ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ տվեց Նազարբաևի այցն ԱՄՆ-ին և Ղազախստանին

Dispatch News Desk

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն ԱՄՆ շատերի կողմից որակվեց որպես պատմական այց, որն, ի դեպ, տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ղազախստանի նախագահության ֆոնին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Նազարբաևն ընդգծել է, որ բարձր է գնահատում Վաշինգտոնի կողմից Աստանային ցուցաբերվող քաքաղաքական աջակցությունը: Նա հիշեցրել է, որ ինքը կենտրոնաասիական տարածաշրջանի առաջին նախագահն է, ով ժամանել է Վաշինգտոն՝ բանակցելու Թրամփի հետ, և դա իր համար մեծ պատիվ է:  

Նշենք, որ Նազարբաևը վերջին անգամ այցելել է ԱՄՆ 2016 թվականին, երբ երկրի նախագահ էր Բարաք Օբաման: Սակայն այժմ մի շարք փորձագետներ Ղազախստանի նախագահի այցն ԱՄՆ կարևորում են միջազգային խնդիրների ու հարաբերությունների տեսանկյունից: Խոսքը ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ղազախստանի դերի, ինչպես նաև ներդրումների մագնիտ դառնալու երկրի ձգտման մասին է: Ղազախստանը բացահայտ կերպով ցուցադրում է, որ ինքը փորձում է դառնալ միջազգային դերակատար:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Աստանայի հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն: ԱՄՆ-ն 1991 թվականի դեկտեմբերի 25-ին թվով երրորդ պետություն էր (Թուրքիայից և ՌԴ-ից հետո), որ ճանաչեց Ղազախստանի Հանրապետության անկախությունը: Իսկ 1992 թվականի հունվարին ԱՄՆ-ն առաջինն էր, որ դեսպանություն հիմնեց Ղազախստանում՝ Ալմաթիում, որն ավելի ուշ՝ 2006 թվականին, տեղափոխվեց Աստանա: Անկախության ճանաչումից մինչ օրս երկու երկրների միջև ձևավորվել են կառուցողական երկկողմ հարաբերություններ առևտրի, տարածաշրջանային անվտանգության, տնտեսական, քաղաքացիական հասարակության զարգացման օրենքի գերակայության, ժողովրդավարության և մի շարք այլ ոլորտներում: Ի դեպ, մի շարք փորձագետներ նշում են, որ այդ հարաբերությունները կառուցվել են միջուկային զենքի չտարածման հիման վրա: Եվ դա պատահական չէ, քանի որ ԱՄՆ-ն ակտիվ օգնել է Ղազախստանին միջուկային զենքից ազատվելու հարցում՝ այդ գործընթացի համար տրամադրելով ավելի քան 300 միլիոն դոլար:       

Երկու երկրների համագործակցության ևս մեկ հարթակ է հանդիսանում Աֆղանստանը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձնել տարածաշրջանի երկրներին և բազմիցս երախտագիտություն է հայտնել Աստանային Աֆղանստանում կայունության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Սակայն, Բարաք Օբամայի նախագահության տարիներին կենտրոնաասիական տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունն սկսեց նվազել, քանի որ վերջինս պատրաստվում էր դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից: Այժմ Աֆղանստանը, որտեղ շարունակում է մնալ ԱՄՆ կոնտինգենտը և պայքար է գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, կրկին հայտնվել է ԱՄՆ ուշադրության կիզակետում: Նշենք, որ Ղազախստանի համար աֆղանական թեմայի քննարկումը ևս կարևոր է տարածաշրջանային դիվանագիտության համատեքստում: Պաշտոնական Աստանան չի թաքցնում, որ ցանկանում է բարձրացնել իր դերակատարությունը կենտրոնաասիական տարածաշրջանում: Եվ բնավ պատահական չէ, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թրամփն ու Նազարբաևը քննարկել են Աֆղանստանի հարցը և արդեն իսկ պայմանավորվել են հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են նախաձեռնել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը:  

Նուրսուլթան Նազարբաևի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարևոր է Ղազախստանի համար նաև ղազախական տնտեսության մեջ ամերիկյան նոր ներդրումներ ներգրավելու համար: Նշենք, որ Նազարբաևի այցի ընթացքում ստորագրվել է 7 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 20 համաձայնագիր: Բացի այդ, Ղազախստանը գնել է 2,5 միլիարդ դոլարի ամերիկյան արտադրանք և ծառայություններ: Նշենք, որ սկսած 2005 թվականից ԱՄՆ-ն Ղազախստանում արդեն իսկ կատարել է 30 միլիարդ դոլարի ներդրում: Ղազախստանում գործում է ամերիկյան կապիտալի մասնակցությամբ մոտ 500 ընկերություն:       

Թրամփի և Նազարբաևի հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև երեք միջկառավարական համաձայնագիր: Դրանք են՝ միջազգային հարկային կարգուկանոնի մասին համաձայնագիրը, պետական օդանավերի աէրոնավիգացիոն սպասարկման համար վճար չվերցնելու մասին համաձայնագիրը և Ղազախստանի տարածքով կոմերցիոն երկաթգծային տրանզիտի ապահովման մասին համաձայնագրին կից արձանագրությունը:     

Նշենք, որ Նազարբաևի այցն ԱՄՆ կարող է շահավետ լինել ոչ միայն Ղազախստանի համար: Սա լավ հնարավորություն է Թրամփի համար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև վերադառնալ Կենտրոնական Ասիա՝ Ղազախստանին դարձնելով կամուրջ:  Վերջում հավելենք, որ Թրամփի հետ հանդիպումը միակ պատճառը չէ, որի համար Նազարբաևը մեկնել է ԱՄՆ: 2018 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը, որտեղ Նազարբաևի նախագահության ներքո հունվարի 18-ին տեղի են ունենալու դեբատներ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածում. վստահության միջոցներ» թեմայով:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: