իշխանությանը տրված լծակները և կյանքի կոչելու որոշակի քաղաքականություն:

- Իսկ որո՞նք են լինելու 2018թ-ի աշխատանքային հիմնական ուղղությունները:

- Մենք ունենք ավանդական ուղղություններ, դա մեր եվրասիական կամ ռուսական ուղղությունն է, որի արտահայտումները շատ են՝ թե’ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի դաշնության երկու պալատների հետ, թե’ ՀԱՊԿ, թե’ Եվրասիական, թե’ ԱՊՀ ձևաչափեր: Իհարկե, մենք ունենք եվրոպական, ատլանտիկ ուղղություն, որն իր մեջ ներառում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները, Եվրոպայի Խորհրդի կառույցների հետ հարաբերությունները, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և այլն: Մենք ունենք նաև ցանկություն ավելի ակտիվ աշխատելու ասիական երկրների հետ՝ մասնավորապես մուսուլմանական աշխահի հետ, բայց ոչ միայն: Հետևաբար 2018թ-ին մենք պետք է զարգացնենք արդեն ավանդական եղած հարաբերությունները՝ քաղաքական նոր կապեր, հնարավորություններ ստեղծելով և բացենք նոր հորիզոններ: Մենք ունենք 59 բարեկամական խումբ, որոնց պոտենցիալը դեռ լավագույնս չի օգտագործվել, և այդ աշխատանքին իրական բովանդակություն հաղորդելու խնդիր կա՝ ստեղծելու բովանդակություն:

- Պարո’ն Աշոտյան, անդրադարձաք 2017թ-ին ստեղծված Վերլուծական խորհրդին, որը, կարծես թե, նոր քաղաքական մշակույթ է ձևավորել: Ի՞նչ հետագա ծրագրեր կան այդ խորհրդի հետ կապված:

- Երբ ձևավորվում էր Վերլուծական խորհուրդը, հոռետեսներն ասում էին, որ այդ խորհուրդը չի աշխատի, որովհետև Աշոտյանին պետք էր բացառապես միանվագ PR, կամ մասնագետներն անվճար չեն աշխատի, կամ խորհրդարանին դա պետք չի գա և այլն: Գոնե այս 8 ամիսներն ապացուցեցին, որ այդպես չէ: Իհարկե, բոլոր քաղաքական և հանրային գործիչներին PR պետք է, բայց մեր բոլոր նիստերը փակ են և PR-ի տեղ չկա: Իսկ PR-ի ցանկության դեպքում դաշտերը շատ են:

Մենք ուզում ենք աշխատել, և ես շնորհակալ եմ այն տասնյակ փորձագետներին, որոնց մեջ կան ինչպես շատ պատկառելի մարդիկ, այնպես էլ երիտասարդ մասնագետներ, ովքեր պատրաստ են հանրային, հասարակական հիմունքներով աշխատել ընդհանուր պետական, ազգային շահը բյուրեղացնելու և այն առաջ տանելու համար: Մենք մի քանի նիստ ենք գումարել, այս տարի ևս այդ նիստերը լինելու են: Նիստերի արդյունքում ստեղծվում են վերլուծական տեղեկանքներ, որոնք նեղ շրջանակներում շրջանառվում են (քաղաքական վերնախավի շրջանակներում, նաև Արցախում):

Վերլուծական խորհուրդը նաև միջազգայնացման հետաքրքիր հեռանկարներ է բացել, որովհետև մի շարք դեսպանատներ մեծապես հետաքրքրված են այս խորհրդի նիստերով, գալիս են, ներկա են, պատրաստակամություն են հայտնում համագործակցելու: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ կողմից ունենք նման հետաքրքրություններ:

Այս տարի, իհարկե, լավ կլինի, եթե կարողանանք որոշակի արտաբյուջետային միջոցներ գտնել խորհրդի գործունեության կազմակերպչական ծախսերը հոգալու համար: Օրինակ, շատ եմ ուզում ունենալ ներքին վերլուծական ինտերնետ պորտալ՝ ստեղծված խորհրդի բազայի հիման վրա, որը թույլ կտա մեկտեղել խորհրդի անդամ փորձագետների մտավոր աշխատանքի արդյունքները՝ հոդվածները, հրապարակումները և այլն: Ուզում եմ նաև արտագնա նիստերի, համատեղ նիստերի ձևաչափեր ունենալ: Ցանկություն կա նաև նախաձեռնել տարեկան քաղաքագիտական հոդվածների ժողովածուի հրապարակում: Կարծում եմ՝ խորհրդարանին էլ է դա պետք, և եթե այս տարվա առաջին կիսամյակում ինձ հաջողվի կազմակերպչական աշխատանքներ տանել դրական արդյունքով, ապա երկրորդ կիսամյակում, կարծում եմ, ականատեսը կլինենք ևս մեկ հետաքրքիր նախաձեռնության: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հովանու ներքո, ԱԺ քաղաքական աջակցությամբ մենք կունենանք այսպես կոչված վերլուծական, քաղաքագիտական տարեգիրք, որտեղ կարող են տպվել մեր լավագույն մասնագետների ամենահետաքրքիր հոդվածները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: