ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները

a1plus.am

Պետական պարգևներով որպես կանոն պարգևատրվում են  հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև պետությանը մատուցած բացառիկ այլ ծառայությունների համար: Պետական պարգևները խրախուսման բարձրագույն ձևն են։

Դրանցով պարգևատրված մարդիկ առանձնանում են հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով, պետության առջև կատարած սխրանքներով և հայրենանվեր քայլերով:

Հայոց բանակի օրվա խորհուրդն իր մեջ պարունակում է  անհրաժեշտություն՝ ևս մեկ անգամ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներին և դրանց նշանակությանը, և ևս մեկ անգամ խորին հարգանքով ու երախտագիտությամբ լցվել հայրենիքի նվիրյալների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում է հանրապետության Նախագահը:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը համարվում է «Հայաստանի ազգային հերոսի» կոչումը: Այն շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Այս կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

Մեր օրերում հաճախ ենք լսում Մարտական խաչ շքանշանի մասին, որը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: Մարտական խաչ շքանշանն ունի առաջին և երկրորդ աստիճան: Այն ևս կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար շնորհվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան: Այն ևս կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:


«Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը: «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

«Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության ու զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար: Կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:

Շքանշաններից զատ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվում են նաև մեդալներով: Այդ մեդալներն են Արիության մեդալը, Մարտական ծառայության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը, «Մարշալ Բաղրամյան» մեդալիը, «Անդրանիկ Օզանյան» մեդալիը , «Դրաստամատ Կանայան» մեդալը, «Գարեգին Նժդեհ» մեդալը, «Վազգեն Սարգսյան» մեդալը, «Նելսոն Ստեփանյան» մեդալը, «Ծովակալ Իսակով» մեդալը և «Մարտական հերթապահության համար» մեդալը: Դրանք շնորհվում են հայրենիքի պաշտպանության ոլորտում՝ տարբեր հայրենանվեր ծառայությունների կատարման համար:

Պետության անվտանգության ոլորտում բարձր գնահատելի ծառայություններ կատարած անձինք կարող են պարգևատրվել նաև կրծքանշաններով՝ «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ»: 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները այն պարգևներն են, որոնցով պարգևատրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները՝ Հայրենիքի նկատմամաբ բացառիկ ծառայությունների համար։

ԼՂՀ բարձրագույն կոչումն է «Արցախի հերոս» կոչումը։ Այս կոչմանն արժանացած մարդկանց հանձնվում է «Ոսկե արծիվ» շքանշանը:

Արցախի «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար։ 

«Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգևատրվում են մատուցած այնպիսի բացառիկ ծառայությունների համար, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ բարօրությանը։

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվում են էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին։

ԼՂՀ մեդալներն են «Արիության համար», «Մարտական ծառայություն», «Շուշիի ազատագրման համար», «Մխիթար Գոշ», «Վաչագան Բարեպաշտ», «Անանիա Շիրակացի», «Երախտագիտություն» մեդալները:

Պետական պարգևները հայրենանվեր գործունեությունը խրախուսելու լավագույն միջոցն են: Պետական պարգևի արժանանալը յուրաքանչյուրի համար ինչպես մեծագույն պատիվ է, այնպես էլ մեծագույն պատասխանատվություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: