ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018 թվականին Հայաստանը մի շարք երկրների քաղաքացիների համար կազատականացնի վիզային ռեժիմը. Վ. Կարմիրշալյան (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյան

 


- Պարո՛ն Կարմիրշալյան, վերջին շրջանում Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացման վրա: Ո՞ր երկրների քաղաքացիներն են առավել շատ դիմում ՀՀ վիզա ստանալու համար:

Դուք իրավացի եք: ՀՀ կառավարությունը նպակատադրել է 2017-2022 թվականների ընթացքում իրականացվելիք միջոցառումների արդյունքում տարեկան կտրվածքով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: ՀՀ Կառավարության կողմից հաստատված ծրագրի իրականացման արդյունքում կկատարելագործվի զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական դաշտը, զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական նոր պահանջներ կսահմանվեն և կներդրվեն դրանց ապահովման մեխանիզմները: Կարևոր նշանակություն կունենան մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի պահանջից ազատելու, կամ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացմանն ուղղված քայլերը:  

Տեղեկացնեմ, որ դեռևս 2016 թվականի օգոստոսին ուժի մեջ է մտել Հայաստանի և Իրանի միջև ստորագրված առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրը, որով վերացվել է երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը: Ի դեպ, եթե 2016 թվականին զբոսաշրջության նպատակներով Հայաստան մուտք են գործել շուրջ 190.000 Իրանի քաղաքացի, ապա 2017 թվականի ընթացքում` մոտ 221.000,  այսինքն` 31.000 քաղաքացիներով ավելի:

Նույն թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ Չինաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերել ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա համակարգի միջոցով:

2017 թվականին ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է միակողմանի առանց մուտքի արտոնագրի վիզային ռեժիմ, իսկ Հնդկաստանի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել ՀՀ մուտքի արտոնագիր ստանալ նաև ՀՀ սահմանը հատելիս:

2018 թվականին նախատեսվում է, որ վիզայի պահանջից ազատելու մասին որոշումներ կընդունվեն մի շարք այլ երկրների քաղաքացիների համար, մասնավորապես` Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի:

Դա պայմանավորված է վերոհիշյալ երկրների քաղաքացիների` տարեցտարի Հայաստանի նկատմամբ հետաքրքրության և մեր երկիր այցելելու ցանկության աճով:

- Ո՞րոնք են ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման հիմնական պատճառները և ո՞ր երկրների քաղաքացիներն են առավել շատ բարդություններ հանդիպում ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու հարցում:

- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված են մի շարք հանգամանքներ, երբ օտարերկրացիների մուտքի արտոնագրի տրամադրումը, կամ դրա ժամկետի երկարաձգումը մերժվում է, կամ տրամադրված մուտքի արտոնագիրն ուժը կորցրած է համարվում, կամ մուտքը ՀՀ տարածք արգելվում է:

Այս օրենքի համաձայն, ՀՀ մուտքի արտոնագիր չի տրամադրվում, եթե օտարերկրացին մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանում ունի այլ նպատակ, քան հայտարարվել է, կամ գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ սպառնալիքներ և այլն:

Այսօրվա դրությամբ, աշխարհի 55 պետությունների քաղաքացիներ կարող են Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի, 77 պետությունների քաղաքացիներ ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա համակարգի միջոցով: Սակայն գոյություն ունի նաև 63 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստան կարող են այցելել միայն հրավերով և միայն ՀՀ մուտքի արտոնագիրը ստանալով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Այդ ցանկում ընդգրկված են, հիմնականում, մի շարք ոչ կայուն քաղաքական իրավիճակում գտնվող կամ Հայաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող աֆրիկական, արաբական, ասիական երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Աֆղանստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Նիգերիան և այլն:  

- Հաշվի առնելով արտերկրում մեծաթիվ հայերի առկայությունը և ՀՀ քաղաքացիների զբոսաշրջային նախընտրությունների աշխարհագրության ընդլայնումը՝ ո՞րքանով են ՀՀ քաղաքացիների համար հասանելի ՀՀ կողմից տրամադրվող հյուպատոսական ծառայությունները: ՀՀ քաղաքացիներն առավել շատ հյուպատոսական ո՞ր ծառայությունների համար են դիմում:

Հայաստանի Հանրապետությունն ունի 51 դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ 41 օտարերկրյա պետություններում: Նրանցից շատերը հավատարմագրված են ոչ միայն դեսպանընկալ երկրում, այլև` փոխադարձ համաձայնությամբ, ՀՀ շահերն են ներկայացնում նաև հարևան պետություններում: Բոլոր ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների ուղղակի պարտականությունների մեջ է մտնում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Նշեմ, որ 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատակազմի կողմից սպասարկվել է ավելի քան 150.000 քաղաքացի:

Որպես կանոն՝ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիներն առավելապես դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու, անձնագիրը փոխանակելու, անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև՝ դեպի Հայաստան վերադարձի վկայական ստանալու խնդրանքով: Նման հարցերով 2017թ. ընթացքում սպասարկվել է ավելի քան 50.000 ՀՀ քաղաքացի: Շատ են դիմումները քաղաքացիության հարցերով: Գրանցվում են ծնունդներ, ամուսնություններ, և այլ քաղաքացիական կացության ակտեր: Քիչ չեն դիմումները կապված օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու, նրանց օրինական շահերը պաշտպանելու խնդրանքով: Այս առումով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները 2017 թ. ընթացքում աջակցություն են ցուցաբերել շուրջ 660 ՀՀ քաղաքացիների:

Վերջին տարիներին որոշ ՀՀ քաղաքացիներ իրենց արձակուրդները նախընտրում են անցկանցնել էկզոտիկ աֆրիկյան կամ ասիական երկրներում, Ավստրալիայում, որտեղ Հայաստանն առայժմ չունի դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, և երբեմն այնպիսի իրավիճակներում են հայտնվում, երբ իրավաբանական խորհրդատվություն, հյուպատոսական աջակցություն ստանալու հրատապ անհրաժեշտություն է առաջանում: Այս դեպքերում նրանց օգնության է գալիս ՀՀ ԱԳՆ թեժ գիծը: Ստանալով ՀՀ քաղաքացիների դիմումները ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության աշխատակիցները հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն են ցուցաբերում նրանց, այն դեպքերում, երբ քաղաքացին կորցրած է լինում իր բոլոր փաստաթղթերը` օգնում նրան Հայաստան վերադառնալու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: