ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիային Պիկասոյի, Դալիի ու Մոնեի կտավներին ծանոթացրած հայը` Րաֆֆի Փորթաքալը

Gazetekarinca.com

Թուրքական gazetekarinca.com կայքը հոդված է հրապարակել հայտնի հայ աճուրդավար ու թանգարանի տնօրեն Րաֆֆի Փորթաքալի մասին, փոխանցում է Akunq.net-ը։ Պիկասոյի կտավներն առաջին անգամ Թուրքիա բերած Րաֆֆի Փորթաքալը  սերում է Շիշլիում բնակվող արվեստագետ ընտանիքից։ Նա այդ ընտանիքի երրորդ սերունդն է։

Րաֆֆի Փորթաքալը Թուրքիայի ամենահայտնի աճուրդ կազմակերպողներից ու արվեստագետներից մեկն է։ Մասնագիտությունն ու կենսակերպը ժառանգել է իր ընտանիքից։ Րաֆֆիի պապը՝ Երվանդը,  Փորթաքալ արվեստի ու աճուրդի վարման տունը հիմնադրել է 1914 թ․։ Երվանդը Փակ շուկայի (Kapalı Çarşı` արևելյան շուկա Ստամբուլում-Ակունքի խմբ.) ու Փերա թաղամասում իր խանութ-պատկերասրահն էր աշխատեցնում։ Երվանդի որդին՝ Արեթն էլ է շարունակել ընտանեկան գործը։

Րաֆֆին շեշտում է, որ այդ գործը 100 տարուց ավելի է` շարունակում են անել, ապա ավելացնում է․ «Ես բախտավոր եմ, քանի որ իմ պապն ու հայրը դեռ այն ժամանակվանից իրենց և ընտանիքի համար անուն են ստեղծել։ Այս գործում ես երրորդ սերունդն եմ։ Հեշտ չէ։ Եթե հաշվի առնենք, որ մեր արվեստի տունը ավելի հին է, քան Թուրքիայի Հանրապետությունը, ապա կարող եք պատկերացնել, թե ինչքան բարդ է նման մեծ շուկայում գործը շարունակել»։

Րաֆֆի Փորթաքալն իր կյանքի պատմությունը սկսում է Հակոբ Քոուրքենի մասին պատմելուց։ Քորոյի պրոդյուսեր և ռեժիսոր Քոուրքենը միևնույն ժամանակ դպրոց է բացել, մի շարք ստեղծագործություններ գրել։ Հակոբը Րաֆֆիի մորական պապիկն է։ Գրաբարի պահապան Քոուրքենը հայկական դպրոցներում գրաբարը նորից ուսուցանելու նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն 1915 թ․ մահացել է․ «Ջարդերի ընթացքում Կ.Պոլսի մտավորականներին հավաքել են և ձերբակալել։ Նրանց մեջ էր նաև պապս։ Հակոբ Քոուրքենը անհետացել էր։ Նա մահացել է 1915 թ․»։

Րաֆֆիի հայրական կողմից պապ Երվանդ Փորթաքալը ծնվել է 1883 թ․ Ստամբուլում և 1914 թ․ սկսել է հավաքել  արվեստի գործեր ու աճուրդներ կազմակերպել։ Րաֆֆիի հայրական տատ Վերգինե Փորթաքալը դասական երաժշտության սիրահար էր։ Նրանց աղջիկները՝ Աշխենն ու Ռիտան, երաժշտական կրթություն են ստացել, այնուհետև հայտնի դարձել Ստամբուլում գտնվող արվեստագետ հայերի շրջանում, իսկ Վերգինեի որդին՝ Արեթը, շարունակել է ընտանեկան  գործը։

Րաֆֆիի մորական կողմը սևծովյան քաղաքներից մեկից էր ՝ Օրդուից։  1915 թ․, երբ հայերը տեղահանվեցին Օրդուից, Րաֆիի պապը՝ Էվրենսել Պողոս աղան, երկու երեխա ուներ։ Նա և նրա կինը գիտեին, որ հայերը մնացած վայրերում սպանվել են։ Զույգը երեխաներից մեկին թողել է մի թուրքական ընտանիքում, մյուսին՝ մի հունական ընտանիքում ու փախել։ Րաֆֆիի մորական տատը հմուտ դերձակ էր։ Այդ փաստը փրկում է զույգին։ Երբ նրանք  հասել են Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ․), Մալաթիա, կինը սկսել է աշխատել քաղաքապետի կնոջ համար։ Երկվորյակ աղջիկներին՝ Մանիկին( Րաֆֆիի մայրը) և Անահիտին, Մալաթիայում է լույս աշխարհ բերել։ 1918 թ․, երբ վերջ է տրվել հայերի վրա հարձակումներին, ընտանիքը նախ տեղափոխվել է Սամսուն, ապա՝ Օրդու։ Սակայն զույգին չի հաջողվել գտնել իրենց  մյուս զավակներին։ Ընտանիքն այլև նրանց չի տեսել։

Ինքը՝ Րաֆֆի Փորթաքալը, ծնվել է 1946 թ․, Ստամբուլում ու սովորել Շիշլիում գտնվող Մխիթարյան դպրոցում։ Այն ավարտելուց հետո Ստամբուլի համալսարանում սկսել է հոգեբանություն ուսանել։ Տարիներ անց էլ աճուրդներ անցկացնելու համար ունեցած տաղանդը զարգացնելու համար գնացել է Փարիզ։ Երբ Րաֆֆին Ստամբուլում էր, արվեստի գործեր հավաքող ու դրանք աճուրդի հանող հոր հետ էր լինում․ «Իրականում հայրս հիանալի արվեստագետ էր։ Աճուրդներ անցկացնելու գիտակ էր։ Աճուրդներին մասնակցած բազմաթիվ անձինք ապշում էին իրենց տեսածից, բերանները բաց էին մնում»։

Րաֆֆի Փորթաքալը 2004 թ․ հավաքածու ունեցող եվրոպացիների հետ սկսել է կապ հաստատել։ Հավաքել է Պիկասոյի նկարներն ու Թուրքիայում առաջին անգամ նրա նկարների ցուցահանդեսը կազմակերպել։ Մինչ օրս պահել է այդ ցուցահանդեսից մնացած թերթի պատառիկները․ «Այս «Hürriyet»-ը Թուրքիայում ամենամեծ թերթն է։ Եվ նայե՛ք այս թերթի առաջին էջին․ «Պիկասոն Նիշանթաշըում», լավ իսկ սա`  «Պիկասոն ու ես»»։ Պիկասոյի գործերի ցուցադրությանը որոշ ժամանակ անց հաջորդել են  Մոնեի, Ռենուարի, Դալիի ու այլ համաշխարհային հայտնի դեմքերի գործերը։

Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի հավաքածուն ներկայացնող խմբի ղեկավար Րաֆֆին խոստովանում է, որ միշտ թուլություն է ունեցել ազգությամբ հայ արվեստագետների նկատմամբ։ Ինքը իրականում Իվան (Հովհաննես-Ակունք խմբ․) Այվազովսկու երկրպագուն է։ Արվեստագետի ստեղծագործությունները երբեմն ցուցադրվում են Փորթաքալ պատկերասրահում․ «Ընտանիքիս համար Այվազովսկին արվեստի  գագաթնակետն էր, կուռք էր։ Ես դեռ փոքր էի, երբ հայրս պատմում էր Այվազովսկու գործերի յուրահատկության մասին»։

Փորթաքալ արվեստի ու աճուրդների անցկացման տանը ամեն տարի ամենաքիչը 2 աճուրդ է կազմակերպվում․ «Ամեն աճուրդի հետ մեկտեղ, մեր անունն ավելի հայտնի դարձնելու համար շուկայում կամ այլ վայրում չեղած հազվագյուտ կտավներ ենք փորձում գտնել։ Փորթաքալ ընտանիքը միշտ դրամից ավելի մեծ կարևորություն է տվել անվանը։ Դա ընտանիքի չգրված օրենքն է։ Մի տեսակ հիվանդություն է»։

Արվեստի տունը, աճուրդ կամ ցուցահանդես կազմակերպելու հետ մեկտեղ, շարունակում է նաև անհամար գրքեր ու կատալոգներ հրատարակել։ Րաֆֆի Փորթաքալը այսօր ընտանեկան գործը շարունակում է վարել իր միակ դստեր՝ Մայայի հետ։ Երկուսը միասին նպատակ ունեն աշխարհի տարբեր վայրերում փոքրիկ պատկերասրահնել բացել՝ հազվագյուտ արվեստի նմուշներ ցուցադրելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: