ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենահետաքրքիրը՝ «Օսկար»-ի մասին

24 Канал

Կինոյի սիրահարներն արդեն սկսել են քննարկել «Օսկար - 2018»-ը, և շատերը կանխատեսում են, որ այս տարվա «Օսկար»-ի արդյունքները վերջին տարիների ընթացքում ամենաանկանխատեսելին են լինելու: Այս տարին առավել հաջող կարող է լինել բրիտանացի մասնակիցների համար, գրում է BBC-ն: Չի բացառվում, որ 5 անվանակարգերից 3-ում բախտը ժպտա հենց նրանց, մասնավորապես՝ Հարի Օլդմանին «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորելու համար, Դենիել Դեյ-Լյուիսին և Դենիել Կալուեին:

«Օսկար»-ի հավակնողների ցանկը գլխավորում է ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը»  (The Shape of Water) ֆիլմը, որը ներկայացված է 13 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս ֆիլմին հաջորդում է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» (Dunkirk) ռազմական դրաման, որը ներկայացված է 8 անվանակարգերում, որոնց թվում են նաև «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են նաև «Կոչի՛ր ինձ քո անունով» (Call Me by Your Name), «Մութ ժամանակներ» (Darkest Hour), «Հեռացի՛ր» (Get Out), «Լեդի Բըրդ» (Lady Bird),  «Երևակայական թել», (Phantom Thread), «Գաղտնի դոսյե» (The Post), «3 բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմերը։

«Լավագույն դերասան» անվանակարգում կպայքարեն դերասաններ Տիմոտի Շալամեն, Դենիել Դեյ-Լյուիսը, Դենիել Կալուեն, Հարի Օլդմանը, Դենզել Վաշինգտոնը: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Սալլի Հոքինսը, Ֆրենսիս Մանդորմանդը, Մարգո Ռաբբին, Սիրշա Ռոնանը և Մերիլ Սթրիփը: Ինչպես միշտ, Օսկար կհանձնվեն նաև հետևյալ անվանակարգերում. «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հագուստի դիզայն», «Լավագույն ձայնային մոնտաժ», ինչպես նաև «Լավագույն շպար»:

Հավելենք, որ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մարտի 4-ին, և այն կվարի ամերիկացի հայտնի դերասան, հաղորդավար Ջիմի Քիմելը:  

Ահա որոշ հետաքրքիր փաստեր «Օսկար» մրցանակաբաշխության մասին:

Սա ԱՄՆ գլխավոր և ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն է կինոյի ոլորտում, որն ամեն տարի գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: «Օսկար» շնորհվում է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից: Ի տարբերությունը բազմաթիվ այլ պրոֆեսիոնալ մրցանակաբաշխությունների, «Օսկար» շնորհվում է Ակադեմիայի անդամների ընդհանուր քվեարկության արդյունքում, այլ ոչ նախապես ընտրված ժյուրիի կողմից: Ամերիկյան կինաակադեմիան ունի քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան 5 հազար անդամ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուղղությունը: Այդ ուղղություններից առավել ներկայացուցչականը դերասանականն է: Ակադեմիայի յուրաքանչյուր ստորաբաժանում քվեարկում է միայն իր կատեգորիայում: Կինոակադեմիայի անդամները միասին քվեարկում են միայն մեկ կատեգորիայում. «Լավագույն ֆիլմ»:  

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհի տասնյակ երկրներում: Մինչև 1976 թվական միջոցառումը հեռարձակել է NBC ալիքը, այժմ այդ իրավունքը պատկանում է ABC-ին: Նշենք, որ «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1929 թվականին: Ուշագրավ է, որ մրցանակաբաշխության գոյության ողջ ընթացքում այդ միջոցառումը հետաձգվել է երեք անգամ։ Առաջինը 1938 թվականին էր՝ կապված Լոս Անջելեսում ավերիչ ջրհեղեղի հետ, ապա 1968 թվականին՝ կապված Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ և 1981 թվականին՝ կապված նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ իրականացված մահափորձի հետ։

Նշենք նաև, որ կարմիր գորգը, որի վրայով անցնում են կինոյի համաշխարհային աստղերը, մոտ 150 մետր է, լայնությունը՝ 10: Այն բաղկացած է մի քանի գլանափաթեթից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 135 կիլոգրամ, իսկ դրա ընդհանուր քաշը 5 տոննա է: Գորգը կինոթատրոն է բերվում միջոցառումից 4 օր առաջ 2 հսկայական բեռնատար մեքենաներով: Այն փռելու համար անհրաժեշտ է 2 օր և 21 մարդ:  Միջոցառումից անմիջապես հետո գորգը սկսում են հավաքել, և դա տևում է ընդամենը 4 ժամ:

Ինչ վերբերվում է «Օսկար»-ի հայտնի արձանիկին, ապա դրա դիզայնը պատկանում է Սեդրիկ Հիբոնսոնին: Յուրաքանչյուր արձանիկ պատված է ոսկով: Դրա բարձրությունը 34 սանտիմերտր է, իսկ քաշը՝ 3,85 կիլոգրամ: Արձանիկն այսօր ունի նույն տեսքը, ինչ ունեցել է «Օսկար»-ի առաջին մրցանակաբաշխության ժամանակ: Նշենք, որ բացի ոսկե արձանիկից հաղթողներն ստանում են նաև արժեքավոր նվերներ շոուի հովանավորներից:

Եվ, իհարկե, չենք կարող չնշել «Օսկար»-ի ռեկորդների մասին։ Այսպես, Ստացած ոսկե արձանիկների թվով ռեկորդակիր մինչ օրս հանդիսանում է Walt Disney Pictures-ի հիմնադիր Ուոլթ Դիսնեյը (26 մրցանակ)։ Մրցանակների քանակով (11 մրացանակ) ռեկորդը կիսում են 3 ֆիլմ․ «Բեն-Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը․ արքայի վերադարձը» (2003)։ Վերջին ֆիլմըն աննախադեպ հաջողություն է ունեցել՝ բոլոր 11 մրցանակները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: