ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի նոր խորհրդարանը կպայքարի՞ հանուն անկախության

El Pais

Հունվարի 17-ին իսպանական թերթերի և պարբերականների առաջին էջերին կրկին Կատալոնիայի դրոշն է. կատալոնական հանրաքվեն իր հետևանքներով դարձյալ ակտուալ են դարձել հասարակական քննարկումներում: Բանն այն է, որ հունվարի 17-ին նշանակված էր Կատալոնիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, և բոլոր հայացքներն ուղղվել են «անհաշտ» երկրամասի կողմը:

Սա տեղի է ունենում նախորդող մի շարք կարևորագույն իրադարձությունների ֆոնին՝ հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեն և դրան հաջորդած՝ անկախության հռչակումը, Մադրիդի կողմից երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումն ու երկրամասի ինքնավարության սահմանափակումը, Կառլես Պուչդեմոնի կառավարության տապալումը և կատալոնական մի շարք պաշտոնյաների ձերբակալությունը կամ փախուստը, և, անկասկած, դեկտեմբերի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Կատալոնիայի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը բաժին հասավ անկախական ուժերին` 70 մանդատ 135-ից, չնայած ամենաշատ քանակի ձայներ հավաքած «Քաղաքացիներ» կուսակցությունը միասնական Իսպանիայի կողմնակից էր:

Դեռևս ընտրություններից առաջ իսպանական հեղինակավոր «El Pais» թերթի պատվերով անցկացված հարցումները ցույց էին տվել, որ Կատալոնիայում քաղաքացիները քվեարկելու են անկախականների օգտին: Հարցման արդյունքները, փաստորեն, իրենց արդարացրեցին: Կարևոր է ընդգծել նաև, որ անկախության աջակից կուսակցությունները, չնայած միասնական ճակատով հանդես չեկան ընտրություններում, այժմ կարողանում են պահել սոլիդարությունը՝ թույլ չտալով պառակտում մտցնել իրենց շարքերում:

Ինչպես հայտնի է, Կատալոնիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Կատալոնիայի ձախ հանրապետական» կուսակցության պատգամավոր Ռոջեր Տորենտը: Այս կուսակցությունը երկրամասի անկախության շարժման ամենաակտիվ աջակիցներից է: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ նրա օգտին են քվեարկել անկախության աջակից բոլոր կուսակցությունները: Կառլես Պուչդեմոնի ներկայացրած՝ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ներկայացուցիչ Խոսեպ Կոստան ընտրվել է խորհրդարանի առաջին փոխնախագահ, իսկ երկրորդ փոխնախագահ է ընտրվել փաստացի ընդդիմություն համարվող «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Խոսե Մարիա Էսպեխոն:

Խորհրդարանի գործունեության մեկնարկով սկսվելու է նաև երկրամասում բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը, և խորհրդարանական մեծամասնությունը ժամանակ չի կորցրել՝ առաջադրելու իրենց թեկնածուներին:

Այսպիսով, խորհրդարանում մեծամասնություն ունենալը գործելու մեծ դաշտ և լայն հնարավորություններ կտա անկախականներին: Նրանք նույնիսկ դիտարկում են Կատալնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին առաջադրել նոր կառավարության ղեկին: Վերջինս, ինչպես հայտնի է, գտնվելով հետախուզման մեջ՝  ապաստան է գտել Բելգիայում, իսկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ոչ մի կերպ չի հանդուրժի Կատալոնիայում «անօրինական» կառավարության հաստատումը: Այս մասին Ռախոյի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Մադրիդը չի վերացնի Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները, եթե Կատալոնիայի կառավարության ղեկավարը չլինի «ցանկալի անձ»:

Իսկ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունն ու «Կատալոնիայի ձախ հանրապետականները» արդեն համաձայն են եկել Պուչդեմոնին առաջադրելու հարցում, ուստի կրկին նոր բախում կարելի է ակնկալել Մադրիդ-Բարսելոնա հարաբերությունների ձևաչափում՝ այս անգամ Կատալոնիայի իշխանության մարմինների շուրջ:

Այս նույն ուժերը միասին նախկինում հայտարարել էին, որ պաշտպանելու են Ռոջեր Տորենտի թեկնածությունը որպես երկրամասի խորհրդարանի ղեկավար, իսկ այժմ էլ վստահեցնում են, որ պայքարելու են Պուչդեմոնի համար: Առաջին իսկ նիստի ժամանակ Կատալոնիայի խորհրդարանի նորընտիր խոսնակը հայտարարել է, որ նախ պետք է դուրս գալ Մադրիդի ուղղակի վերահսկողությունից, ինչը, միանշանակ, հեշտ չի լինելու նույնիսկ խորհրդարանական մեծամասնության համար:

Ինչ վերաբերում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի և անկախության հռչակման գործով ձերբակալված գործիչներին, ապա նրանց մի մասը օրեր առաջ դիմել է Իսպանիայի Գերագույն դատարան՝ իրենց ազատ արձակելու խնդրանքով: Նրանք են Omnium Cultural ՀԿ-ի նախագահ Ժորդի Կուիշարը, «Կատալոնական ազգային ասամբլեա» ՀԿ-ի ղեկավար Ժորդի Սանչեսը, և Կատալոնիայի կառավարության ներքին գործերի հարցերով նախկին խորհրդական Ժոակիմ Ֆորնը: Վերջիններս Կատալոնիայի նոր գումարման խորհրդարանի պատգամավոր են ընտրվել «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ընտրացուցակով: Նրանք դատարանին խոստացել են՝ հրաժարվել պատգամավորական մանդատից, եթե իրենց խմբակցությունը հետ չկանգնի Կատալոնիայի անկախության մտքից:

Արդյո՞ք քաղաքական հայացքները փոխելն է նորընտիր պատգամավորների ազատության գինը:

Չնայած Մադրիդին հաջողվել է դեռևս պահպանել Իսպանիայի միասնականությունը, սակայն այն գործընթացը, որ սկսվել է Կատալոնիայում ոչ միայն շատ ավելի խոր արմատներ ունի, այլև զարգանալու միտում: Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու ձգտումը ունի ինչպես քաղաքական և ֆինանսա-տնտեսական լուրջ պատճառներ, այնպես էլ ազգային, լեզվական և այլ առանձնահատկություններով պայմանավորված գաղափարահոգեբանական ակունքներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: