ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի հայտնի հայազգի զինվորականները (Կարամանուկյան, Լահուդ, Կույումջյան)

Հայերը համաշխարհային պատմության մեջ գրավել են և դեռ շարունակում են գրավել աչքի ընկնող տեղ: Հայաստանն աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդավոր ռազմական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև մշակույթի, սպորտի, բիզնեսի և այլն: Շատ հաճախ մենք փաստում ենք, որ այս կամ այն համաշխարհային հռչակ վայելող անձը հայկական ծագում ունի: 

«Արմեդիա» ՏՎԳ-ն սկսել է աշխարհում տարբեր երկրների զինված ուժերում ծառայած բարձրաստիճան հայ զինվորականների գործունեության մասին պատմող նյութերի շարք: Ձեզ ենք ներկայացնում հայազգի տաղանդավոր զինվորականներ Արամ Կարամանուկյանի, Էմիլ Լահուդի, Հերնան Կույումջյանի  կյանքը ու պրոֆեսիոնալ գործունեությունը:

Արամ Կարամանուկյան Картинки по запросу Караманукян Арам

Ծնվել է 1910թ. Այնթափում: Մեծ եղեռնից հետո ընտանիքով հաստատվել են Հալեպում։ 1934թ.-ին ավարտել է ֆրանսիական բանակի սիրիական գնդերի համար սպաներ պատրաստող Դամասկոսի զինվորական դպրոցի հրետանային բաժինը։ 1938 թ.-ին մասնագիտության մեջ հմտանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա, 1945 թ.-ին՝ ընդունվել Փարիզի ֆրանսիական բանակի բարձրագույն ռազմական հաստատություն։ 1946 թ.-ին Սիրիայի անկախության ձեռքբերումից հետո Կարամանուկյանը մասնակցել է սիրիական ազգային բանակի կազմավորմանը։ 1948 թ.-ին Իսրայելի դեմ պատերազմում եղել է հրետանային գնդի հրամանատար, 1949–1957 թվականներին՝ սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատարը։ 1957 թ.-ին նշանակվել է Սիրիայի ռազմական կցորդ ԱՄՆ-ում։ 1964թ.-ից մասնակցել է իրավունքի դասընթացների Բեյրութի ֆրանսիական, ապա Փարիզի համալսարաններում, 1972թ.-ին ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։

1978թ.-ին ֆրանսերեն լեզվով լույս տեսած «Օտարականները և զինվորական ծառայությունը» գրքի գլուխներից մեկը նվիրել է Հայկական լեգեոնի պատմությանը՝ օգտագործելով նորահայտ փաստաթղթեր և նյութեր։

Արամ Կարամանուկյանը մինչ օրս էլ շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում միակ հայը, ով բարձրագույն զինվորական պարգևների է արժանացել ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում, Եգիպտոսում և Ֆրանսիայում:

Էմիլ ԼահուդКартинки по запросу Эмиль Лахуд

ծնվել է 1936 թ. հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի և Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է։ Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, ովքեր Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։

1962թ-ին Լահուդը ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1976թ.-ին նա արդեն երկրորդ կարգի կապիտան էր։ Այնուհետև 1980 թ.-ից ծառայել է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թ. հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։

1970թ.-ին Լահուդը նշանակվել է բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, իսկ 1980թ.-ին՝ բանակի աշխատակազմի ղեկավար։ 1983թ.-ին Պաշտպանության բանակում ստանձնել է վարչական պաշտոն՝ նրան է վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը: Փայլուն ծառայության համար արդեն 1985թ.-ին Լահուդին շնորհվել է փոխծովակալի կոչումը: 1989թ.-ին ստացել է գեներալի կոչում՝ դառնալով լիբանանյան բանակի գլխավոր հրամանատարը: 1998թ.-ին Էմիլ Լահուդը դարձել է երկրորդ հայը, ով հաղթել է Լիբանանի նախագահական ընտրություններում:

Հերնան Կույումջյան

Ծնվել է 1942թ. ապրիլի 14-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: 1957թ. ընդունվել է Ռազմածովային ակադեմիա, որն ավարտել է առաջին կարգի միչմանի դասային աստիճանով:

1962թ.-ին նշանակում է ստացել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում գտնվող ESMERALDA ռազմական նավատորմում: 1964 թ. նա անցել է վերապատրաստման հատուկ դասընթաց Բրիտանիայում և ծառայել որպես հածանավի օպերատիվ կետի հրամանատար: 1987թ. կապիտանի կոչումով ղեկավարել է ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի լոգիստիկայի բաժինը: 1988-ին նշանակվել է Փարիզում Չիլիի դեսպանատան ռազմածովային կցորդ: 1995թ.-ին Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ղեկավարն էր՝ արդեն փոխծովակալի կոչումով:

Կույումջյանը 2005 թվականից «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի» անդամ է, ինչպես նաև Չիլիում հայերի ազգային միության նախագահը: 2006 թվականին նա արժանացել է Չիլիի նավատորմի ծովակալի կոչմանը: 

Լինելով հայազգի առաջին  բարձրաստիճան զինվորականը Չիլիի ռազմածովային ուժերում՝ նա արժանացել է բազմաթիվ շքանշանների։ Նրա այգում Չիլիի դրոշի և ծովակալի զինանշանի կողքին ծածանվում է հայկական դրոշը։ «Հայկական եռագույնն ամենուր ինձ հետ է: Ձմռանը հայկական եռագույն շարֆ եմ կապում: Քույրս է գործել ինձ համար, և ես դա կրում եմ ամեն օր և ռազմածովային բոլոր արարողությունների ժամանակ: Երկու երկրները բաժանող տասնչորս հազար կիլոմետրը խոչընդոտ չէ. ես ինձ չափազանց հայ եմ զգում և հուզվում եմ այդ դրոշը տեսնելիս»,- նշել է տաղանդավոր հայորդին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: